Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ՈՎ,

Նոյեմբեր 10,2004 00:00

ՈՎ, ԵԹԵ ՈՉ «Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ» Հարցազրույց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ – Մրցույթը ենթադրում է մի քանի սուբյեկտների մատուցում: Սակայն ձեր ղեկավարած մրցութային հանձնաժողովը որոշում կայացրեց՝ «Ղարաբաղ-Տելեկոմին» լիցենզիա տալու մասին հապճեպ, առանց այլընտրանքային առաջարկները քննարկելու: Ինչո՞ւ: – Կառավարությունն իր որոշմամբ ստեղծել է հանձնաժողով, որին իրավունք է վերապահել իր՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով եւ պայմաններով անցկացնել մրցույթ: Բացառիկ դեպքերում այդպիսի հնարավորություն կառավարությունն ունի օրենքով: Իմ ղեկավարած հանձնաժողովը սահմանեց կարգն ու պայմանները, եւ գտանք, որ այդ պայմաններին բավարարում է «Ղարաբաղ-Տելեկոմը»: Այդ ընկերության ներկայացրած ներդրումների փաթեթը նախատեսում է $50 մլնի ներդրում՝ Հայաստանում բջջային կապ ստեղծելու համար: Մեզ համար հատկապես կարեւոր է Հայաստանի սահմանամերձ շրջաններում այդպիսի կապ ստեղծելու պարտավորությունը: Իսկ կապի որակը, որն ապահովում է այդ ընկերությունը, ավելի բարձր է, քան «ԱրմենՏելինը»: Հետեւաբար, երբ մյուս տարի մենք կունենանք բջջային կապի երկու օպերատոր, այդ ոլորտում կձեւավորվի ձեր ասած մրցակցությունը, որը կիջեցնի ծառայության գինը եւ կբարձրացնի կապի որակը: Ուզում եմ նշել եւս մի կարեւոր հանգամանք, որն, անշուշտ, ազդեց մեր հանձնաժողովի որոշման վրա: «Ղարաբաղ-Տելեկոմը» Ղարաբաղում, այսինքն՝ բիզնեսի տեսակետից ռիսկային գոտում ներդրել է 15 միլիոն դոլար եւ ըստ մեր կողմից տրված լիցենզիայի՝ պարտավորվում է ԼՂՀ-ում ներդնել եւս $10 մլն: Բացի դրանից, $7 մլն վճարելու է Հայաստանի պետական բյուջե՝ զուտ լիցենզիայի համար: Ընկերությունն ապահովել է Ղարաբաղի ռոումինգային կապը 88 երկրների հետ՝ դրանով իսկ նպաստելով այդ ոլորտում Արցախի ճանաչմանը աշխարհի առաջատար երկրների կողմից: Չէ՞ որ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, այլ զարգացած երկրների կապի օպերատորները պայմանագրեր են կնքել «Ղարաբաղ-Տելեկոմի» հետ: Ինչո՞ւ մենք նրան չպիտի տայինք հնարավորություն՝ դառնալու Հայաստանում երկրորդ օպերատորը, այն էլ՝ շատ սահմանափակ իրավունքներով. «Ղ-Տելեկոմն» աշխատելու է միայն բջջային կապի ոլորտում: Հեռահաղորդակցության մնացած բոլոր ծառայությունները մատուցում է «ԱրմենՏելը»: Վերջապես, մենք մեր այս քայլով, նաեւ կառավարության նախորդ քայլերով, հակադրվել ենք Ադրբեջանի ծավալած հսկայական աշխատանքին, որի նպատակն էր զրկել Արցախի մեր հայրենակիցներին արտաքին աշխարհի հետ կապից: Որեւէ հայ, հուսով եմ, չի ցանկանա, որ Ադրբեջանի նման ծրագրերն իրականանան: Եվ այս առումով ես կոչ կանեի մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ չշահարկել այս խնդիրը: Դա այն հարցը չէ, որտեղ հնարավոր է քաղաքական միավորներ վաստակել: – Ընկերության անվանման մեջ «Ղարաբաղ» բառը կարող է հուշել հասարակությանը, որ այդ բիզնեսի իրական տերերն են ղարաբաղյան ծագում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաները: – Դրանք շատ տգեղ բամբասանքներ են: Ես հուսով եմ՝ երբ «Ղարաբաղ-Տելեկոմի» սեփականատեր, արաբ գործարար Պիեռ Միշել Ֆետուշը գա Հայաստան, դուք հնարավորություն կունենաք նրա հետ զրուցելու: Այդ ժամանակ նման անհեթեթ կասկածներ չեն առաջանա: Իրականում ոչ մի հայ պաշտոնյա՝ լինի նա Հայաստանից, թե Ղարաբաղից, ընդհանրապես՝ ոչ մի հայ այդ բիզնեսի հետ կապ չունի: – Ճի՞շտ է, որ «ԱրմենՏելի» հետ կապված վերջին իրադարձությունների պատճառով ձեր եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջեւ թշնամանք է առաջացել: – Դա էլ է մի առասպել: Դավիթ Հարությունյանը եւ ես կառավարության անդամներ ենք եւ կառավարության նիստերի ժամանակ պարտավոր ենք ներկայացնել մեր տեսակետները: Երբեմն դրանք համընկնում են, երբեմն՝ ոչ: Եթե բոլոր նախարարները բոլոր հարցերում միակարծիք լինեին, ապա կառավարության նիստ անցկացնելու ու կարծիքներ փոխանակելու անհրաժեշտություն չէր առաջանա: Կառավարությունը մանկապարտեզ չի, որ ամեն մի քննարկումից հետո թշնամանք առաջանա: Դավիթ Հարությունյանն արտահայտեց իր տեսակետը, ես՝ իմը, որից հետո կառավարությունը որոշում ընդունեց: Հիմա մենք, որպես գործընկերներ, միասին աշխատում ենք այդ, ինչպես նաեւ մնացած որոշումներն իրականացնելու ուղղությամբ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հ. Գ. Ըստ «Արմինֆոյի», երեկ նույն հարցի շուրջ կարծիք է հայտնել նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա ասելով՝ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը, որը ԼՂՀ հեռահաղորդակցության օպերատորն է, Ղարաբաղի պաշտպանունակությունն ապահովող սուբյեկտ է: Նախարարը նշել է, որ այսօրվա դրությամբ ընկերությունը փայլուն կապ է ապահովում ԼՂՀ ողջ տարածքում. չկա մի գյուղ, որը զուրկ լինի կապից, անգամ եթե այնտեղ բնակվում է 2-3 ընտանիք: Դ. Հարությունյանը ընդգծել է, որ դա, անշուշտ, կարեւոր ռազմավարական դեր է խաղում: «Միեւնույն ժամանակ ԼՂՀ-ն հայտնվել է բավական բարդ իրավիճակում, երբ Ադրբեջանի ճնշման ներքո որոշ միջազգային կառույցներ քննարկում էին «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության ապօրինի գործունեության հարցը, ինչը նշանակում էր ընկերության մեկուսացում հեռահաղորդակցության ոլորտից»,- հայտարարել է նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել