Լրահոս
Օրվա լրահոսը

Բդով եւ առանց բդի

Դեկտեմբեր 27,2003 00:00

Բդով եւ առանց բդի Ամփոփելով տարին, որոշեցինք ճշտել արտախորհրդարանական քաղաքական ուժերի նախասիրությունները՝ տոնական սեղանների առիթով։ ՀՌԱԿ նախագահ Հարություն Առաքելյանից տեղեկացանք, օրինակ, որ քանի դեռ ՀՌԱԿ-ը խորհրդարան չի վերադարձել, իր տոնական սեղանին լինելու է քաղցրավենիք, միրգ եւ շամպայն։ ՀՌԱԿ ամանորյա սեղանը բդային դրսեւորումներից առաջիկա չորս տարիների ընթացքում անմասն է մնալու։ Իսկ հետոն, ինչպես ասում են, Աստված գիտե՝ մեկ էլ տվյալ շրջանի իշխանությունը։ Բուդը որոշեց բոյկոտել նաեւ «Արժանապատիվ ապագայի» նախկին լիդեր Լյուդմիլա Հարությունյանը։ Ուրախությամբ արձանագրենք, որ պատճառն ամենեւին էլ կուսակցության չգրանցումը չէ, այլ սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Կուսակցության՝ Արմեն Դարբինյանի թեւը գներից բողոք չունի։ Խոզի ամենաարժանապատիվ հատվածը, որը Ա. Դարբինյանի համակիր Ռոբերտ Ասատրյանը տեսնում է իր տոնական սեղանին՝ բուդն է։ Ամենաարժանապատիվ խմիչքը կոնյակն է, աստղերն էլ՝ ինչքան շատ, այնքան լավ։ Իսկ «արժանապատիվ ապագայի հաշվով ժողովուրդը կարո՞ղ է ձեզ վրա հույս դնել» հումորից Ռ. Ասատրյանը լրջացավ. «Այո, իհարկե»։ «Խոզի ո՞ր հատվածն եք նախընտրում ձեր սեղանին» հարցին ՔԴՄ նախագահը իր երիտասարդ տարիների մի հումոր հիշեց. «Ագռավն ունի երկու ոտք, նամանավանդ ձախ»։ Նամանավանդ ձախ ուտեստը Խ. Հարությունյանը յոլա կտանի գարեջրով։ Իսկ ժողովրդին պարոն Հարությունյանը մաղթում է. «Ինչքան կարող եք՝ լոտո շահեք»։ Նորացված կոմունիստ Ռոբերտ Ահարոնյանի սեղանին բուդն իր պատվավոր տեղն է ունենալու։ Տոնածառին անպայման կարմիր աստղ է լինելու, մոմեր եւ կարմիր դրոշներ։ Քաղցրավենիքները զարդարված են լինելու մուրճ ու մանգաղով։ Պարոն Ահարոնյանի բալիկներին նոր տարվա գիշերն այցելելու է Ձմեռ պապը եւ բերելու է Լենին պապի հատորյակներից։ Ինչ վերաբերում է շամպայնին, քանի որ «Սովետսկի» չկա, ընկեր Ահարոնյանը ստիպված հայկական կիսաչոր կըմպի։ Ազգայնական Արմեն Ավետիսյանի հումորը սեւ էր։ Նա իր տոնական սեղանին նախընտրում է «թուրքի ականջ, գերմանական շնաբս եւ վրացիների տոտիկներ»։ ՀՀՇ-ականներն, հավանաբար, սեղանին կունենան խոզի աջ բուդը, հայ-թուրքական սեւ խավիար եւ ազատական վիսկի։ ՀԺԱՄ-ականները թերեւս կնախընտրեն միջին չափսի խոճկոր՝ միջին թնդության որեւէ ըմպելիքով։ Հնչակներն էլ, ըստ երեւույթին, «հոնի» օղիով «հոնի» կենացը կխմեն։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել