Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. ԱՐՍԵՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ԶՈՐՔԻՑ

Ապրիլ 14,2004 00:00

Գ. ԱՐՍԵՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ԶՈՐՔԻՑ Երեկ ԱԺ-ի իշխանամետ քաղաքական ուժերը (ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն, ՄԱԿ-ը եւ «Ժողպատգամավորը») հանդիպել են Ռոբերտ Քոչարյանին եւ, «Առավոտի» ունեցած տեղեկություններով, խելոք աշակերտի պես, հիմնականում լսողի դերում են եղել։ ՀՀԿ-ն ներկայացնող Անդրանիկ Մարգարյանը, Տիգրան Թորոսյանը, ՀՅԴ-ն ներկայացնող Լեւոն Մկրտչյանն ու Արմեն Ռուստամյանը բացարձակ բերանները ջուր առած կարգավիճակում են եղել։ Նրանցից ոչ ոք չի էլ փորձել Ռոբերտ Քոչարյանից պարզաբանումներ ստանալ ապրիլի 12-ի լույս 13172ի գիշերը խաղաղ ցուցարարների դեմ հանված եւ գործի դրված ռազմական ուժի եւ բռնությունների մասով։ Միայն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն է փորձել խոսել ժողովրդավարության կանոններից նահանջի մասին։ Մինչդեռ, ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը ոգեւորված, հանդիպման ընթացքում գովերգել է Ռոբերտ Քոչարյանին եւ նրան խնդրել շնորհակալություն հայտնել զորքերից՝ իրենց գիշերային պահվածքի համար։ Նույն ոգով էր պրն Արսենյանը երեկ արտահայտվում խորհրդարանում։ Լրագրողները փաստում էին, որ խաղաղ ցուցարարների հանդեպ իրականացված բռնությունների արդյունքում Բաղրամյան պողոտան ամբողջությամբ ողողված էր արյունով (երթեւեկելի մասը գիշերվա ընթացքում լվացվել էր, իսկ մայթերին դեռեւս երեւում են արյան հետքեր)։ Պրն Արսենյանն այնքան անլուրջ էր վերաբերվում կատարվածին, որ ասաց, թե դա ոչ թե արյուն, այլ՝ ճաշի հետքեր են։ Իսկ դաժանաբար ծեծված «ՀԺ»-ի թղթակցի մասով նկատեց, թե նա ստացել է իր լրագրողական «պրեմիան»։ Նախագահի հետ հանդիպման ժամանակ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն իր խոսքում դատապարտելի է համարել պատգամավորների նկատմամբ կատարվող բռնությունները եւ ասել է, թե երկխոսության սեղանին չնստելն է հասցրել այսպիսի իրավիճակի։ Ահա այսքանն է «Առավոտը» կարողացել պեղել երեկվա հանդիպումից։ Տեղեկատվության մեջ ընդամենն ասվում է, թե Քոչարյանը իրավիճակի եւ հետագա քայլերի մասին տեղեկություն է հայտնել։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել