Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում էլ են ոգեվորված ու հիասթափված

Դեկտեմբեր 26,2003 00:00

ԱՄՆ-ում էլ են ոգեվորված ու հիասթափված Այդ է վկայում «Արդարություն» դաշինքի ամերիկյան գրասենյակի հայտարարությունն՝ ուղղված հայրենի ընդդիմությանը: Նոյեմբերի 27-ին «Արդարություն» դաշինքի ամերիկյան գրասենյակը, որը շարունակում է գործել այդ երկրում, մի նամակ էր հղել հայաստանյան ընդդիմությանն ու նրա առաջնորդներին: «Առավոտի» ԱՄՆ-ի աղբյուրների պնդմամբ, այդ նամակն ուղարկվել էր, մասնավորապես, ՀԺԿ-ի գրասենյակի հասցեով, բայց, անհայտ պատճառներով, Հայաստանում այդ նամակի մասին քչերն իմացան, որովհետեւ ՀԺԿ գրասենյակն այն գերադասել է ծածուկ պահել: Միաժամանակ հարկ է նշել, որ այս նամակի բովանդակությունը հրապարակվել եւ լայնորեն ներկայացվել է հենց ԱՄՆ հայկական ԶԼՄ-ների միջոցով: Մեզ հաջողվեց նամակի տեքստն ամբողջությամբ ստանալ ԱՄՆ մեր գործընկերներից, իսկ ՀԺԿ-ում պատասխանելով մեր այն հարցին, թե իրենք արդյո՞ք ստացել են Դաշինքի գրասենյակի այդ հայտարարությունը եւ ինչու չեն հրապարակում, ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանն ասաց. «Այո, ՀԺԿ-ն նման նամակ ստացել է եւ դրա բովանդակությունը մեզ համար ընդունելի եւ հասկանալի է, եւ այդ սկզբունքով էլ գործում ենք: Ինչ վերաբերում է այն հրապարակելուն, ապա մեր տեղեկություններով նման նամակներ Դաշինքի ամերիկյան գրասենյակը պետք է որ ուղարկած լիներ նաեւ ընդդիմադիր մյուս կուսակցություններին եւս: Իսկ Դաշինքի ամերիկյան գրասենյակի հետ մեր կապը մշտական է եւ սերտ»: Իսկ նամակում մասնավորապես ասված է. «Ուշադրությամբ հետեւելով վերջին օրերի հայաստանյան զարգացումներին, մենք զգում եւ միաժամանակ ոգեւորվում ենք, որ Վրաստանում ընդդիմության տարած փայլուն հաղթանակը համահունչ տրամադրություններ է ստեղծել նաեւ մեր երկրում: Բնականաբար, այդ շունչը չէր կարող նաեւ չփոխանցվել մեզ՝ «Արդարություն» դաշինքի ամերիկյան շտաբի անդամներիս»: Ապա՝ վերջիններս հարկ են համարել կրկին հիշեցնել, որ 2003-ի ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ «ամերիկահայությունը իր ձայների 93 տոկոսը տվել է ընդդիմությանն ու նրա միասնական թեկնածուին եւ միայն 1 տոկոսը՝ Հայաստանի մերօրյա բռնակալին եւ իրեն աջակցող հանցագործ տարրերին»: Ինչպես ամերիկահայ ընդդիմադիրների այս նամակից պետք է եզրակացնել, այսօր վերջիններս մասամբ հիասթափված են հայրենի ընդդիմությունից եւ ահա թե ինչու. «Մենք ուշի-ուշով հետեւում ենք Հայրենիքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության, անում սեփական կանխատեսումներ եւ հետեւություններ: Սույն գրության նպատակը հիմնականում կայանում է հետեւյալում. վերոհիշյալ 93 տոկոս ընտրողների եւ Հայրենիքի ցավերով ապրող ողջ ամերիկահայության անունից խնդրում ենք Ձեզ, ինչ-որ տեղ նաեւ պահանջում, այս անգամ հաղթելու համար չկրկնեք անցյալի պարզունակ սխալները, առանց անհարմար զգալու օգտագործեք վրացիների փորձն ու մարտավարությունը: Մենք ներկայումս հայտնվել ենք նույն իրավիճակում, որում կային նրանք մինչեւ Շեւարդնաձեի հրաժարականը: Նրանք հաղթեցին, որովհետեւ միասին էին եւ ԼԻԴԵՐԻ հարց նախօրոք չէին բարձրացնում»: Ապա՝ ամերիկահայ ընդդիմադիրները շեշտել են, թե ընդդիմության այն գործիչը, ով «բացի Քոչարյանին ու իր հանցավոր բանդային քշելուց ուրիշ հարց բարձրացրեց կամ՝ նրա հետ է, կամ՝ պարզապես տհաս է: Այս բանը բացահայտ պետք է հայտարարվի ողջ ժողովրդին: Միայն Հայաստանը խունտայի ձեռքից ազատելուց հետո կարելի է նորմալ, ժողովրդավարական ընտրություններով որոշել լիդերի եւ ընտրյալների հարցը: Մենք էլ ողջ Սփյուռքով այդ հարցում կանգնած ենք Ձեր թիկունքին»: «Արդարություն» դաշինքի ամերիկյան գրասենյակը դեռ հույս ունի, որ Հայաստանում առաջիկա շաբաթների ընթացքում համաժողովրդական անհնազանդության եւ վստահության հանրաքվեի միջոցառումներ են լինելու եւ հենց այդ հույսով էլ կոչ է արել իր հայաստանյան զինակիցներին. «եթե այդ ժամանակ ընդդիմության առաջնորդներից որեւէ մեկը կրկին հիշեցնի իր լիդերության մասին, այն ժամանակ մենք էլ կհիշեցնենք այս նամակի մասին» ու եզրափակել. «Մենք պետք է հաղթենք, որովհետեւ այլեւս նահանջի տեղ չունենք»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Ցանկալի կլիներ, որ ԱՄՆ-ում ապրող ՀՀ քաղաքացիները «Հայրենիքի դարդով տառապեն» հենց Հայրենիքում, ոչ թե Լոսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031