Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄԻ

Հունվար 16,2004 00:00

ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄԻ Ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ տալու համար պետք է քննություններ կազմակերպվեն: Այդ քննությունների անհրաժեշտությունը ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը հիմնավորում է հետեւյալ կերպ. «Գրեթե 10 տարի ոչ պետական բուհերը գործել էին, բայց պետությունը չէր իրականացրել կրթության որակի ստուգում։ Պետությունը իսկապես պարտք ուներ այդ բաց թողած տասը տարիների շրջանավարտների հանդեպ. գիտելիքների գնահատման գործընթաց չկազմակերպելը ճակատագրական չպետք է դառնար այդ մարդկանց համար»: Քննությունների անցկացման ժամանակացույցն արդեն սահմանվել էր եւ ընդգրկում էր 2003-2006 թվականների ժամանակաշրջանը: ԿԳ նախարարությունը պատրաստ էր քննությունների առաջին փուլն անցկացնել 2003-ի հունիս-հուլիս ամիսներին։ Սակայն ոչ կոալիցիոն նախարար Լեւոն Մկրտչյանը, հաշվի առնելով, որ նույն պահին են բուհերի ավարտական եւ ընդունելության քննությունները եւ մասնագետների աշխատանքի ու հանգստի հետ կապված խնդիրներ կառաջանան, նպատակահարմար համարեց քննությունները հետաձգել մինչեւ 2003-ի նոյեմբեր։ Իսկ 2003-ի նոյեմբերին էլ, արդեն կոալիցիոն նախարար Սերգո Երիցյանը որոշեց քննությունները հետաձգել մինչեւ 2004 թվական, երբ կընդունվի «Բարձրագույն մասնագիտական եւ հետբուհական կրթության մասին» օրենքը։ Արա Ավետիսյանի կարծիքով, հնարավոր է, որ այս օրենքով լուծվի դիպլոմների հավասարության խնդիրը եւ ոչ պետական բուհերի շրջանավարտների մի մասի համար վերանա նորից քննություն տալու անհրաժեշտությունը։ «Բարձրագույն մասնագիտական եւ հետբուհական կրթության մասին» օրենքի ընդունումից հետո, երբ կհստակեցվի «նախորդ տարիների շրջանավարտ» ձեւակերպումը (ամենայն հավանականությամբ, սրանք կլինեն օրենքի ընդունման պահին արդեն շրջանավարտ եւ առաջիկա մեկ տարում ավարտողները), չհավատարմագրված բուհում կամ չհավատարմագրված մասնագիտությամբ սովորողի պետական նմուշի դիպլոմ ստանալու միակ հնարավորությունը կլինի հավատարմագրված բուհ տեղափոխվելը։ Քննությունների կազմակերպիչները հատուկ անդրադարձել են նաեւ չհավատարմագրված բուհում հավատարմագրված մասնագիտության շրջանավարտների խնդրին. «Քանի որ այս շրջանավարտները քննությունները հանձնել են միասնական հարցաշարով եւ միասնական հանձնաժողովին, ուստի նրանց մեխանիկորեն կտրվի պետական նմուշի դիպլոմ, բայց կազմակերպվելիք քննություններին զուգահեռ»։ ԿԳ փոխնախարարից ստացած տեղեկություններից պարզվում է, որ ոչ պետական բուհերի շրջանավարտները առանձնապես ակտիվ չեն։ Տասը տարիների մոտ 17-18 հազար շրջանավարտից 2003-ին պետականորեն «վերաքննվելու» ցանկություն է հայտնել միայն 800-ը: Նրանց գերակշիռ մասը՝ 460-ը, իրավագետ է, 200-ը՝ տնտեսագետ, մնացածը՝ այլ մասնագետներ: «Օրինակ, գեղեցիկ արվեստների ակադեմիայի ընդամենը մեկ շրջանավարտ է մեզ դիմել», – տեղեկացրեց պրն Ավետիսյանը։ Յուրաքանչյուր դիմորդ կվճարի կամ արդեն վճարել է 5000 դրամ եւ կհանձնի 2-3 քննություն։ Ընդհանուր առմամբ, կկազմակերպվի 38 քննություն՝ 28 մասնագիտության գծով։ Ոչ պետական բուհերը, սակայն, ձեռքները ծալած նստած չեն։ Արա Ավետիսյանի հավաստմամբ, ԿԳ նախարարության լիցենզավորման ծառայության եւ նրա ղեկավարի հետ կապված աղմկոտ պատմություններից հետո, շատ հաստատություններ նախկինում ստացած փաստաթղթերով դատական հայցեր են ներկայացնում եւ հավատարմագրվում. այս ճանապարհով 7 հաստատություն 16 մասնագիտության գծով հավատարմագիր է ստացել։ Այժմ ՀՀ-ում գործում է 69 ոչ պետական բուհ (2000 թվականի 96-ի փոխարեն), որից 23-ը հավատարմագրված է, 7-ն էլ ունի հավատարմագրված մասնագիտություններ։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել