Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ձախողումների սպասումո՞վ

Հունվար 27,2004 00:00

Նոր ձախողումների սպասումո՞վ «Այժմ կողմերի ելակետային դիրքորոշումները շատ ավելի տարբեր են, քան 2-3 տարի առաջ»,- խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, «ԻՏԱՌ- ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը։ Սա թերեւս վերջին տարիներին միջնորդ երկրի բարձրաստիճան ներկայացուցչի կողմից արված այն եզակի հայտարարություններից է, որը ճշգրիտ կերպով արտացոլում է իրերի դրությունը։ Հակամարտության կողմերի դիրքորոշումներն անհուսալիորեն հեռացել են իրարից եւ, դատելով ամեն ինչից, առաջիկայում այդ ճեղքվածքն ավելի կխորանա։ Ասել, թե դրա պատճառը, մասնավորապես, բանակցությունների Ադրբեջան-ԼՂՀ ֆորմատի նենգափոխումն է Ադրբեջան-Հայաստան ֆորմատի, նշանակում է ոչինչ չասել, քանզի այդ թեման այնքան է ծեծվել, որ դրա ճշմարտացիությունը սկսել են ընդունել անգամ իրենք՝ ՀՀ իշխանությունները։ Սակայն այդ մասին բարձրաձայն խոսում են միայն ԼՂՀ ղեկավարները, ստիպելով մտածել, որ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ դարձյալ ինչ-ինչ անհամաձայնություններ են սկզբնավորվել։ Տագնապեցնողն այն է, որ Երեւանում կարծես թե անհրաժեշտ հետեւություններ չեն արել ստեղծված իրավիճակից։ Վարդան Օսկանյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ եւ ի շարս այլ հարցերի, բնականաբար, քննարկվել է ԼՂՀ խնդիրը։ Ըստ ԱԳՆ մամլո ծառայության տրամադրած տեղեկատվության, այդ հանդիպման ընթացքում «կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ուղիղ բանակցությունների շարունակականությունը»։ Այս համատեքստում թերեւս արժե հիշել, որ Ռ. Քոչարյան-Հ. Ալիեւ բազմաթիվ երկկողմ հանդիպումները, որոնք ըստ էության, ոչ այլ ինչ էին, քան բանակցությունների՝ 1994թ. ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովի ժամանակ ամրագրված ձեւաչափի նենգափոխում, ժամանակին նույնպես «կարեւորվում էին», որակվելով իբրեւ փոխշփումների շարունակականության դրական ցուցանիշ։ Մյուս կողմից, ՌԴ փոխարտգործնախարար Տրուբնիկովի արձանագրած՝ «կողմերի ելակետային դիրքորոշումների տարբերության խորացումը», փաստորեն, տեղի է ունեցել հենց այդ երկկողմ հանդիպումների երկար ու անպտուղ շարքին համընթաց, նույնն է, թե՝ «վերջին 2-3 տարիների ընթացքում»։ Ստացվում է, որ դարձյալ «կարեւորելով» նախագահների միջեւ «ուղիղ բանակցությունների շարունակականությունը», ի սկզբանե անհաջողության է դատապարտվում բանակցային հետագա գործընթացը, քանզի փորձն ամենաակնառու կերպով արդեն ցույց է տվել, որ լավագույնը, որ կունենանք դրանց արդյունքում, կլինի կարգավորման երկարաձգումը եւս 2-3 տարով։ Իսկ դրա գինը կլինի կողմերի դիրքորոշումների այլեւս անդառնալի տարամիտումը։ Թե ինչ կլինի դրանից հետո, դժվար է ասել։ Սակայն այս պարագայում չափազանց հեշտ է կանխորոշել Հայաստանի տնտեսության վիճակը, որը, թերեւս, կշարունակի տարօրինակ կերպով աճել փակ համակարգում, հանգեցնելով էլ ավելի տարօրինակ, եթե չասենք՝ աղետալի հետեւանքների։ Ինչ վերաբերում է բուն Ղարաբաղին, ապա այս միավորը սկսել է ինքնուրույնության ավելի ու ավելի ակնհայտ ցույցեր անել։ ԼՂՀ ղեկավար Արկադի Ղուկասյանը օրերս նշել է, թե չի պատրաստվում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյքի Թալվիթիեի հետ հանդիպում ունենալ Երեւանում, իսկ եթե վերջինս ուզում է հանդիպել իրեն, թող ժամանի Ստեփանակերտ։ Արդեն հետաքրքիր է։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել