Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացին ընդդեմ ղարաբաղցու – 2

Դեկտեմբեր 25,2003 00:00

Վրացին ընդդեմ ղարաբաղցու – 2 Ընթացիկ ամսվա սկզբին «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքի ակնառու անդամներից մեկը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դատո Թքեշելաշվիլին հայտարարել էր, թե Ադրբեջանի կողմից համապատասխան ազդանշանի դեպքում Վրաստանի նոր իշխանությունները պատրաստ են քննարկել եւ դրական լուծում տալ «Ղարաբաղի անջատողականների» մուտքը Վրաստան արգելելու հարցին։ Թքեշելաշվիլու այս հայտարարությունը ջերմ արձագանք էր գտել Բաքվում։ «Մեզ համար Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է»,- նաեւ նշել էր Թքեշելաշվիլին։ Տառացիորեն մի քանի օր անց, «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու մերձավոր զինակից՝ «Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին ժխտել էր նման հնարավորությունը։ «Ես նրան (Թքեշելաշվիլուն.- խմբ.) շատ լավ գիտեմ, նա չէր կարող այդպիսի բան ասել»,- հակադարձել էր Մերաբիշվիլին։ Բաքվում, բնականաբար, անտարբեր չեն մնացել «Առավոտի» այս հրապարակման նկատմամբ։ «Մերաբիշվիլու խոսքերն ամենեւին չեն համապատասխանում Սահակաշվիլու հայտարարությունների ոգուն»,- գրում է «Էխոն», հիշեցնելով, որ Վրաստանի նոր իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Ադրբեջանի հետ համագործակցաբար պայքարել անջատողականության դեմ։ «Էխո»-ի թղթակիցն այս առիթով փորձել է բացատրություններ ստանալ անմիջապես Վրաստանի «Ազգային շարժման» շտաբ- բնակարանից, սակայն, այդ փորձերն, ինչպես գրում է թերթը, առայժմ «հաջողությամբ չեն պսակվել»։ Միեւնույն ժամանակ անջատողականության դեմ պայքարում Բաքու- Թբիլիսի տանդեմ ստեղծելու հնարավորության մասին օրերս արտահայտվել է մեկ այլ վրաց գործիչ՝ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի անդամ, Աբխազիայի Գերագույն խորհրդի վտարանդի նախագահ Թամազ Նադարեիշվիլին։ Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում վերջինս հայտարարել է. «Աբխազական եւ ղարաբաղյան հակամարտությունների հարցում վրաց քաղաքական գործիչները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով»։ Նադարեիշվիլին առայժմ չգիտի պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումն այս հարցում, սակայն համոզված է, որ վաղ թե ուշ, այն ներառվելու է իշխանությունների գործունեության օրակարգ։ Ըստ նրա, վերոհիշյալ երկու հակամարտություններն էլ ունեն միեւնույն բնույթը. «դրանք ծագել են գործնականում միաժամանակ» եւ, ըստ ամենայնի, «պետք է միաժամանակ էլ ավարտվեն»։ Հետաքրքիր է, Նադարեիշվիլու կողմից առաջարկվող այն մեխանիզմը, որի գործադրումով, վերջինիս պատկերացմամբ, հնարավոր կլինի պատժել Աբխազիայում էթնիկ զտումներ կատարած հանցագործներին։ Ըստ այդմ, նա լրջորեն պատրաստվում է հարցը բարձրացնել Հաագայի միջազգային դատարանում, ինչն առաջարկում է անել նաեւ Ադրբեջանին՝ պատժելու համար էթնիկ զտումներ իրականացրած ղարաբաղցիներին։ «Միասնական ջանքերով մեզ կհաջողվի մոտեցնել Ղարաբաղի եւ Աբխազիայի հակամարտությունների լուծումը»,- հույս է հայտնել Վրաստանի ԱԱԽ անդամը։ Այս ամենի համապատկերում ենթադրելի է, որ տարածաշրջանում ստեղծված գերբարդ իրավիճակը Վրաստանի առաջնորդներին դեռ երկար կստիպի խուսանավել ոչ միայն երկակի, այլեւ շատ դեպքերում՝ բազմակի ստանդարտների միջեւ։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել