Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ դատ՝ «ՏԷՑ-ի կռուգի» գործով

Ապրիլ 26,2005 00:00

Փակ դատ՝ «ՏԷՑ-ի կռուգի» գործով «ՏԷՑ-ի կռուգում» փոխհրաձգության գործով երեկ սկսված դատավարությունը միայն անունով է բաց եւ հրապարակային: Փաստացի փակ այս դատավարության առաջին նիստն անցկացվեց Նուբարաշենի կալանավայրում՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատավարությանը կարողացել էին մասնակցել սահմանափակ թվով եւ նախապես հավատարմագրված լրագրողներ: Դատական գործընթացին հետեւելու համար կալանավայր եկած ամբաստանյալների կողմնակիցները եւս ստացել էին հատուկ թույլտվություն: Փետրվարի 4-ին թաղային հեղինակությունների միջեւ ծագած կռվի եւ փոխհրաձգության փաստի առնչությամբ հարուցված գործով ներգրավված են 10 հոգի, չնայած փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը նախապես ասուլիսում խոսել էին 15 ակտիվ մասնակիցների մասին եւ խոստացել, թե բոլոր հանցագործներն էլ ենթարկվելու են պատասխանատվության: Սակայն նախաքննության ընթացքում չի հաջողվել բացահայտել բոլոր մեղավորներին՝ կան դեռեւս մի քանի տասնյակ չպարզված անձինք: Նուբարաշենի մեկուսարանից դատարանի դահլիճ բերված 10 ամբաստանյալները մեղադրվում են հասարակական կարգը խախտելու եւ խուլիգանության համար, իսկ ոմանք նաեւ՝ ապօրինի զենք կրելու եւ օգտագործելու: Իսկ Արմեն Նովիկովը մեղադրվում է նաեւ անզգուշությամբ մարդ սպանելու մեջ: Ճաղավանդակի ետեւում է նաեւ Բանգլադեշի Համոն՝ Աշոտ Ավետիսյանը, որին անցած տարի ապրիլի 5-ին «Առավոտի» եւ «Հայլուրի» թղթակիցների դեմ բռնություններ գործադրելու համար նույն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը դատապարտեց 100 հազար դրամ տուգանքի: Նրա շահերի պաշտպանն ինչպես անցած, այնպես էլ այս անգամ փաստաբան Կարապետ Աղաջանյանն է: Հենց նա էլ երեկ դատական նիստի սկզբում միջնորդեց դատարանին արգելել տեսագրել եւ ձայնագրել նիստի ընթացքը (թերեւս տեսանկարահանող եւ ձայնագրիչ սարքերի նկատմամբ ատելությունն իր պաշտպանյալից է փոխանցվել այս փաստաբանին, որը հիշեցնենք՝ նաեւ «27»-ի ահաբեկիչ Էդիկ Գրիգորյանին էր ժամանակին պաշտպանում- «Առավոտ»): Միջնորդությանը միացել են բոլոր 10 ամբաստանյալները, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է այն: Ներկա ընդամենը 4 լրագրողներից 2-ը հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ էին, որոնք հարկադրված լքել են դահլիճը: Հարցաքննվող 10 ամբաստանյալները մեկը մյուսի ետեւից հրաժարվել են ցուցմունք տալ (հիշեցնենք, որ ճիշտ նույն գործելակերպը նրանք որդեգրել էին նաեւ ապրիլի 5-ի գործով.- «Առավոտ»): Դատարանը հրապարակել է նրանց նախաքննական ցուցմունքները: Ի դեպ, Աշոտ Ավետիսյանը ցուցմունք չի տվել նախաքննության ժամանակ էլ: Հրապարակված ցուցմունքներից պարզ չի դարձել, թե որն է եղել ծագած ռազբորկայի իրական պատճառը: Երեկ ցուցմունք են տվել նաեւ դատակոչված մեկ տասնյակից ավելի վկաներից միայն 7-ը: Մյուսները չեն ներկայացել: Այսօր դատավարությունը կշարունակվի: Չի բացառվում, որ հենց այսօր էլ այն ավարտվի եւ դատավորը հրապարակի դատավճիռը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930