Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԿԲԱՑՎԵՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հունվար 16,2004 00:00

ԵՐԲ ԿԲԱՑՎԵՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ Առողջապահության նախարարության հիգիենիկ-հակահամաճարակային տեսչությունից պարզեցինք, որ դեռեւս վերջնականապես պարզ չէ, թե երբ կբացվեն մայրաքաղաքի դպրոցներն ու մանկապարտեզները, որ փակվել էին դեկտեմբեր ամսից՝ գրիպի համաճարակի պատճառով: Տեսչության համաճարակաբան Թագուհի Հակոբյանից տեղեկացանք, որ դպրոցների ու մանկապարտեզների բացման վերաբերյալ որեւէ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: Մոտավոր տվյալներով, դպրոցները հնարավոր է բացվեն հունվարի 25-ից հետո: Սակայն այդ օրերին տեսչությունը դեռեւս պետք է վերջնական մոնիտորինգ անցկացնի եւ ճշտի հիվանդների թիվը, արդյո՞ք վերջինս չի գերազանցում սահմանը: Այս պահին էլ հիվանդների թիվը բարձր է համարվում: Ըստ Թ. Հակոբյանի, սուր-շնչառական վիրուսային վարակիչ հիվանդությունների դեպքում սովորաբար ավելի մեծ է լինում մանկապարտեզային տարիքի երեխաների թիվը, քան դպրոցահասակներինը: Առաջիկա օրերին հիվանդացության թվի նվազման դեպքում էլ տեսչությունը խիստ հսկողություն կսահմանի դպրոցներում եւ մանկապարտեզներում՝ սենյակային ջերմաստիճանը 18-20 պահպանելու հարցում: Հարցին, թե հատկապես մանկապարտեզներում արդյոք վերահսկվո՞ւմ է, որպեսզի հիվանդ երեխան չհաճախի ու վարակի մյուսներին. չէ՞ որ այդտեղ սովորաբար խմբերը մեծ են լինում, վարակվելու հավանականությունը՝ նույնպես, Թ. Հակոբյանը պատասխանեց, որ մանկապարտեզներում միշտ էլ եղել են հատուկ ֆիլտրեր, որոնց օգնությամբ ամեն օր ստուգվում է, թե որ երեխան ունի հիվանդության ախտանիշներ: Իսկ հիմա այդ ֆիլտրերով ստուգումն առավելագույնս կխստացվի: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել