Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹՈՌԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԵՐԱԺԻՇՏ Է

Դեկտեմբեր 23,2003 00:00

ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹՈՌԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԵՐԱԺԻՇՏ Է Դեկտեմբերի 24-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքում առաջին անգամ հայ ունկնդրի առջեւ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա լոնդոնաբնակ երգչուհի Արաքսի Քուչուկյանը։ Երգչուհու մայրը հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի դուստրն է՝ Երեւանում բարձրագույն երաժշտական կրթություն ստացած դաշնակահարուհի Նարինե Հարությունյանը։ «Երեւի մայրս շատ է սիրել հորս՝ Ալան Քուչուկյանին, դրա համար էլ ավարտել է նաեւ Լոնդոնի իրավագիտության բաժինը ու հիմա ամուսիններով փաստաբաններ են հեղինակավոր KPMG ֆիրմայում։ Իսկ ես ուսանում եմ Լոնդոնի գեղարվեստի ու դիզայնի քոլեջում»,- տեղեկացրեց Արաքսին։ Ի դեպ, նա որոշել է արվեստի երկու ճյուղերում (գեղարվեստ եւ երգարվեստ) հանդես գալ միաժամանակ։ Արաքսին երգում է մանկուց, իսկ այս տարի ամռանը գալով Հայաստան, ծանոթացել է Երվանդ Երզնկյանի հետ։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում լույս է տեսել երգչուհու առաջին CD-ն։ Աղջիկը նաեւ վոկալի դասեր է առել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Սարաջյանից։ «Հայաստանից մեկնելուց հետո նոր թողարկված CD-ին ներկայացրել եմ մի քանի պրոդյուսերական կենտրոնների։ Հրավեր եմ ստացել «Տամբուրին» պրոդյուսերական կենտրոնից, որը համագործակցում է BBC ընկերության եւ ֆիլմեր արտադրող հոլիվուդյան հայտնի ֆիրմաների հետ»,- պատմեց Ա. Քուչուկյանը։ Հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ր CD-ն թողարկել Անգլիայում։ «Հասկացա ձեր հարցի ենթատեքստը։ Այո, այստեղ ինձ օգնել է պապիկիս շրջապատը, իսկ Անգլիայում ուրիշ է։ Յուրաքանչյուր կատարող պետք է ունենա իր եսը»,- ժպտաց երիտասարդ երգչուհին։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե աշխատո՞ւմ է Ա. Քուչուկյանն իր իմիջի վրա։ «Տամբուրին» պրոդյուսերական կենտրոնն է աշխատում իմիջիս վրա, այն էլ շատ մանրակրկիտ։ Արտիստի հաջողությունը կախված է նաեւ նրանից, թե քեզ ինչպես են ներկայացնում լրատվամիջոցները, հեռուստատեսությունը եւ ռադիոկայանները։ Ներկայացնելը՝ ներկայացնել, բայց քո եսը պետք է լինի։ Իսկ եթե կա այն, ուրեմն ունես օրիգինալ մի բան, որով կտարբերվես ուրիշներից ու կունենաս քո հաջողությունը»,- պատասխանեց երգչուհին։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ շա՞տ են լոնդոնահայ համայնքում արվեստագետները։ Ա. Քուչուկյանն ասաց, որ մոտ 15 հազարանոց հայ համայնքում ճանաչում է միայն հայաստանցի դաշնակահարուհի Աննա Սարաջյանին եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին, որոնք հայտնի են Անգլիայում ու բուռն ստեղծագործական գործունեություն են ծավալել։ Ընդհանրապես, երիտասարդ երգչուհին այն համոզումն ունի, որ ստեղծագործող մարդը ինքն իր ճանապարհը պետք է հարթի։ Ավելին՝ լավ արվեստագետը Անգլիայում լավ է ապրում։ Ըստ նրա, այնտեղ էլ կան կայացած եւ չկայացած արվեստագետներ, «մոդա» են շոուները, որոնք ընթանում են ֆոնոգրամայով։ «Ճիշտ չեմ համարում ֆոնոգրամայով բեմ դուրս գալը։ Ստացվում է միմոսություն են անում։ Աշխարհում գնահատվում է կենդանի հնչողությունը»,- գտնում է երգչուհին։ Նրա երգացանկում առայժմ չկան հայկական երգեր։ Միակ երգը պապիկի «Չեմ մոռանա»-ն է, որ ժամանակին կատարում էր Բելլա Դարբինյանը։ Ա. Քուչուկյանը խոստացավ, որ Հայաստան հաջորդ այցելության ժամանակ կներկայանա որպես գեղանկարչուհի, թեեւ չի բացառվում, որ եւ ցուցահանդեսը, եւ մենահամերգը մեկ օրում կազմակերպի։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել