Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ

Դեկտեմբեր 26,2003 00:00

ԳԱԶՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ Նոր տարին, իրոք, գազի հին սակագներով կդիմավորենք, բայց մինչեւ հունվարի 9-ը։ Դրանից հետո չի բացառվում, որ սակագների փոփոխություն կլինի, քանի որ այդ օրը նախատեսված է Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի եւ «Հայռուսգազարդ»-ի հետաձգված նիստը։ Երեկ Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված սակագնի բարձրացման հրապարակային քննարկումն էր։ «Հայռուսգազարդը» նախատեսում է 1000 մ3 գազի գործող 80,1 դրամ սակագինը բարձրացնել 95,7 դրամի։ Հանձնաժողովը գազ մատակարարող ընկերության անդամների հետ 90 օրյա քննարկումների արդյունքում որոշում էր կայացրել գազի սակագինը թողնել անփոփոխ։ Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքերով, 90 օրերի քննարկումների արդյունքում հանձնաժողովի աշխատակազմի անդամները եւ «Հայռուսգազարդ»-ի ներկայացուցիչները բազմաթիվ վիճելի հարցերի շուրջ այդպես էլ համաձայնության չէին եկել։ «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանի կարծիքով, հանձնաժողովի աշխատակազմի բերած հիմնավորումները՝ սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ, իրատեսական չեն եւ այդ պարագայում համակարգը կորցնելու վտանգ կա։ Հանձնաժողովի սահմանած 3% շահութաբերությամբ, ըստ Կ. Կարապետյանի, գազ մատակարարող ընկերությունը չի կարող աշխատել. «Ես ակնկալում եմ այնքան շահութաբերություն, որքան դրված է էներգետիկ համակարգում (17%)։ Իսկ պարզ թվաբանությամբ՝ շահութաբերությունը պետք է լինի ավելի շատ, քան բանկում տեղաբաշխված գումարի դեպքում է։ Նման պարագայում գազիֆիկացման բոլոր մեր աշխատանքները կդադարեցնենք»։ Հանձնաժողովի անդամների հիմնավորումներին բազմաթիվ հակափաստարկներ բերելով, Կ. Կարապետյանը միջնորդություն արեց այս հարցը լրացուցիչ ուսումնասիրել, քանի որ հանձնաժողովի կողմից առաջարկվող սակագինն ըստ նրա, լուրջ խնդիրներ կառաջացնի «Հայռուսգազարդի» համար։ Լ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել