Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց պատվավոր քաղաքացու

Դեկտեմբեր 09,2003 00:00

Առանց պատվավոր քաղաքացու Այս տարվա դեկտեմբերի 7-ը Գյումրիում նշվեց առանց Գյումրիի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի: Չնայած բողոքավոր շատ գյումրեցիներ այս օրը «սրտատրոփ» սպասում էին նրան: Գյումրի այցելեցին միայն որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մասնավորապես, Արդարություն դաշինքի մի քանի պատգամավոր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: Ի տարբերություն նախորդ տարիների, մարզային ու քաղաքային իշխանություններն իրենց նեղություն չէին տվել երկրաշարժի 15-րդ տարելիցը նորմալ կազմակերպելու: Այդ օրը սովորականի պես չուղեկցվեց մեծ միջոցառումներով կամ ելույթներով: Կարելի է ենթադրել, որ պատճառը կամ բարձրաստիճան պաշտոնյաների Գյումրի չայցելելն էր, կամ էլ մարզային ու քաղաքային իշխանությունների միմյանց նկատմամբ ընդգծված անբարյացակամ վերաբերմունքը: Ինչը, ի դեպ, զգալի էր զոհերի հուշարձան այցելության ժամանակ: Տեղական իշխանություններն այնտեղ ներկայացան ոչ թե միաժամանակ, այլ հերթով: Մարզային իշխանությունների հեռանալուց հետո միայն ներկայացավ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր թիմով՝ ավագանու անդամներով: Նույնիսկ կարելի էր զգալ, թե ով ում բարեկամն էր կամ թշնամին: Ինչպես նկատեց մասնակիցներից մեկը. «Անգամ զոհերին իրենց հաշիվների մեջ խառնեցին»: Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի պարզաբանմամբ, մեծ միջոցառում չկազմակերպելու պատճառն այն էր, որ «ամեն մարդ իր խղճի, նահատակների ու շիրիմների հետ լինի»: Իսկ Գյումրի այցելած ընդդիմության ներկայացուցիչները իշխանություններին քննադատելու առիթը բաց չթողեցին: Ստեփան Դեմիրճյանը գովերգելով Քըրք Քըրքորյանին, միաժամանակ նկատեց, որ վերջինիս միջոցներով իրականացվող շինարարությունը չի կարելի քարոզչական նպատակներով օգտագործել: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Արամ Սարգսյանի ու Ալբերտ Բազեյանի կարծիքով էլ «Լինսի» հիմնադրամի միջոցների ճիշտ օգտագործումը գյումրեցիներին կարող էր ապահովել ոչ միայն բնակարաններով, այլ աշխատատեղերով: «Մի՞թե աշխատատեղեր ունեցող գյումրեցին չէր կարող սեփական միջոցներով տուն կառուցել: Ծիծաղելի է ասել, որ այս վիճակով քաղաքը աղետի գոտուց արդեն վերածվել է զարգացման գոտու»,- ասաց Արամ Սարգսյանը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել