Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՄ, ՄՈՍԿՎԱՅՈՒՄ՝ ԱՇԽԱՏՈՒՄ»

Դեկտեմբեր 11,2003 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՄ, ՄՈՍԿՎԱՅՈՒՄ՝ ԱՇԽԱՏՈՒՄ» Ասում է հայտնի ջութակահար Ռուբեն Ահարոնյանը Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ Ռուսաստանի Բորոդինի անվան լարային քառյակը։ Համերգը նվիրված էր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի կազմակերպած «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում էր։ Քառյակի առաջին ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ահարոնյանը բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»։ Ջութակահարը գերադասում էր ավելի շատ խոսել քառյակի իր գործընկերների, քան իր մասին։ Ռ. Ահարոնյանը տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս նշվել է Բորոդինի անվան լարային քառյակի 55-ամյակը։ Այդ ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում կայացած քառյակի շուրջ 5 հազար համերգների շնորհիվ հանդիսատեսը հաղորդակից է դարձել տարբեր ազգերի ու դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Սա աննախադեպ երեւույթ է ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող ռուսական կվարտետային մշակույթում։ «Քառյակի թավջութակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Վալենտին Բեռլինսկին 1944 թվականից նվագել է հայազգի ճանաչված երաժիշտ Միխայիլ Տերյանի ղեկավարած քառյակում, որը հետագայում ստացել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ քառյակի կարգավիճակ։ Իսկ 1955-ից այն կրել է Բորոդինի անունը»,- տեղեկացրեց Ռ. Ահարոնյանը։ Նա ներկայացրեց քառյակի ամենակրտսեր արտիստին՝ 34-ամյա ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Նայդինին, որը կոլեկտիվում աշխատում է 1995-ից։ «Քառյակում երկարամյա արտիստ է (1974-ից) երկրորդ ջութակահար Անդրեյ Աբրամենկովը, որն, ի դեպ, փոքր հասակում իբրեւ դիսկանտ երգել է Մեծ թատրոնի երգչախմբում»,- շարունակեց պարոն Ահարոնյանը։ Հետաքրքրվեցինք, Ռ. Ահարոնյանի ջութակը գողանալու նոր փորձ չի՞ արվել 70-ականների վերջին՝ Երեւանում կատարված հայտնի դեպքից հետո։ «Նվագում եմ նույն գործիքով, որ պատրաստել է Անտոնիո Ստրադիվարիուսը 1710 թվականին, քառյակի մյուս երաժիշտներն էլ նվագում են «կոլեկցիոն» երաժշտական գործիքներով»,- պատասխանեց նա։ «Առավոտի» հաջորդ՝ «Հնարավոր չէ՞ Արամ Խաչատրյանի որեւէ ստեղծագործության փոխադրումը լարային քառյակի համար» հարցին ի պատասխան, Ռ. Ահարոնյանն ասաց. «Իհարկե, հնարավոր է, բայց փոխադրման ժամանակ այնուամենայնիվ կորուստներ լինում են։ Իսկ ես չեմ ուզում գնալ դրան, որովհետեւ համաշխարհային մեծության կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի յուրաքանչյուր երկ արդեն բարձր որակով ներկայացված է աշխարհին»։ Բացի այդ, ըստ ջութակահարի, երեւանյան համերգի ծրագիրը՝ նվիրված Խաչատրյանի 100-ամյակին, պատահական չէր ընտրված։ Առաջին բաժնում ներկայացված էին Նիկոլայ Մյասկովսկու ու Դմիտրի Շոստակովիչի կվարտետները՝ այս կոմպոզիտորները Խաչատրյանի մտերիմներն ու կոլեգաներն են եղել։ Ռ. Ահարոնյանը փաստեց, որ խաչատրյանական տարում ե՛ւ ինքը, ե՛ւ քառյակը հենց տարեսկզբից Եվրոպայում եւ Ամերիկայում բազմիցս մասնակցել են հոբելյանական տարվա միջոցառումներին։ Հանրահայտ երաժիշտներն էլ հաճախ «ապահովագրված» չեն ստեղծագործական պրոբլեմներից։ «Հե՞շտ եք հաղթահարում դրանք» հարցի առնչությամբ երաժիշտն ասաց. «Շատ հանգիստ, առանց խուճապի մատնվելու, որովհետեւ աշխարհը հարուստ է պրոբլեմներով։ Եթե ամեն հարցի շուրջ կրքեր բորբոքվեն ու բոլորն իրար խառնվեն, միեւնույն է, դրանից պրոբլեմը չի լուծվի»։ «Չե՞ք պատրաստվում վերադառնալ հայրենիք» հարցին էլ Ռ. Ահարոնյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «1982-ից Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն էի։ Ավելի վաղ, 1971-ից՝ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1996-ին մասնակցեցի Բորոդինի անվան լարային քառյակի առաջին ջութակահարի թափուր տեղի համար մրցույթին եւ ընդունվեցի աշխատանքի։ Երեւանում բնակարանս չեմ վաճառել, ազգանունս չեմ փոխել, ամեն տարի գալիս եմ Հայաստան։ Կարոտել եմ նաեւ մանկավարժական աշխատանքին։ Երեւանի կոնսերվատորիայից հրավեր ստանալու դեպքում անպայման կգամ։ Ես այստեղ եմ՝ Հայաստանում։ Այնտեղ՝ Մոսկվայում, ուղղակի աշխատում եմ։ Երբեք մտքովս չի անցել ընդմիշտ հեռանալ հայրենիքից»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել