Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՍԸ» «ՄԵՏՐՈՅԻՆ» «ՔՑՈՒՄ» Է

Դեկտեմբեր 12,2003 00:00

«ՓՈՍԸ» «ՄԵՏՐՈՅԻՆ» «ՔՑՈՒՄ» Է Կարծում է «Մետրո» թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Ստեփանյանը Ճանաչված դերասան, «Մետրո» թատրոնի հիմնադիր Վիգեն Ստեփանյանը այս տարվա սեպտեմբերից փորձում է ոտքի կանգնեցնել շուրջ 2 տարի անգործության մատնված թատրոնը։ Նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին փոխարինած Վ. Ստեփանյանը տեղեկացրեց, որ «Մետրոն» ամանորյա հանդես է պատրաստում երեխաների համար՝ «Պարոն լրտեսի վերջին գործը» վերնագրով։ «Տարին ավարտվում է, իսկ մեր աշխատանքային տարին փաստորեն նոր է սկսվում։ Պատրաստում ենք ամանորյա ներկայացում, որովհետեւ ավելի արագ այլ բան հնարավոր չէր բեմադրել։ Հետագայում ավելի լուրջ ծրագրեր կիրականացնենք»,- ասաց պարոն Ստեփանյանը։ Գալիք տարի «Մետրո» թատրոնը կներկայացնի Վիգեն Ստեփանյանի «Աշնան օրերից անձրեւոտ մի օր» եւ Ալեքսանդր Գալինի «Սորի» պիեսի՝ վերափոխված, հայացված տարբերակը։ Կլինի նաեւ «դրամարկղային» ներկայացում՝ ֆրանսիական որեւէ թեթեւ կատակերգություն։ Հիշեցնենք, որ «Մետրո» թատրոնը Գեղագիտության ազգային կենտրոնի մի մասն է, հետեւաբար, գործում է կրթության նախարարության ենթակայությամբ։ Ըստ Վ. Ստեփանյանի, կրթության նախարարը խոստացել է հնարավորինն անել, նույնիսկ հաստիքներ իջեցնել դերասանների համար, քանի որ թատրոնը դերասաններ չունի եւ նրանց միշտ հրավիրել են այլ թատրոններից։ «Մետրո» թատրոնի աշխատողները ամեն օր եկել են իրենց գործին։ Արդյունքում ստացվել է, որ Գեղագիտության ազգային կենտրոնը կանոնավոր աշխատավարձ է վճարել ոչինչ չանող մարդկանց, որովհետեւ լուսավորողը ո՞ւմ պետք է լուսավորեր կամ դիմահարդարը՝ ո՞ւմ գրիմ աներ, երբ ներկայացումներ չեն եղել»,- փաստեց թատրոնի տնօրենը։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում Վիգեն Ստեփանյանը «Փոսի» թատրոնի տնօրեն Գուրգեն Սեդրակյանի՝ մամուլում հնչեցրած այն հայտարարություններին, որոնց համաձայն, շուտով իրենց թատրոնը տեղափոխվելու է «Մետրոյի» հարկի հակ։ «Գուցե դա «Փոսի» ցանկությունն է, քանի որ տարածքի խնդիր ունի։ Քանի ես այստեղ եմ, «Փոսը» «Մետրոյի» հետ չի միանա։ Իրենք ընդամենը վարձակալական հիմունքներով այստեղ ներկայացում են խաղացել (սեպտեմբերից պայմանագիր ունենք նրանց հետ)։ Եվ արդեն մեկ ամիս է՝ իրենք չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, դեռ մի բան էլ Գուրգեն Սեդրակյանը շարունակում է զարմանալի հարցազրույցներ տալ»,- շարունակեց Վիգեն Ստեփանյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ամեն քայլափոխի Գ. Սեդրակյանը խանգարում է իրենց, որովհետեւ «գործ է բռնում» բոլոր այն մարդկանց հետ, ում հետ «Մետրոն» է համագործակցում. «Դա բարոյական չէ։ Կարծես դիտմամբ ամանորյա ներկայացում են դրել «Մետրո» թատրոնին մոտ գտնվող պիոներպալատում։ Իսկ դա ոչ թե մրցակցություն է, այլ «քցել»։ Չէ՞ որ երբ իրենք նեղն էին, մենք օգնեցինք ու ամենածիծաղելի գումարով՝ 30 հազար դրամով տարածք տրամադրեցինք, մինչեւ այն պահը, երբ սկսեցին խախտել պայմանագրի որոշ կետեր»։ Նախկին գեղարվեստական ղեկավար Ն. Ծատուրյանի գործունեությանը, ում օրոք թատրոնը ծանր վիճակում հայտնվեց, պարոն Ստեփանյանը չկամեցավ որակումներ տալ։ Ընդամենն ասաց, որ լավ ռեժիսոր է. «Հիմա դժվարանում եմ ասել՝ ի՞նչը իրեն խանգարեց շարունակել արվեստագետի իր աշխատանքը, ի՞նչը դարձավ ավելի նախընտրելի Կոլյայի համար՝ արվե՞ստը, թե՞ մի ուրիշ բան։ Էդ արդեն ինքը կասի։ Մի բան գիտեմ միայն՝ թատրոնում պետք է խենթեր աշխատեն, հակառակ դեպքում թատրոնները կփակվեն»։ Ի դեպ, Վիգեն Ստեփանյանը մոտ 10 տարի աշխատում էր Բեյրութում, ուր հիմնել էր «Արեգ» մանկապատանեկան թատերախումբը։ Խոստովանում է, որ իրեն կանչում էին Երեւան դեռեւս 2 տարի առաջ, որպեսզի տեր կանգնի իր իսկ հիմնադրած թատրոնին, սակայն «չէի ուզում որեւէ մեկին աշխատանքից ազատել, բացի այդ, Բեյրութում մեկ ներկայացման համար վաստակում էի այնքան, որքան չեմ ստանա այստեղ 5 տարվա ընթացքում»։ Իսկ վերադարձել է, որովհետեւ սիրտը ցավում է «Մետրոյի» համար։ Հավաստիացնում է, որ իր շատ կոլեգաներ ու ուսանողներ համաձայնել են համագործակցել, ինքը եւս լի է հաստատակամությամբ ու գործ անելու ցանկությամբ։ Սակայն գտնում է, որ մենակ դժվար կլինի. «Այս քաղաքը, Շենգավիթի թաղապետարանը եւ բոլորը պետք է հասկանան, որ «Մետրոն» միակ մշակութային օջախն է ողջ Շենգավիթում ու պետք է հնարավորինս աջակցեն մեզ։ Հակառակ դեպքում՝ ոչ մի կախարդական փայտիկ էլ չի օգնի»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել