Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԴԵՄԱԳՈԳԻԱ

Ապրիլ 15,2004 00:00

ԴԵՄԱԳՈԳԻԱ Այս օրերին մեր ոստիկանությունը հենց սրանով է զբաղված Ապրիլի 13-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» ծրագրում ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության հասարակական անվտանգության ապահովման բաժնի պետ Յուրի Չիբուխչյանը շատ հետաքրքիր մեկնաբանություններ արեց ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Նրա ամբողջ հարցազրույցը մենք, իհարկե, չենք քննարկի, բայց չենք կարող չանդրադառնալ գոնե մեկ-երկու դրվագի: Ըստ պարոն Չիբուխչյանի, ընդդիմության նախաձեռնած, ինչպես ապրիլի 9-ի, այնպես էլ 12-ի հանրահավաքներն ու երթը անօրինական են եղել: Հարկ ենք համարում մասնավորապես իրավապահ մարմինների համար լրացուցիչ անգամ մեջբերել՝ եթե ոչ միջազգային համապատասխան օրենսդրությունը, որոնք վավերացված են ՀՀ կողմից, ապա՝ գոնե նրանց ձեռքի տակ եղած ՀՀ Սահմանադրության հոդված 26-ը. «Քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք»: Սա ՀՀ բոլոր քաղաքացիների անքակտելի իրավունքն է, որի դեմ ցանկացած ոտնձգություն հանցագործություն է: Յու. Չիբուխչյանը համոզում է, որ ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքվածները խանգարել են տրանսպորտային միջոցների երթեւեկությանը, մարդկանց տեղաշարժին: Հիշեցնենք, որ հասարակական տրանսպորտի, նաեւ ՀՀ քաղաքացիների տեղաշարժվելու, ինչպես միջազգայնորեն, այնպես էլ ՀՀ Սահմանադրության հոդված 22-ով ամրագրված իրավունքի նկատմամբ ոստնձգություններ են եղել հենց իրավապահների կողմից՝ Երեւանում ընդդիմության նախաձեռնած բոլոր հանրահավաքների օրերին: Հանրահայտ փաստեր են, որ իրավապահներն իրենք են այդ օրերին արհեստական խոչընդոտներ ստեղծել ՀՀ քաղաքացիների՝ մարզերից Երեւան ավտոմեքենայով եւ անգամ ոտքով գալու համար: Պարոն Չիբուխչյանի ասելով, իրավապահները Բաղրամյան պողոտայում հավաքված 2-3 հազար քաղաքացիների նկատմամբ ջրցան մեքենաներ, մահակներ, հատուկ միջոցներ օգտագործել են այն պատճառով, որ վերջիններս բարձր երաժշտություն են միացրել, աղմկել են, հայհոյել են՝ խախտելով հասարակական կարգը եւ չեն ենթարկվել իրավապահների «օրինական» պահանջներին: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի կենտրոնում՝ Թումանյան անցուղում գտնվող 3 շենքերի բնակիչներ՝ թվով ավելի քան 100 մարդ, արդեն մի քանի ամիս դիմումներով հեղեղել էին քաղաքային իշխանություններին եւ այլ ատյաններին՝ բողոքելով շենքերից մեկի ներքնահարկում «Յոժիկ» գիշերային բարում գիշերային ժամերին բարձր երաժշտություն միացնելու, այդ օբյեկտի հաճախորդների կողմից բնակելի շենքի բակում աղմկելու, կռվելու, հայհոյելու եւ ի վերջո մարդկանց հանգստի տարրական իրավունքները ոստնահարելու կապակցությամբ: Այդ քաղաքացիների պահանջներին մեր իշխանություններն ու իրավապահներն այդպես էլ չեն արձագանքել: Իսկ Բաղրամյան պողոտայում երգել-պարելու դեմ դժգոհություններ այդ փողոցի բնակելի շենքերի բնակիչներից ստացվել է, թե՝ ոչ, տակավին հայտնի չէ: Մնում է հարցնել՝ ինչո՞ւ մեր քաղաքացիների հանգստով «մտահոգված» իրավապահները կարմիր բերետավորներ, մահակներով զինված ոստիկաններ չեն ուղարկել կամ հատուկ միջոցներ չեն կիրառել սույն «Յոժիկի» տերերի եւ հաճախորդների նկատմամբ եւս: Փոխգնդապետը վստահեցնում էր, թե իրավապահների կողմից ջրցան մեքենաները, մահակներն ու հատուկ միջոցները կիրառվել են, որովհետեւ ցուցարարների կողմից իրավապահների ուղղությամբ քարեր, փայտե մահակներ են նետվել: Շատ լավ էր, որ փոխգնդապետ Չիբուխչյանի այս պարզաբանումները ուղեկցվում էին նաեւ այդ իրադարձությունների տեսագրությունը ցուցադրելով: Այնտեղ շատ հստակ երեւում էր, որ ցուցարարների շարքում հատուկ առաջադրանքով եւ քաղաքացիական հագուստով հայտնվել էին «օպերատիվնիկներ», ովքեր, նույնիսկ կադրում է երեւում, իրենց բաճկոնների օձիքները, որտեղ սովորաբար թաքցնում են լսող-հաղորդիչ սարքերը, քթներին մոտեցրած նաեւ խոսում են: Ըստ նրա, իրավապահների գործողություններն արդարացված են եղել, ավելին՝ արտերկրում ցուցարարների նկատմամբ նման դեպքերում կարող էին ավելի բազմազան հատուկ միջոցներ կիրառել: Պարոն Չիբուխչյանը կամ չգիտեր, կամ լռեց այն մասին, որ արտերկրում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցները կիրառվում են բացառապես այն դեպքերում, երբ ցուցարարները պարզապես խուլիգանություն են անում, ինչը ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքված խաղաղ ցուցարարների պարագայում տեղի չի ունեցել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել