Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՕԿ-Ի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Դեկտեմբեր 23,2003 00:00

ՄՕԿ-Ի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ Այն շնորհվում է օլիմպիական գաղափարների տարածման, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ակնառու ծառայություններ ունեցող անձանց։ «Պատվո նշան» շքանշանը Ռոբերտ Քոչարյանին հանձնելու համար Երեւան էր ժամանել ՄՕԿ-ի փոխնախագահ Վիտալի Սմիռնովը։ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանն իր խոսքում նշեց, որ սկսած 1997 թվականից, երբ Ռ. Քոչարյանը դեռ վարչապետ էր, նա սկիզբ է դրել մի շարք միջոցառումների, որոնք տարեցտարի ավելացնելով ամրապնդել ու հաստատուն են դարձրել մարզական աշխարհը։ «Մարզիկներին ու մարզիչներին պարգեւատրելու, նրանց վաստակն արժանիորեն գնահատելու, Համահայկական խաղերը կազմակերպելու եւ ոգեշնչելու, սպորտը կենցաղում խրախուսելու, մարզական շինարարությունն սկսելու եւ դրա շարունակականությունը ապահովելու, այս համատեքստում մի քանի տասնյակ այլ ծրագրեր արմատավորելու ճանապարհին մարզական աշխարհը մշտապես զգացել է հանրապետության նախագահի օգնությունը»,- ասաց Ի. Զաքարյանը։ Վիտալի Սմիռնովը հիշեց Հայաստանի եւ Ռուսաստանի՝ դեռեւս խորհրդային տարիներից եկող մարզական սերտ կապերը, բարձր գնահատեց հայ մարզիկների հսկայական ներդրումը ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ անկախ Հայաստանի մարզական փառքը կռելու գործում։ Նա ընդգծեց, որ հիմա Ռուսաստանում շատ բարձր են գնահատում բարի ավանդույթների վերականգնման ներկայիս գործընթացը։ «Աշխարհում քիչ երկրներ կան, որտեղ աճած լինեն այսքան շատ ականավոր մարզիկներ, որոնցից շատերը արդեն կենդանության օրոք լեգենդ են դարձել եւ որոնց ես պատիվ ունեմ անձամբ ճանաչելու։ Ես ուրախ եմ նաեւ, որ Ռ. Քոչարյանի հետ զրույցում ընդհանուր տեսակետներ գտանք համատեղ մարզական միջոցառումներ կազմակերպելու, առաջին հերթին Ծաղկաձորում միասին աշխատելու, երկու երկրների մարզիկների ապագա հաղթանակները համատեղ կռելու հարցերում»,- ասաց ՄՕԿ-ի փոխնախագահը։ Ստանալով պարգեւը, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Շնորհակալ եմ Միջազգային օլիմպիական կոմիտեից, նրա նախագահ պարոն Ժակ Ռոգեից։ Ես կարծում եմ, որ այս պարգեւն ընդգծում է ոչ միայն սպորտի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքը, այլեւ այն հայկական սպորտի ավանդույթների գնահատում է։ Պարգեւն ինձ՝ որպես Հայաստանի նախագահի, պարտավորեցնում է ավելի ակտիվ խրախուսել այն ամենը, ինչ կապված է սպորտի զարգացման հետ մեր հանրապետությունում։ Մենք անելու դեռ շատ բան ունենք։ Այստեղ գտնվում են մարդիկ, ովքեր հենց այնպես մեդալներ չեն նվաճել։ Նրանց կյանքը սպորտին անմնացորդ նվիրումի վառ օրինակ է։ Նրանց հետ մենք համագործակցել սկսեցինք վեց տարի առաջ ու համոզված եմ, որ այսուհետեւ էլ շատ տարիներ կհամագործակցենք սպորտի զարգացման համար։ Ուզում եմ հակիրճ կանգ առնել անելիքների վրա։ Կառանձնացնեի երկու հիմնական խնդիր։ Առաջինը սպորտի մասսայականության զարգացումն է։ Մենք այստեղ որոշ բաներ կորցրել ենք։ Անհրաժեշտ է համատեղ ջանքերով անել ամեն բան, որպեսզի սպորտով պարապելը, առողջ ապրելակերպ վարելը Հայաստանում պարզապես պատվաբեր լինի։ Դրա համար մենք պետք է զբաղվենք սպորտի ենթակառուցվածքների զարգացումով։ Ես հասկանում եմ, որ ձմռանը չջեռուցվող դահլիճում, ասենք, մարմնամարզությամբ զբաղվելը, պարզ ասած՝ ճիշտ չէ… Դրա համար պետք է դահլիճներն ապահովվեն ջեռուցումով։ Հնարավորինս մեծ թվով երիտասարդների սպորտի մեջ ներգրավելը իմ, որպես նախագահի, աշխատանքի մի մասն է։ Եվ ես դա անում եմ ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ համոզմունքով, սպորտին իմ նվիրումով։ Երկրորդ բաղկացուցիչն, իհարկե, մեծ սպորտի զարգացումն է։ Մեծ սպորտի զարգացման համար մենք պետք է փորձենք Հայաստանում ունենալ նոր տեխնոլոգիաներ, լավ դահլիճներ, սարքավորումներ, այն ամենն, ինչ անհրաժեշտ է։ Առանց սրանց՝ բարձր արդյունքներ պարզապես անհնար է ունենալ։ Մենք ձեզ հետ միասին պետք է ակտիվորեն զբաղվենք նաեւ այս հարցերով եւ վստահ եմ, որ քայլ առ քայլ կվերականգնենք նախեւառաջ ամենամարզական երկրներից մեկի մեր հեղինակությունը, որակ, որ ունեցել ենք։ Հավատացած եմ նաեւ, որ ապագա մրցասպարեզներում մեր մարզիկները լավ արդյունքներ ցույց կտան եւ Հայաստանի պետական դրոշը շատ ու շատ անգամ կբարձրացվի…»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել