Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԿ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԿՈ «ԱՐԱՐԱՏԸ» ԴԵՌ ԼՈՒՌ ԷՐ

Դեկտեմբեր 16,2003 00:00

ԵՐԵԿ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԿՈ «ԱՐԱՐԱՏԸ» ԴԵՌ ԼՈՒՌ ԷՐ Հայաստանում ֆուտբոլային նոր մրցաշրջանը մեկնարկելու է եկող տարվա գարնանը Սակայն դրա հաջող ընթացքը մեծապես կախված է նախապատրաստական արդյունավետ աշխատանքից, ինչով էլ հիմա զբաղված է հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան։ Իր վերջին մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին խոստացավ, որ 2004թ. բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը պատրաստ կլինի ժամանակին, որպեսզի թիմերը հնարավորություն ունենան դրանից հետո ճշգրտել իրենց նախապատրաստության ծրագրերը։ Բայց դրա համար պահանջվում է նախեւառաջ ակումբների ակտիվությունը, որից էլ կախված է ֆեդերացիայի աշխատանքի արդյունավետությունը։ Այս տարվա առաջնության ընթացքում եւ վերջնամասում մասնագետների մի մասը նպատակահարմար է համարել, որպեսզի բարձրագույն խմբում հանդես գա 10 եւ ավելի թիմ ու այդ մասին առաջարկություններ է ներկայացրել ֆեդերացիա։ Կազմակերպվել է հարցի նախնական քննարկում, որի արդյունքում դա հնարավոր է համարվել։ Ու որպեսզի ամեն բան հստակ լինի, Ռ. Հայրապետյանը նույն ասուլիսում տեղեկացրեց, որ բացի առաջին խմբի հաղթող «Կիլիկիայից», մինչեւ դեկտեմբերի 15-ը կարող է ֆեդերացիա դիմել նաեւ «Վաղարշապատը» եւ գործկոմը նրան նույնպես, հավանաբար, կտեղափոխի բարձրագույն խումբ։ Սակայն երեկ ՀՖՖ մամլո խոսնակ Սուրեն Բաղդասարյանից տեղեկացանք, որ «Վաղարշապատը» հրաժարվել է՝ բացատրելով իր այդ որոշումը համապատասխան ֆինանսների բացակայությամբ։ Նույն սկզբունքով եկող տարի երկրի առաջնությանը մասնակցելու հնարավորություն էր ընձեռվել նաեւ ազգային հավաքականին՝ ֆուտբոլիստներ չտրամադրելու համար մեկ տարով որակազրկված Երեւանի «Արարատին», որը, որքան հայտնի է, ֆինանսական որեւէ խնդիր չունի։ «Արարատի» որակազրկման ժամկետը լրանում է փետրվար ամսին միայն։ Սակայն նույն Սուրեն Բաղդասարյանը երեկ երեկոյան՝ ժամը 19-ին տեղեկացրեց, որ առ այդ պահը «Արարատ» ակումբից ոչ մի հայտ չի ստացվել ֆեդերացիայում։ Ցավալի է։ Լրագրողների եւ լրատվամիջոցների մի մասին հաճախ մեղադրում են կողմնակալության մեջ։ Մենք, ինչպես կասեր կինոյի հայտնի հերոսը՝ «բոլշեւիկ-մենշեւիկ» չգիտենք։ Մեզ համար միակը ֆուտբոլի ու ֆուտբոլասերների շահն է։ Ու դրանից ելնելով էլ չենք կարող ափսոսանք չհայտնել, եթե «Արարատի» ղեկավարությունը որոշի չմասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, որը մեր կարծիքով բոյկոտ կլինի։ Այսպես ասում ենք նաեւ այն պատճառով, որ հենց լրագրողները ամեն առիթով ափսոսանք են հայտնում «Արարատի» որակազրկման համար, անընդհատ հիշում, որ «Արարատ» անունը հայկական ֆուտբոլի խորհրդանիշն է, որ անհրաժեշտ է վերականգնել անվան հեղինակությունը։ Դե ինչ, հիմա այդ հնարավորությունը տրվել է։ Շատ կցանկանայինք, որ եկող մրցաշրջանում «Արարատն» էլ հանդես գար բարձրագույն խմբում ու ազնիվ պայքարով չեմպիոն դառնար։ Մենք էլ կծափահարեինք ու կասեինք՝ «կեցցեք»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031