Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻՑ

Դեկտեմբեր 19,2003 00:00

ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻՑ Դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի Ամանորի տոնական համերգը։ Ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան է՝ ըստ Շիլլերի «Ձոն ցնծության» ստեղծագործության։ Համերգի մենակատարներն են Նունե Բադալյանը, Նարինե Անանիկյանը, Ռուբեն Նուրիջանյանը, Վահան Մակվեցյանը։ Կմասնակցեն նաեւ ՀՊԿՆ-ի կամերային եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբերը, փողային եւ հարվածային կազմերը։ ՀՊԿՆ-ն վերջերս է վերադարձել աշխարհի տարբեր երկրներում ունեցած համերգային շրջագայություններից։ Նոյեմբերի 9-ին նվագախումբը Գերմանիայում մասնակցել է մեծ փառատոնի, որը նվիրված էր 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներին։ Համերգը Գերմանիայի մշակույթի նախարարին գաղափար է հուշել 2004-ին Հայաստանի մշակույթի օրեր անցկացնել իրենց երկրում, որի առանցքը դարձյալ կլինի ՀՊԿՆ-ն։ Նոյեմբերի 14-ին էլ Կամերային նվագախումբը մեկնել էր ԱՄՆ։ Արդյունքում՝ 4 համերգ է ունեցել Կալիֆոռնիայում, երկուսը՝ Լոս Անջելեսում, մեկական՝ Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Տորոնտոյում ու Մոնրեալում։ Կատարվել են հատվածներ համաշխարհային դասական երաժշտությունից, ինչպես նաեւ 4 սերնդի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ սկսած Կոմիտասից, վերջացրած Արամ Խաչատրյանով ու Էդ. Միրզոյանով։ ՀՊԿՆ տնօրեն Արմեն Արաբյանը ասաց, որ ցնցված են արտերկրի համերգային դահլիճներով, որոնք տեխնիկապես հագեցած են։ Բացի այդ, ըստ Արաբյանի. «Դրանք շատ մեծ դահլիճներ էին, իսկ նման դահլիճներում ելույթ ունենալիս, բնականաբար, պատասխանատվությունը մեծանում է»։ Հետաքրքրվեցինք, թե հատկապես ո՞ր համերգներն են տպավորվել։ «Սան Ֆրանցիսկոյի ու Մոնրեալի համերգները, որովհետեւ դրանք ավելի շատ եվրոպական քաղաքներ են։ Բացի այդ, գեղեցիկ քաղաքներ են, իսկ դա արդեն տրամադրում է ոգեւորված ելույթի»,- պատասխանեց պրն Արաբյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ, ի տարբերություն հայաստանցիների, արեւմտյան հանդիսատեսն ավելի «մեծահասակ» է, թեեւ վերջին հյուրախաղերի ընթացքում իրենց ունկնդրելու էր եկել միջին տարիքի հանդիսատես։ «Մեր երիտասարդությունն ավելի երաժշտասեր է։ Դա պայմանավորված է նրանով, որ մեր հանդիսատեսը քաջածանոթ է նվագախմբին։ Նույն պատճառով էլ մեր համերգները Հայաստանում անցնում են լեփ-լեցուն դահլիճներով եւ շատերը նույնիսկ ոտքի վրա են մեզ լսում»,- նկատեց ՀՊԿՆ տնօրենը։ Նվագախումբն արդեն հրավերներ ունի մասնակցելու 2004 թվականին Սալոնիկում եւ Աթենքում կազմակերպվող փառատոներին, կմեկնի նաեւ Կիպրոս, Եգիպտոս, Լիբանան, Չեխոսլովակիա, Շվեյցարիա։ Ի դեպ, 2004 թվականին ծանրաբեռնված լինելու պատճառով ՀՊԿՆ-ն արտերկրից շատ հրավերներ տեղափոխել է 2005 թվական։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031