Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ԲԱՇԽԵՑԻՆ

Դեկտեմբեր 12,2003 00:00

ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ԲԱՇԽԵՑԻՆ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ երեկ «Երեւան» հյուրանոցում տեղի ունեցավ Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն։ Այն առնչվում էր մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքին։ Միջոցառումը կազմակերպած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները 2002-03թթ. լավագույն օրենսդրական նախաձեռնության համար պատվոգիր շնորհեցին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին։ Պատվոգրեր տրվեցին նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանին, Շավարշ Քոչարյանին՝ օրենքի ընդունման գործում ներդրում ունենալու համար։ «Ոսկե» բանալու եւ դրամական մրցանակի արժանացան «տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի», Կենտրոն համայնքի բնակիչ Էմմա Խնկոյանը եւ տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակման հեղինակ, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը՝ «Ազատ, գաղտնի, թափանցիկ» հոդվածի համար։ Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն ճանաչվեց եւ մրցանակի արժանացավ «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը»։ 2003թ. տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն ինտերնետային էջի համար մրցանակ բաշխվեց ԱԺ-ի լրատվական ծառայությանը՝ ԱԺ-ի ինտերնետային էջը պատրաստելու համար։ Ամենաթափանցիկ պետական գերատեսչություն համարվեց սոցիալական ապահովության նախարարությունը։ Մրցանակաբաշխությունն ուներ նաեւ բացասական մրցանակ՝ նախատեսված ամենափակ պետական գերատեսչության համար։ Կողպեք-մրցանակն այս տարի չհանձնվեց՝ փոխանցվելով հաջորդ տարի կայանալիք մրցանակաբաշխություն, քանի որ ընդունված օրենքը կայացման ճանապարհին է։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել