Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթի գներ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ

Հունվար 30,2004 00:00

Նավթի գներ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ ժամանակ առ ժամանակ մեր գործարարները այս կամ այն ապրանքի, առաջին հերթին՝ նավթամթերքի թանկացումը բացատրում են նավթի համաշխարհային գներով: Վերջին 3 տարում այդ գներն իսկապես աճել են: Նավթի համաշխարհային գների համար գլխավոր կողմնորոշիչներից մեկն ընդունված է համարել Լոնդոնի միջազգային նավթային բորսայում կատարված գործարքները: Այս օրերին Լոնդոնի բորսայի սակարկություններում «Բրենտ» մակնիշի նավթի գինը մոտ է $30-ին՝ 1 տակառի դիմաց: Նավթի գինը որոշող գործոնները զարմանալիորեն բազմապիսի են՝ փոթորիկ Մեքսիկական ծոցում, Բուշի հայտարարությունը, որ ահաբեկիչները կարող են հարձակվել այսինչ լցանավի վրա, խնդրի շուրջ որեւէ հեղինակավոր խորհրդատվական ընկերության զեկույցը, կլիմայական երեւույթները, դոլար-եվրո հարաբերությունները եւ այլն, եւ այլն: Բայց տասնամյակների կտրվածքով գլխավոր միտումը ձեւավորում է այն հանգամանքը, որ, ինչպես ցանկացած օգտակար հանածո, նավթի պաշարներն անսպառ չեն՝ դրանք մի գեղեցիկ օր կվերջանան, իսկ մարդկային միտքն առայժմ չի հնարել ինչ-որ մի էներգակիր, որը լիովին եւ ամբողջությամբ կփոխարինի նավթին: Այդ է պատճառը, որ առանձին տատանումներով հանդերձ, նավթի գինն ընդհանուր առմամբ բարձրանալու միտում ունի: Երեկ, օրինակ, Reuter-ը հաղորդեց, որ ԱՄՆ-ում նավթի պաշարները (ոչ ռազմավարական) կրճատվել են մինչեւ 28 տարվա նվազագույնը: Վերջին տարիների զարգացումները կարծես թե հաստատում են այդ միտումը: Նույն «Բրենտ» տեսակի նավթի գնի դինամիկան հետեւյալն է. 2001 թ.՝ միջինը $24,5, 2002թ.՝ $25, 2003թ.՝ $28: Ըստ որոշ վերլուծաբանների, այս տարվա ընթացքում գները կկայունանան $25-26-ի սահմաններում: Նավթի գնի վրա ազդող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից, իհարկե, պետք է առանձնացնել նավթ արտահանող երկրների ՕՊԵԿ կազմակերպության գործոնը՝ 11 պետություն միավորող այդ կազմակերպությունը արտադրում է համաշխարհային նավթի 40%-ը: Անցած տարվա վերջին ՕՊԵԿ-ի նախագահը՝ Աբդալա բեն Համադ ալ-Ատիյա երկարաշունչ անուն-ազգանունով, հայտարարեց, որ իրեն պարտավորված չի զգում պահպանել ավելի վաղ հայտարարված $22-28 «միջանցքը», որը, իր խոսքերով, ստեղծված է նորմալ շուկայական պայմաններում գործելու համար: «Ոչ նորմալ շուկայական պայմանների» տակ նա հասկանում է, մասնավորապես, ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրների (Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ղազախստանի) վարքը շուկայում: Փետրվարի 9-10172ը Ալժիրում ՕՊԵԿ-ը որոշում է ընդունելու արտահանման քվոտաների մասին, որոնք, ըստ նախնական խոսակցությունների, կազմելու են ոչ ավելի, քան օրական 24,5 մլն տակառ, ինչը նշանակում է նավթի բավականին բարձր գնի պահպանում: Երկրորդ՝ շուկայի համար օբյեկտիվ, իսկ մարդկության համար՝ շատ սուբյեկտիվ գործոն է Իրաքի պատերազմը: Իրաքը նավթի պաշարների տեսակետից աշխարհում երկրորդ երկիրն է (առաջինը Սաուդյան Արաբիան է): Նրա «ապացուցված» պաշարները կազմում են 16 միլիարդ տոննա (աշխարհի նավթի 11%172ը), իսկ «կանխատեսվող» պաշարները 30-40 միլիարդ տոննա են: Այդ երկրի լավագույն տարին 1979-ն էր, այնուհետեւ սկսվեցին բազմաթիվ պատերազմները, որոնք քայքայեցին նավթարդյունաբերության ողջ ենթակառուցվածքը: Վերականգնման համար անհրաժեշտ են խաղաղության առնվազն 1 տարի ժամանակ եւ հսկայական ներդրումներ: Ներկայումս Իրաքն արտահանում է օրական 2,05 մլն տակառ: Նավթի գնի իջեցումը, ըստ Համաշխարհային բանկի մասնագետների, տեղի կունենա, երբ Իրաքը հասնի 2,5 միլիոն տակառի արտահանման: Լավատեսական սցենարով, 2005 թվականին Իրաքի՝ նավթի համաշխարհային շուկայում ակտիվ ներգրավմամբ, նավթի գները կիջնեն միջեւ $20՝ 1 տակառի դիմաց: Բայց դա, միեւնույն է, կլինի ավելի թանկ, քան 1999-ին էր, երբ նավթի շուկան կայուն էր: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել