Լրահոս
Օրվա լրահոսը

Դելֆիական խաղեր՝ հանուն արվեստի

Դեկտեմբեր 23,2003 00:00

Դելֆիական խաղեր՝ հանուն արվեստի Հանրահայտ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը պատրաստվում է 2004-ին Երեւանում վոկալի միջազգային մրցույթ կազմակերպել։ Ըստ երգչի, այս տարի այդ մտահղացման կյանքի կոչելուն խանգարել են համերգային դահլիճների վերանորոգման աշխատանքները։ – Այսօր աշխարհահռչակ շատ երգիչներ՝ Դոմինգո, Կաբալյե, Կարերաս, Օբրազցովա, իրենց անունը կրող միջազգային մրցույթներ են կազմակերպում։ Բարսեղ Թումանյանի կազմակերպվելիք մրցո՞ւյթն էլ իր անունը կկրի։ – Ոչ մի դեպքում։ Դա ավելորդություն է։ Ավելորդ անգամ ինքնամեծարմամբ զբաղվել չեմ ուզում։ Ինչ վերաբերում է Հայաստանում վոկալի միջազգային մրցույթ անցկացնելուն, հարցն արդեն քննարկվել է պետական ատյաններում։ Եթե պետական աջակցություն ապահովվի, մրցույթն իրականություն կդառնա։ Ցանկանում եմ, որ վոկալի մրցույթը ավանդական լինի՝ անցկացվի 4 տարին մեկ։ Արդյունքում, Հայաստան կգան արտերկրում ապրող երիտասարդ օպերային երգիչներ ու մենք կկարողանանք այդպիսով հետաքրքրություն ապահովել մեր երկրի նկատմամբ։ – Իսկ ինչպիսի՞ ձայնային տվյալներ ունեն հայ երիտասարդները։ – Մեր հայրենակիցները հրաշալի տվյալներ ունեն։ Ափսոս, որ շատ երիտասարդներ գտնվում են դրսի ազդեցության ներքո եւ ընդօրինակում են այս կամ այն երգչին, դերասանին։ Դասական արվեստը արվեստագետին լավագույնս հնարավորություն է ընձեռում դրսեւորելու իր տաղանդը եւ ինքնուրույն մտածելակերպը։ Իսկ դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, լինեն մրցույթներ, մրցանակներ։ Դրանք կդրդեն երիտասարդ արվեստագետին պրպտել-գտնել նորը, իրենը։ Նոր մեկնաբանությունը միշտ էլ հաճելի է։ Առանց նորի արվեստը չի զարգանա։ – Մասնագետների կարծիքով, օպերային արվեստի մակարդակը, համաշխարհային մասշտաբով, մխիթարական չէ։ Համաձա՞յն եք այս մտքի հետ։ – Ոչ միայն օպերային արվեստի, այլեւ ընդհանրապես արվեստի մակարդակն է ընկել։ Ըստ օրինաչափության, արվեստը որքան «ցածր» է, այնքան մասսայական է։ Մարդկության ինտելեկտը չես կարող մի քանի տարում բարձրացնել, հարյուրամյակներ են հարկավոր։ Արվեստի մակարդակը բարձրացնելու համար բազմաթիվ միջազգային ասոցիացիաներ ու կազմակերպություններ են ստեղծվում, հսկայական աշխատանք տարվում։ Երկու նման միջազգային ակադեմիայի անդամ էլ (այդ թվում՝ Դելֆիական ակադեմիայի) ես եմ։ Վերջինս արվեստի միջազգային մրցույթ կազմակերպելու գործընթաց է սկսել։ Այդ մրցույթը պետք է իր մասշտաբներով համարժեք լինի օլիմպիական խաղերին։ 2004-ի փետրվարին Ֆիլիպիններում կայանալիք խոշոր կոնֆերանսում աշխարհի տարբեր երկրներից արվեստագետներ հանդես կգան իրենց առաջարկներով։ Միաժամանակ յուրաքանչյուրը կներկայացնի իր երկիրը՝ արվեստի բոլոր ճյուղերով։ Դելֆիական ակադեմիան յուրաքանչյուր երկրից ընտրելու է փայլուն կարողություններով օժտված մինչեւ 18 տարեկան երիտասարդների, որոնք կմասնակցեն 2 տարին մեկ անցկացվող մրցույթին։ Եվ եթե Դելֆիական խաղերի գաղափարը իրականություն դառնա, արվեստի զարգացումը ապահովված կլինի։ Զրուցեց ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել