Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶՆ ԷԼ ԹԱՆԿԱՑՐԻՆ

Հունվար 10,2004 00:00

ԳԱԶՆ ԷԼ ԹԱՆԿԱՑՐԻՆ ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի երեկ կայացրած որոշմամբ, մարտի 1-ից մեկ խորանարդ մետր բնական գազի գինը կբարձրանա 8 դրամով՝ 51-ից կազմելով 59 դրամ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին հանձնաժողովը նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 9-ը, ժամանակ տալով «ՀայՌուսգազարդին»՝ լրացուցիչ հիմնավորումներ հայթայթելու եւ հանձնաժողովի հետ բանակցային-համոզչական աշխատանք տանելու։ Տոնական օրերն աշխատեցին ի նպաստ ընկերության՝ հանձնաժողովը երեկ փոխեց սակագինը չբարձրացնելու իր նախնական որոշումը եւ քննարկման ներկայացրեց եւս երկու նախագիծ։ Մեկով առաջարկվում էր ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցողների համար բարձրացնել 1000 խմ գազի դիմաց սակագինը 8 հազար դրամով, իսկ 10 հազար եւ ավելի սպառման դեպքում անփոփոխ թողնել $79,1-ին համարժեք դրամ գործող սակագինը։ Մյուս նախագծով սահմանվում էր բարձրացում նաեւ 2-դ կետով՝ $79,1-ը դարձնել $81,5։ Արդյունքում անցավ այն տարբերակն, ըստ որի, փոխվեց միայն ամսական մինչեւ 10 հազար խմ գազ օգտագործողների համար գործող 1000 խմ-ի համար 51000 դրամ մինչ այդ գործող սակագինը, այսուհետեւ կազմելով 59 հազար դրամ։ «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե նախորդ նիստից հետո ինչպիսի՞ նոր հիմնավորումներ են ներկայացրել հանձնաժողովին։ Պարզվեց՝ ոչ մի, բայց՝ «եթե այս նիստում սակագինը փոխվեց, ուրեմն շատ ինտենսիվ ենք ժամանակը օգտագործել»։ Այսինքն, հանձնաժողովի որոշման մեջ խառն էր նաեւ ընկերության տնօրենի՞ մատը։ Իսկ գուցե՝ ո՞չ միայն նրա։ Նշենք, որ «ՀայՌուսգազարդն» իր հայտում ներկայացրել է ոչ թե 59 հազար դրամի, այլ՝ $102,1 (1000 խմ-ի դիմաց) սակագնի չափ, որը Կենտրոնական բանկի կողմից 2004թ. մեկ դոլարի համար սահմանած 589,3 դրամ փոխարժեքի վերածելով՝ որոշակի տարբերություն է տալիս։ Ի դեպ, արդեն հաստատված սակագինը նկատելի փոփոխություն է մտցնելու նաեւ սպառողի գրպանում։ Հաշվարկված է, որ յուրաքանչյուր ընտանիք տարեկան օգտագործում է միջինը 1000-1200 խմ բնական գազ։ Այսինքն, այսուհետեւ նա կվճարի տարեկան 8-10 հազար կամ ամսական 700-800 դրամ ավելի շատ, քան վճարում էր։ Առանձին ուսումնասիրման խնդիր է, թե բնակչության համար առաջնային օգտագործման ապրանք եւ սնունդ արտադրող փոքր ու միջին ձեռնարկություններն ամսական ինչքա՞ն գազ են օգտագործում, դրանց ո՞ր տոկոսն է «ընկնում թանկացման տակ» եւ ինչպե՞ս դա կանդրադառնա նրանց արտադրանքի գների վրա։ Հանձնաժողովն իր նախնական տեսակետը վերանայելը պատճառաբանում էր հանրապետությունում գազիֆիկացման տեմպերը չթուլացնելու ազնիվ մղումով՝ «համակարգի զարգացումը խիստ կարեւոր է երկրի տնտեսության համար եւ մենք նպատակ չունենք դրան խոչընդոտել»։ Այդ պատճառով էլ ընդունվեց մի որոշում, որով, ըստ նախնական հաշվարկների, «ՀայՌուսգազարդի» շահութաբերությունը 3%-ից կբարձրանա 6%-ի։ Բայց ընկերության տնօրենը «խոստացավ», որ այս տարի արդեն իրենք չեն կարող կատարել գազիֆիկացման ծրագրային առաջադրանքները, հետեւաբար՝ 2007-ին չեն ավարտի հանրապետության գազիֆիկացումը, քանի որ «այս սակագները մեր տեմպերը կթուլացնեն, մենք մինչ օրս 3 մլրդ 900 մլն դրամ ենք ներդրել, ե՞րբ եւ ինչպե՞ս պիտի հետ բերենք այդ գումարը»։ Իհարկե, գործող կանոնակարգով, 6 ամիս հետո ընկերությունը կարող է սակագնի բարձրացման նոր հայտ ներկայացնել Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով, «ու երեւի թե կներկայացնենք, որովհետեւ այլ ելք չունենք»։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խիստ զգուշացրեց ոչ միայն «ՀայՌուսգազարդին», այլեւ մնացած ընկերություններին. «Այսուհետեւ հանձնաժողովը քննարկման չի վերցնի այն հայտերը, որոնք կներկայացվեն առանց տվյալ համակարգի ներդրումային ծրագրի»։ Հանձնաժողովը ջրի սակագների քննարկումը կսկսի փետրվարի վերջին, որից հետո նիստի օրակարգ կմտնի Ատոմակայանի հայտը։ Վերջինս կլսվի մինչեւ նախատեսված 90-օրյա ժամկետը, քանի որ հանձնաժողովը լավ ծանոթ է հայտի բազային տեղեկություններին, ինչը չի կարելի ասել հանձնաժողովին անծանոթ ջրային ոլորտի մասին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Թվերի մի մասը նշված է դրամով, մյուս մասը՝ ԱՄՆ դոլարով, այնպես, ինչպես նշված է հանձնաժողովի որոշման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել