Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԻ ՀՌԱՀ-Ը

Դեկտեմբեր 12,2003 00:00

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԻ ՀՌԱՀ-Ը ԱԺ-ն այսօր 3-րդ ընթերցմամբ կքննարկի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որը շարունակում է տարակարծությունների տեղիք տալ: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը եւս մի առարկություն ներկայացրեց օրինագծի այն դրույթին, ըստ որի՝ հեռուստաոլորտը կարգավորող կառույցներն այսուհետ պիտի համալրվեն մրցույթներով. «Սա վերաբերում է թափուր տեղերին, այսինքն՝ մնալու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայիս խայտառակ կազմը»: ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը պնդում է, թե համալրման այս ձեւն առաջարկել է Եվրախորհուրդը: «ԵԽ-ն նման որեւէ ձեւ չի առաջարկել,- պնդեց պրն Քոչարյանը:- Եվ եթե անգամ ԵԽ փորձագետները որպես լուծում ընդունելի են համարել սա՝ միայն այն պատճառով, որ իրենց մատուցվել է, թե Սահմանադրությունը հնարավորություն չի ընձեռում ԱԺ-ին նշանակումներ կատարել այս կառույցներում: Սակայն նրանց ապակողմնորոշել են՝ Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը: Եվ 1,5 տարուց ավելի է՝ շրջանառության մեջ է մեր նախագիծը, որ նշանակումները կատարի ոչ թե ՀՀ նախագահը, այլ ԱԺ խմբակցությունները: Թող ե՛ւ մեր առաջարկն ուղարկեն ԵԽ փորձաքննությանը, ե՛ւ իրենցը՝ գնահատականը պարզ կլինի»: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն արդեն իսկ նշել էր, թե Եվրախորհուրդը դրական չի վերաբերվում խմբակցությունների կողմից նշանակումների գաղափարին, քանի որ դրա հետեւանքով կքաղաքականացվեն ՀՌԱՀ-ն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: «Ե՛ս եմ հեղինակը, գիտեմ, որ օրինագիծը չի ուղարկվել փորձաքննության: Ուրեմն, ինչի՞ հիման վրա են ասում, թե դեմ են,- ասաց Շավարշ Քոչարյանը:- Ուստի պետք է պաշտոնապե՛ս ուղարկել օրինագիծը եւ պաշտոնապե՛ս ստանալ այդ փաստաթղթի վերաբերյալ գնահատականներ»: Այսօր քննարկվելիք օրինագծի համահեղինակ Վազգեն Խաչիկյանին խնդրեցինք մատնանշել Սահմանադրության այն դրույթը, որը հնարավորություն չի ընձեռում, որ ԱԺ-ն նշանակումներ կատարի ՀՌԱՀ-ում. «Սահմանադրությունը հստակ սահմանում է ԱԺ իրավասությունները, որոնք վերաբերում են օրենքներ եւ որոշումներ ընդունելուն, ինչպես նաեւ՝ որոշակի պաշտոններում առաջադրումներ կատարելուն: Այդ պաշտոններն էլ են հստակ սահմանված՝ Վերահսկիչ պալատի ղեկավար, ՍԴ եւ ԿԸՀ անդամներ: Ցանկը սպառիչ է եւ ենթակա չէ տարածական մեկնաբանության: Այլ կարգի մարմիններում՝ այդ թվում ՀՌԱՀ-ում կամ ՀՀՌԽ-ում ԱԺ-ն իրավասու չէ կատարել առաջադրումներ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել