Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 11,2003 00:00

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ «Ա1+»-ն այսօր դարձյալ կդիմի Տնտեսական դատարան՝ «Սինեմաքս» ընկերությանը մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՀՌԱՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Նորից են դիմում ոչ այն պատճառով, որ համաձայն են այն հիմնավորումներին, որով այդ դատարանի դատավոր Խուդկարյանն օրերս մերժեց ընդունել նախորդ դիմումը: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որը ներկայացնում է «Ա1+»-ի շահերը՝ մի շարք հակափաստարկներ շարադրեց դատավորի այն հիմնավորումներին, թե «Հայցապահանջի հիմքերը, ապացույցի բնօրինակները հայցադիմումին չեն կցվել», նաեւ «կցված չէ իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա կանոնադրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի շահերի իրավունք ունեցող անձի պաշտոնական կարգավիճակը կամ լիազորությունը հաստատող փաստաթուղթ»: Մեջբերենք մասնավորապես վերջին հիմնավորմանը պրն Տեր-Եսայանի հակափաստարկը. «Մենք դատարան էինք դիմել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 26-րդ գլխի պահանջների համապատասխան՝ պետական մարմնի օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Եվ արել էինք այդ գլխի 161 հոդվածի պահանջներին համապատասխան ձեւակերպումներ: Սակայն դատարանը հղում էր արել ՔԴՕ 13 գլխի 87, 88 հոդվածներին: Բայց սա դիմում էր՝ ոչ հայցադիմում, ուստի կարիք չկար կիրառել այդ հոդվածները մերժման հարցում: Իսկ եթե անգամ առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ դատարանն այն ընդունել էր իբրեւ հայցադիմում՝ վերոհիշյալ հոդվածներում չի ասվում, թե հայցադիմումը պիտի ունենա այդ ձեւն ու բովանդակությունը: Նշված է, որ հայցադիմումը ստորագրում է հայցվորը եւ նման բան չկա, որ կնիքով ու ստորագրությամբ, կամ գուցե՝ ծագումնաբանությամբ ու վկաներով պիտի հաստատես, թե դիմողն ունի այդ կարգավիճակը կամ լիազորությունը: Մենք դիմումը շատ պատշաճ էինք ձեւակերպել, բայց հաշվի առնելով, որ «Մելտեքսի» նախագահ Մեսրոպ Մովսեսյանը չի ցանկանում, որ իրավաբանական ձեւակերպումների շուրջ բանավեճի մեջ մտնենք, որի պատճառով խնդրի լուծումն էլի կձգձվի՝ ժամանակ շահելու համար նորից ենք ներկայացնելու դիմումը»: Նախորդ դիմումին թերեւս միայն հավելվի լիազորագիր: Հուսանք, որ տնտեսական դատարանն այս անգամ էլ սահմանված ժամկետի խախտմամբ՝ այսինքն, եռօրյա ժամկետից հետո որոշում չի կայացնի դիմումը վերադարձնելու կամ չվերադարձնելու վերաբերյալ: Եվ բացի այդ՝ «Ա1+»-ից չէ, որ կպահանջի «Սինեմաքսի» մրցութային փաթեթի բնօրինակը, որը ՀՌԱՀ տրամադրության ներքո է: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել