Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ բժշկի ձեռքը չընկնի»

Դեկտեմբեր 19,2003 00:00

«Մարդ բժշկի ձեռքը չընկնի» Ժողովրդական այդ ասույթի հիմքում առողջապահության ոլորտի կոռուպցիան է Երեկ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի մոտ առողջապահության ոլորտի պատասխանատուները, բուժհաստատությունների տնօրենները, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները քննարկում էին առողջապահության ոլորտում պետպատվերի եւ համավճարների շրջանակներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Պրն Եսայանը գտնում է, որ պետություն-բուժհիմնարկ հարաբերություններում լրիվ անտեսված է հիվանդը, որի համար պետությունը տվյալ բուժհիմնարկին գումարներ է տալիս: «Ամենակարեւորը հիվանդի կարծիքն է. մարդը մտնում է հիվանդանոց՝ բացարձակ անտեղյակ իր իրավունքներին ու պարտականություններին»: Խորհրդականի դիտարկումներից է նաեւ այն, որ բուժհիմնարկի տնօրենները հաճախ անտեսում են նաեւ իրենց աշխատողներին եւ պետպատվերի գումարները, նրանց աշխատավարձ տալու փոխարեն ծախսում, ասենք, տանիքի վերանորոգման կամ կոմունալ վճարների վրա: Մինչդեռ այդ գումարը հստակ վճարվում է՝ հիվանդի բուժման, դեղորայքի, ծառայությունների, սնունդի, բուժաշխատողներին աշխատավարձ տալու համար: Անհրաժեշտ է սահմանել նվազագույն աշխատավարձ, քանի որ հիմնարկի ներքին ֆինանսական հարցերը տնօրինության հայեցողությամբ են լուծվում. գտնում են առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը եւ Առողջապահական գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանը: Իսկ պետությունը իրավունք չունի միջամտելու տնտեսվարողի ներքին խնդիրներին՝ պարզաբանում է առողջապահության նախարարի իրավախորհրդատու Սուրեն Քրմոյանը: Արա Տեր-Գրիգորյանը ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոց է նշում բյուջեի ֆինանսավորման բարելավումը եւ ֆինանսական միջոցների ավելացումը: «Պրոբլեմ ունենք ստվերից գումարները օրինական դաշտ բերելու»,- նշում է Բ. Եսայանը՝ նկատի առնելով համակարգում շրջանառվող ստվերային գումարները, որոնք հաճախ տասնապատիկ գերազանցում են օրինական վճարները եւ հատկապես՝ պետպատվերը: Դրա ձեւերից մեկը, ըստ նրա, բուժհիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունն իսպառ վերացնելն է եւ ֆինանսական բոլոր, նույնիսկ փոքր գործարքները, բանկային հաշիվների միջոցով կատարելը: «Շտապ օգնություն» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը գտնում է, որ անգամ նվիրատվությունները պետք է կատարվեն դրամարկղ մուծելով: «Արդեն հասունացել է պահը, որ հարուստ գործարարները մասնակցեն առողջապահական համակարգի ֆինանսավորմանը»,- կարծում է պրն Մինասյանը՝ փաստարկելով, որ կան հարուստ գործարարներ, բայց նրանք չեն հոգում իրենց աշխատողների առողջական վիճակի մասին: Բագրատ Եսայանը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման պայմաններից մեկը տեսնում է՝ հիվանդանոցների բյուջեի ձեւավորման թափանցիկությունը. «Ինչ-որ մեկը, հատկապես պետությունը, պիտի իմանա, թե դրանք ինչպես են ձեւավորվում»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031