Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կլսվի Հայաստանի մասին զեկույցը

Հունվար 27,2004 00:00

Այսօր կլսվի Հայաստանի մասին զեկույցը Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը լավատես է Այսօր Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կլսվի ԵԽ դիտարկման հանձնաժողովի զեկույցը Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին։ Զեկույցը կներկայացնի դիտարկման խմբի ղեկավար Յեժի Յասկերնիան։ Հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ մեզ հետ հեռախոսային զրույցում մասնավորապես ասաց, որ հայաստանյան պատվիրակությունը երեկ, Երեւանի ժամանակով ժամը 19-ի դրությամբ արդեն հանձնաժողովին է հանձնել Հայաստանի կողմից արված առաջարկների փաթեթը։ Հիշեցնենք, որ հիմնական փոփոխությունը, որը հայաստանյան պատվիրակությունն ակնկալում է կատարել դիտարկման խմբի զեկույցում, վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպման փոփոխությանը։ Հիշեցնենք նաեւ, որ այս տեքստում «Ադրբեջանի» բառն ավելացել էր հունվարին՝ ադրբեջանցի պատվիրակի առաջարկով։ Տ. Թորոսյանն ասաց, որ հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «մոտ մեկ տասնյակ պատվիրակությունների հետ, որոնք խոստացել են աջակցել մեր առաջարկությունների ընդունմանը, որովհետեւ առաջարկությունները վիճելի բաներ չեն պարունակում իրենց գնահատականներով»։ Պրն Թորոսյանը չուզեց նշել, թե կոնկրետ ո՞ր երկրների պատվիրակությունների հետ են հանդիպել, որովհետեւ, ըստ ամենայնի, ադրբեջանցիները շատ ուշադիր հետեւում են դեպքերի զարգացմանը եւ կարող են մի քանի ժամվա մեջ ամեն ինչ խառնել։ Երեկ Երեւանի ժամանակով ժամը 20-ի դրությամբ Հայաստանի պատվիրակությունը դեռ չէր ստացել բոլոր առաջարկությունների փաթեթները, որպեսզի պարզ լինի, թե ինչ ծավալի ու բնույթի են դրանք։ Պարզ է, որ ադրբեջանցիները եւս ունեն առաջարկություններ։ Երեկ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցին վերաբերող զեկույցը, որում Ադրբեջանը ներկայացրել էր յոթ փոփոխություն-առաջարկ՝ եզրակացության մեջ ընդգրկելու համար։ Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ՝ այս փաստաթղթի վերաբերյալ Հայաստանը ոչ մի առաջարկություն չի ներկայացրել։ Մեր հարցին, թե Հայաստանի հանդեպ տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «նրանք, ում հետ մենք խոսել ենք, լավ են տրամադրված»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել