Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Դեկտեմբեր 12,2003 00:00 Share

ԱՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ Երեկ ավարտվեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն Հույն փիլիսոփա Զենոնի հայրենիքում Վերջին օրը խորհրդարանի ղեկավարն ու նրան ուղեկցող պատգամավորական խումբը հանդիպումներ ունեցան Կիպրոսի արտգործնախարարի պաշտոնակատար, ՆԳ նախարար Անդրեաս Քրիստոսի հետ։ Կիպրոսի ՆԳ նախարարը նաեւ տարածքային կառավարման նախարար է, այսինքն՝ նա բավականին մեծ ոլորտ է ղեկավարում եւ ազդեցիկ քաղաքական գործիչ է։ ՆԳ նախարարի հետ զրույցում Արթուր Բաղդասարյանը կարեւորեց մուտքի եւ ելքի վիզաների հարցը։ Արթուր Բաղդասարյանը փոխանցելով հայ համայնքի խնդրանքը, ասաց, որ ցանկալի կլինի ուղիներ փնտրել Կիպրոս-Հայաստան վիզային պայմանները ավելի հեշտացնելու համար։ Կիպրոսի ՆԳ նախարարը նկատեց, որ վիզային հարցերը բավականին հեշտությամբ կարելի է լուծել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով։ Երեկ, օրվա առաջին կեսին Արթուր Բաղդասարյանի ղեկավարած պատվիրակությունը այցելեց Մելկոնյան կրթահամալիր։ Աշակերտներն ու ուսուցիչները ջերմորեն ընդունեցին հայրենիքից եկածներին, հանդես եկան փոքրիկ գեղարվեստական ողջույնով։ Խոսվեց կրթահամալիրի խնդիրների մասին (ավելի մանրամասն՝ առաջիկայում)։ Լառնակա քաղաքում մեկնումից առաջ հայ խորհրդարանականների խումբը հանդիպեց քաղաքապետի եւ մարզպետ Անդրեաս Մորգեոսի հետ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նավահանգույց այս քաղաքում, որն, ի դեպ, նաեւ մ.թ.ա. 320 թ. հույն փիլիսոփա Զենոնի ծննդավայր-քաղաքն է, տեղադրել հուշարձան՝ ի նշան կիպրոսցիների եւ հայերի պատմական բարեկամության։ Արձանի նախագծման համար կհայտարարվի մրցույթ։ Ուշ երեկոյան մեր պատվիրակությունը վերադարձավ Երեւան։ Ամփոփում «Զվարթնոց» օդանավակայանում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիսում ամփոփեց այցի արդյունքները. «Կիպրոսի Հանրապետություն մեր պաշտոնական այցը բավական գործնական էր եւ այցի արդյունքում բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Ամենակարեւորները փորձեմ համառոտ ներկայացնել։ Հայ-կիպրական տնտեսական համագործակցությանն ուղղված պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Հաջորդ տարի Երեւանում կկազմակերպվի գործարար համաժողով, Հայաստան կգան մոտ 30 կիպրոսցի գործարարներ։ Կիպրոսի առեւտրաարդյունաբերական պալատը կհամագործակցի Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի հետ։ Շատ կարեւոր է, որ կստեղծվի հայ-կիպրական գործնական ասոցիացիա, մեզ հավաստիացրեցին, որ հունվարին ասոցիացիան կգրանցվի, որը կիպրական կողմին հնարավորություն կտա ներկայացուցչություն ունենալ Հայաստանում եւ կփորձի աշխուժացնել գործարար կապերը։ Այս կոնտեքստում կարեւոր էին նաեւ տուրիզմի զարգացմանն ուղղված մեր պայմանավորվածությունները։ Կիպրոսի համապատասխան բուհում մի քանի տեղ կհատկացվի հայ ուսանողներին, որոնք կարող են անվճար ուսանել տուրիզմի բնագավառում։ Պայմանավորվեցինք կազմակերպել տուրիզմի, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների, նաեւ տնտեսության մյուս ճյուղերի հետ կապված կոնֆերանսներ՝ երկկողմ համաձայնությունները ճշտելու իմաստով։ Կանցկացվի երկու երկրների մշակույթի շաբաթ՝ փոխադարձաբար երկու երկրներում։ Այս այցից շահեցին նաեւ լրագրողները, որովհետեւ լրագրողներ կգործուղվեն Կիպրոս՝ փորձի փոխանակման համար։ Մենք եւս կկազմակերպենք, որ կիպրոսցի լրագրողներ եւս ժամանեն Հայաստան։ Կարեւոր էր նաեւ պայմանավորվածությունը կրթության ոլորտի հարցերում։ Մենք սրա արդյունքում կկարողանանք հնարավորություն տալ աշակերտներին խորացնել հունարեն լեզվի իմացությունը։ Շատ եմ կարեւորում Կիպրոսի Հանրապետության նախագահի հետ հանդիպումը, որովհետեւ մեր բոլոր պայմանավորվածություններին նա լիակատար աջակցություն խոստացավ։ Նախագահը խոստացավ, որ առաջին անգամ Կիպրոսի տարեկան բյուջեում 300 հազար դոլար կնախատեսվի Մելկոնյան վարժարանի համար եւ որ այդ գումարը կարող է նաեւ աճել»։ Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ Կիպրոսը երրորդ երկիրն է, որի հետ ՀՀ-ն կունենա միջխորհրդարանական մշտապես գործող հանձնաժողով (ՌԴ-ից եւ Վրաստանից հետո)։ Եկող տարի պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դեմիտրիս Քրիստոֆիասը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Կիպրոս-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել