Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Երիցյանը դառնա 86 տարեկան

Դեկտեմբեր 16,2003 00:00

Երբ Երիցյանը դառնա 86 տարեկան Հենց այդ ժամանակ էլ կմարվի Հայաստանի կրթությանը տրամադրված վարկը Դեկտեմբերի 13-14-ը Ծաղկաձորում ԿԳ նախարար Սերգո Երիցյանը ներկայացրեց Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության որակի եւ համապատասխանության» վարկային ծրագրով կրթության համակարգում նախատեսվող բարեփոխումները։ Սեմինարն, ըստ օրակարգի, հագեցած էր կրթության տարբեր ոլորտների ներկայացուցիչների զեկույցներով, թեեւ դրանցից ոչ բոլորը ներկայացվեցին։ Օրինակ, «Կրթությունը մարզում» զեկույցի հեղինակ, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն այդպես էլ չպատմեց, թե մայրաքաղաքի կրթական փորձը ինչպես է փոխանցելու նաեւ մարզեր։ Ս. Երիցյանի ներկայացմամբ, այս նոր վարկային ծրագիրը նպատակաուղղված է լինելու հանրակրթության որակը բարձրացնելուն եւ Հայաստանի կրթական համակարգը միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխանեցնելուն։ «Կրթության որակի եւ համապատասխանության» վարկային ծրագիրը բաղկացած է 4 հիմնական ենթածրագրերից՝ ուսումնական ծրագրեր եւ գնահատում, տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ, ուսուցիչների մասնագիտական կատարելագործում եւ հանրակրթության բարեփոխումներին շարունակական օժանդակություն։ Կրթական համակարգում առկա խնդիրները ներկայացնելիս, ԿԳ նախարարը նախեւառաջ կարեւորեց մանկապարտեզներից նախակրթարաններին անցնելու եւ դրանք դպրոցներին ինտեգրելու հանգամանքը։ Սակայն Ս. Երիցյանը չի ցանկանում պատճենահանել այլ երկրների նախակրթարանների մոդելը, այլ առաջարկում է ստեղծել հայաստանյանը։ Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ կրթության համակարգը հագեցնել ժամանակակից տեխնոլոգիաներով։ Բանախոսների հավաստմամբ, առաջիկա 4 տարիների ընթացքում մեր երկրի հանրակրթական օջախները կունենան համակարգչային ցանց (առանց խրհրդարանական ընտրություններ անցկացնելու)։ Նախարարն ակնկալում է, որ մինչ նշյալ ժամկետը պետք է հնարավոր լինի 40 աշակերտին 1 համակարգչով ապահովելը (այսօր 360 աշակերտին է 1 համակարգիչ բաժին ընկնում)։ Վարկային ծրագրով կլինի նաեւ ուսուցիչների վերապատրաստում։ Այն եւս կիրականացվի առաջիկա 4 տարիների ընթացքում։ Սեմինարում հնչած զեկույցներից, թերեւս, ամենահետաքրքիրը Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գեւորգ Պողոսյանի՝ վարկային ծրագրի սոցիոլոգիական գնահատումն էր։ Սոցիոլոգիական հետազոտությունների միջոցով ընկերությունը պարզել է, որ դպրոցների տնօրենները դրական են գնահատում բարեփոխումները, իսկ ուսուցիչները, ծնողներն ավելի շատ՝ բացասաբար: Նրա ներկայացմամբ, հաջորդ խոչընդոտը, որ ուսուցիչներն ու աշակերտների ծնողները նշում են՝ դասարաններում երեխաների քանակի ավելացումն է, ինչը, նրանց կարծիքով, կդժվարացնի ուսումնական գործընթացը. «Նոր դասագրքերի, ծրագրերի պատրաստման գործում եւս ուսուցիչներն իրենց մասնակցությունը չեն տեսնում։ Ինչպես նաեւ լավ չեն պատկերացնում, որ այս ռեֆորմներն իրենց միջոցով պիտի լինի»։ Ծրագրի 1-ին փուլի տեւողությունը 2003-08թթ. է եւ «արժե» 20,2 մլն ԱՄՆ դոլար։ Ս. Երիցյանի տվյալներով, վարկային ծրագիրը պետք է սկսվի մարվել 10 տարի հետո՝ 40 տարվա ընթացքում։ ԿԳ նախարարը նույնիսկ հաշվարկել էր եւ պարզել, որ վարկը մարված կլինի, երբ ինքը կլինի 86 տարեկան։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031