Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

Ապրիլ 10,2004 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ Երեկվա հանրահավաքն անցավ առանց միջադեպերի Միասնական ընդդիմությանը՝ «Արդարություն» դաշինքին ու «Ազգային միաբանությանը», երեկ հաջողվեց խոստման տերը լինել եւ բազմահազարանոց հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։ Իշխանությունները փակել էին մայրաքաղաք բերող ճանապարհները՝ պարեկային կրկնակի հսկողություն սահմանելով։ Սակայն, ըստ էության, հանրահավաքը կանխելու, խանգարելու կամ սադրելու ուրիշ լուրջ միջամտություն չեղավ։ Թեեւ միջամտություն էր նաեւ բարձրախոսների հետ կապված միջադեպը՝ երբ խանգարել էին բարձրախոսները ժամանակին բերել հրապարակ։ Օպերայի շրջակայքի սրճարաններում հանրահավաքի սկզբից մի քանի ժամ առաջ եւ հանրահավաքի ընթացքում նստած էին արդեն ծանոթ կերպարանքով՝ «սափրած գլուխներ», Օպերան շրջափակող տարածքում՝ ավտոմեքենաների մեջ եւս նման կերպարանքներ կային։ Հավանաբար, իշխանությունները եվրոպական կառույցների երեկվա ահազանգերից եւ զգուշացումներից որոշ հետեւություններ էին արել։ Ըստ որոշ պնդումների՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար պրն Պրյախինին խոստացել էր բիրտ ուժ չկիրառել ժողովրդավարական գործընթացի դեմ, եւ պահել էր իր խոստումը։ Համենայնդեպս՝ երեկ։ Ընդդիմության առաջնորդները Ազատության հրապարակ մտան բավականին ազդեցիկ շարասյուներով։ «Հանրապետություն» կուսակցության մոտ հավաքվածները պաստառներով, դհոլ-զուռնայով պարեցին, ուրախացան եւ ուղեւորվեցին դեպի Ազատության հրապարակ։ Մաշտոցի պողոտայի մեկ այլ մասից նրանց միացավ Արտաշես Գեղամյանը՝ իր «Ազգային միաբանությունով», Թումանյան փողոցից՝ Ստեփան Դեմիրճյանը՝ ՀԺԿ-ով։ Ընդդիմության առաջնորդները մի քանի անգամ ձեռք-ձեռքի տված ու թեւերը վեր պարզած՝ եռյակ դաշինքով ողջունեցին հավաքվածներին։ Հրապարակում հնչում էր՝ «Մի-ա-ցում», «հաղ-թա-նակ», «Քո-չար-յա՛ն, հեռացիր», «հե-ռա-ցե՛ք» կարգախոսները։ Ցուցարարների բերած պաստառների վրա եւս նույն մտքերն էին։ Իշխանությունները երեկ թեպետ չօգտագործեցին «ձու» օպերացիան, սակայն հանրահավաքի մասնակիցները զգուշանալով, բերել էին ձվի թեմայով մեկ պաստառ. «Ձեր ձվերը՝ ձեզ, Ազատությունը՝ մեզ»։ Հանրահավաքի մասնակիցների համար ընթերցվեց «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» նախորդ օրը ընդունած համատեղ հայտարարությունը։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը նշեց, որ «Ռոբերտ Քոչարյանի հեռացումը մեկանգամյա հանրահավաքով չէ, որ պետք է լուծվի։ Մենք մեր պահանջը դրել ենք, եւ մնալու ենք այնքան, պայքարելու ենք այնքան, մինչեւ Ռ. Քոչարյանը հեռանա»։ Վ. Դալլաքյանը, որին շարունակ հարցաքննությունների են կանչում, կրկնեց այն միտքը, որ ժողովրդի կամքը պետք է իրականացվի եւ «խունտան» պետք է հեռանա: Հանրահավաքի մասնակիցներին շարունակ խորհուրդ էր տրվում ուշադիր լինել, հետեւել, որպեսզի սադրանքներ չլինեն, պահպանել զգոնությունը եւ կարգուկանոնը։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ժողովրդին. «Իմ սիրելի ժողովուրդ, շնորհակալ եմ, քո ցավը տանեմ»։ Արամ Սարգսյանը ժողովրդին ասաց. «Ժողովուրդ, դուք հաղթել եք, չգիտեք, դուք չգիտեք՝ ի՞նչ է կատարվում նախագահական նստավայրում»։ Արամ Սարգսյանը հիշեցրեց. «կային մարդիկ, որ հայտարարեցին, թե 30 հազարը ժողովուրդ չէ։ Թող գան էդ քաղաքական գործիչները, կանգնեն էստեղ ու ասեն՝ դուք ժողովուրդ չեք։ Եթե տղա են՝ թող գան, ասեն»։ Ասվեց, որ հրապարակում լինելու է նստացույց՝ գիշեր ու ցերեկ, եւ որ այսօր ժամը 18-ին կրկին հանրահավաք կլինի։ Հանրահավաքի մասնակիցներին շարունակ տեղեկություն էր տրվում, որ Ջավախքից, հանրապետության տարբեր մարզերից մարդիկ ոտքով եւ ավտոբուսներով մոտենում էին Ազատության հրապարակին։ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը եւս իր խոսքում անդրադարձավ ընդդիմության միասնականությանը եւ երբ խոսեց նաեւ «Հոկտեմբերի 27»-ի մասին, հրապարակում հավաքվածները ձեռքերը վեր պարզեցին որպես միասնական բռունցք։ Արտաշես Գեղամյանն ասաց, որ իշխանությունները ատելություն են սերմանում ժողովրդի մեջ։ «Առաջիկայում կփորձեն շահարկել՝ լավ, Քոչարյանը գնաց, ո՞վ պետք է գա։ Մենք բոլորս պետք է գանք՝ զինված հավաքական կամքով, զինված հավաքական ծրագրով»։ «Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ Ազատության հրապարակում որոշվում է մեր երկրի ապագան. «Ես տեսնում եմ, որ, չնայած բռնություններին, սադրանքներին, մեր ժողովուրդը չի կոտրվել։ Ես տեսնում եմ, թե մեր ժողովուրդը ինչպիսի բարձր կազմակերպվածություն է դրսեւորում, եւ սա երաշխիքն է մեր հաղթանակի»։ Ստեփան Դեմիրճյանը զգուշացրեց բոլոր սադրիչներին. «զերծ մնալ սադրանքներից, եւ եթե ոստիկանությունը չկանխի այդ սադրանքները, կարգուկանոն կհաստատի ժողովուրդը»,- «այո՜», արձագանքեց հրապարակը։ Հանրահավաքը օրվա վերջում վերածվեց նստացույցի։ Ամբողջ գիշեր ընդդիմության առաջնորդները իրար փոխարինելով հերթապահում էին Ազատության հրապարակում՝ նստացույց անող հարյուրավոր մարդկանց հետ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930