Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒՄ Է ԱԿԱՆԱՏԵՍԸ

Ապրիլ 14,2004 00:00

ՊԱՏՄՈՒՄ Է ԱԿԱՆԱՏԵՍԸ Անցած գիշեր ծեծի ենթարկվածների մեջ է եղել նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի տիկինը եւ որդին: Գրիզելդա Ավետիսյանը վկայում է, որ ժողովրդի կողմից որեւէ ագրեսիվություն չի նկատվել. «Գիշերվա ժամը 2-ն էր: Ժողովուրդը կանգնած էր, հնչում էր երաժշտություն, հետո ժողովուրդը սկսեց անհանգստանալ, որովհետեւ մոտեցան զինվորներ եւ վահանները հանեցին, հասկացանք, որ ջրցան մեքենաներն ուզում են առաջ գալ, ժողովուրդը սկսեց գոռգոռալ, առաջնորդներն ասեցին՝ մի անհանգստացեք, սադրանքների մի ենթարկվեք: Սկսեցին պարբերաբար ջրել մարդկանց: Ոստիկաններն ասում են, թե ժողովրդի միջից պայթուցիկով շշեր են շպրտել, բայց այդպիսի բան չի եղել: Հանկարծ տեսա, որ կարմիր բերետավորները ներսում են, ժողովրդի մեջ: Այնինչ երկու կողմից փշալարեր էին: Հասկացանք, որ մտել են ԱԺ ընդունարանից: Հարձակվեցին բարձրախոսի մեքենայի վրա, ջարդեցին խցիկները, մեքենան: Տեսանք, որ մեր կողքերին կանգնած քաղաքացիական հագուստով տղաների ձեռքերին էլ դուբինկաներ կան: Նրանք էլ սկսեցին խփել աջ ու ձախ: Հետո սկսեցին ինչ-որ պայթուցիկներ նետել ժողովրդի մեջ: Ես տաքություն զգացի, նույնն էլ՝ տղաս, որ իմ կողքին էր: Ավելի ուշ զգացի, որ խլացա, հետո տղաս էլ պատմեց, որ նույնպիսի խլություն է զգացել: Ճվճվոց էր ուժեղ, մարդիկ փախչում էին, ոստիկանները խփելով, գոռալով մարդկանց քարշ էին տալիս, տանում էին: Ամենաայլանդակ ձեւով իրենց պահում էին կարմիր բերետավորները եւ ոստիկանները: Կանայք, մեծահասակները, փախչում էին այդ կրակոցներից, բայց հասանք Գրողների միության մոտ, տեսանք, որ Օպերայի կողմից էլ են ճանապարհը փակել, այսինքն ժողովրդին աքցանի մեջ էին առել, չէին թողնում փախչի, իրենց պետք էր, որ անպայման ծեծեին: Անընդհատ կրակում էին, չգիտեմ ինչով էին կրակում, բայց գիտեմ, որ ամբողջ հագուստս պատառոտվեց, ծվեն-ծվեն եղավ, եւ մեջը ռետին էր: Ես չորս տեղից վնասվածքներ ունեմ, տղայիս ոտքերն են վնասվել, այրվածքի հետքեր կան: Հագուստիցս ոչինչ չէր մնացել՝ փեշ, բլուզ, անձրեւանոց, գուլպա, լրիվ ծակծկվել են, մինչեւ մարմինս»: Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել