Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Դեկտեմբեր 25,2003 00:00

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է Դեկտեմբերի 25-ին Երեւանի կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված կոնսերվատորիայի հիմնադրման 80-ամյակին։ Կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին։ – Արդյո՞ք համեստ չի նշվում մեր հռչակավոր բուհի հոբելյանը։ – Ձեր հարցը վերաբերում է կառավարական մակարդակով հոբելյանի անցկացմանը։ Այդ առիթով մենք պետք է դիմեինք կառավարությանը, որպեսզի համապատասխան որոշում ընդունվեր կոնսերվատորիայի հոբելյանի անցկացման համար։ Ինչպես գիտեք, նոր են բացվում Երեւանի գլխավոր համերգասրահները: Կոնսերվատորիայի ռեկտորատը վաղուց էր որոշել մեծ շուքով նշել այս հոբելյանը՝ հրավիրելով արտերկրի աշխարհահռչակ երաժիշտներին։ Կարծում եմ, այս նախագիծը հաջորդ տարի կիրագործենք։ Իսկ հոբելյանական տարվա ընթացքում «Կոնսերվատորիա-80» խորագրով արդեն տեղի են ունեցել համերգներ կոնսերվատորիայի ուսանողների, ստաժորների, ասպիրանտների ու պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ։ – Կոնսերվատորիան փաստորեն կադրեր է պատրաստում հանրապետության բոլոր երաժշտական հիմնարկների համար։ – Ավելին, կոնսերվատորիան իր ուղին սկսել է ոչ միայն որպես երաժշտական կրթօջախ, այլեւ տարբեր երաժշտական կոլեկտիվների ստեղծման դարբնոց։ Այստեղից են սկիզբ առել Երեւանի Օպերային թատրոնը (1933թ.), Հայֆիլհարմոնիան (1932-33թթ.), Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (1937թ.), Ֆիլհարմոնիկ նվագախումբը (1941թ.), ՀԳԱԱ արվեստի ինստիտուտը (1958թ.), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (1963թ.), Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան (1980թ.)։ Այս ամենի ակունքներում կանգնած են հայ արվեստի մեծերը։ – Արդեն տասնյակ տարիներ կոնսերվատորիայում կրթվում ու մասնագիտանում են ուսանողներ՝ արտերկրից։ Ներկայացրեք, խնդրեմ, աշխարհի երաժշտական կրթօջախների հետ ձեր համագործակցությունը։ – 1958-ից Երեւանի կոնսերվատորիայում կրթվում են Ֆրանսիայից, Չինաստանից, Գերմանիայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Կանադայից եւ այլ երկրներից ժամանած ուսանողներ, ստաժորներ, ասպիրանտներ։ Համագործակցության պայմանագրեր են կնքվել Մոսկվայի կոնսերվատորիայի, Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական ակադեմիայի, Լովրանի (Խորվաթիա) երաժշտական բարձրագույն դպրոցի հետ։ Այժմ էլ բանակցություններ են տարվում աշխարհի այլ երաժշտա-մշակութային հաստատությունների հետ։ – Յուրաքանչյուր հոբելյարի համար հաճելի է նվերներ ստանալը։ Ի՞նչ նվերներ եք ստացել այս տարի։ – Մեզ համար մեծ նվեր էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թվականը Խաչատրյանական տարի հռչակելու որոշումը ու, անկասկած, մեր ուսանողների մասնակցությունն ու հաղթանակները միջազգային երաժշտական փառատոներում ու մրցույթներում։ ԶրուցեցՍ. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել