Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՁԱԿՈՒՄ

Մայիս 13,2005 00:00

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎՐԱ Ոստիկանությունը տեղյակ չէ Մինչ հայաստանյան փաստաբանները դատական ատյաններում վիճարկում են Փաստաբանական պալատի նախագահի պաշտոնում ընտրությունների արդյունքներն ու «իմ ճամբար-քո ճամբար» են խաղում, փողոցում նրանցից ոմանց նաեւ ծեծի են ենթարկում: Չորեքշաբթի դա տեղի ունեցավ փաստաբան Հովիկ Արսենյանի հետ։ Կատարված միջադեպի մասին, սակայն, ՀՀ ոստիկանության ամփոփագրում ոչինչ չկար: Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայությունում ասացին, որ նման դեպք իրենց մոտ արձանագրված չէ: Այդուհանդերձ, Հ. Արսենյանը երեկ մեզ պատմեց, որ չորեքշաբթի օրը, ժամը 21:15-ի սահմաններում, իր ձեռքի հեռախոսի համարով զանգահարել է մի անծանոթ տղամարդ եւ ասել, որ Հ. Արսենյանի հեռախոսահամարն իրեն տվել են որպես լավ փաստաբանի, եւ հավաստիացրել էր, թե ինքն օգնության կարիք ունի՝ ուստի խնդրում է հանդիպել: «Համաձայնեցի, պայմանավորվեցինք հանդիպել Շիրվանզադեի դպրոցի մոտ: Պայմանավորված ժամից անցել էր՝ ինքը չկար: Ձեռքիս հեռախոսով ետ զանգեցի իր համարով, ասաց, որ մի քանի րոպեից կլինի: Իսկապես, քիչ հետո սպիտակ գույնի «07» մակնիշի մի ավտոմեքենա կանգնեց, որից իջավ մոտ 40-45 տարեկան տղամարդ ու մոտեցավ ինձ: Ասաց, թե իր եղբորը Սեւանում կալանավորել են գողություն կատարելու համար, որ այդ գողությանը մասնակից է նաեւ մի անչափահաս, եւ խնդրեց, որ ես ստանձնեմ իր եղբոր պաշտպանությունը: Նստեցինք մեքենան: Ինձ մոտեցած անձնավորությունը, որ ներկայացել էր որպես Գագիկ, ինքն էր վարում ավտոմեքենան, կողքին եւս մի տղամարդ կար: Ես խնդրեցի, որ ինձ տուն տանեն եւ ընթացքում էլ զրուցենք: Հասել էինք «ՀայՌուսգազարդի» վարչական շենքի մոտ, դեպի Ավան տանող ճանապարհահատվածում մեքենան հանկարծ կանգնեց: Վարորդի կողքին նստած տղամարդն իջավ մեքենայից ու մի քանի մետր հեռացավ, հետո վարորդն էլ իջավ: Ես տեսա, որ Գագիկ անունով մարդը խփում էր իր ուղեկցողի մեջքին, հետո էլ խնդրեց, թե՝ Հովիկ օգնի: Ես մոտեցա: Ընդամենը կես մետր էի հեռու նրանցից, թե հետո ինչ է կատարվել՝ ոչինչ չեմ հիշում: Չգիտեմ, որքան ժամանակ էր անցել, բայց երբ ուշքի եկա, չէի կողմնորոշվում, թե որտեղ եմ գտնվում: Կողքիս պայուսակս էր ընկած, պարունակությունը թափված էր գետնին: Ստուգեցի ու տեսա, որ ամեն ինչ տեղում է»,- երեկ մեզ հետ զրույցում պատմեց փաստաբանը: Հ. Արսենյանը, իր ասելով, սկզբում չի էլ հասկացել, թե ինչ է կատարվել, ցավ չի զգացել եւ միայն տուն հասնելուց հետո է տեսել, որ դեմքն ամբողջությամբ արյուն է, ձախ այտի վրա՝ մեծ վերք: Փաստաբանը ենթադրում էր, որ իրեն հարվածողը, որից ինքն ուշաթափվել էր, իբր, իրեն վատ զգացող անծանոթն է եղել: «Ամբողջ դեմքս բացվել էր, այնքան, որ ինձ ստիպված էին տեղափոխել Նոր Նորքի հիվանդանոց, որտեղ եւ ներսից, եւ դրսից 4-5 կար են դրել»,- պատմեց Հ. Արսենյանը՝ հավելելով, որ ինքը դատաբժշկական զննության չի ենթարկվել, որովհետեւ ոստիկանությունից չեն էլ եկել: Հ. Արսենյանը պնդեց, որ ինքը իրեն ուղեկցող անձանց տեսնելուց արտաքնապես կճանաչի: Նա նաեւ համոզված էր, որ այդ մարդիկ իրեն ահաբեկելու որոշակի նպատակ են հետապնդել: Փաստաբանը նաեւ չբացառեց, որ դա կարող է կապված լինել այն քրեական գործերից որեւէ մեկի հետ, որոնցում ինքը որպես պաշտպան ներգրավված է: Թե հատկապես ո՞ր գործի՝ փաստաբանը դժվարացավ ասել: Նա միայն նշեց, թե ներկայումս ինքը ներգրավված է մի քանի, այդ թվում՝ 4 ծանր քրգործերում: Փաստաբանն ակնարկեց, թե մտադիր է սեփական ուժերով պարզել իր նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառած անձանց ով լինելը. «Այն քրգործերը, որոնցում ես ներգրավված եմ, բոլորն էլ կարող են ինձ ահաբեկելու պատճառ հանդիսանալ: Բոլորն էլ ծանր գործեր են եւ բոլորի առնչությամբ էլ կասկածներ ունեմ: Ես այդ մարդկանց բջջային հեռախոսահամարն ունեմ եւ ինքս կաշխատեմ պարզել եւ նրանց շրջապատը, եւ այն, թե որտեղից էր հարվածը գալիս»: Արձագանքելով այս միջադեպին՝ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը երեկ մեզ հետ զրույցում նկատեց, թե կատարվածն ընդգծված կերպով պայմանավորված է Հ. Արսենյանի մասնագիտական գործունեությամբ: «Մարդիկ հատուկ վնասելու նպատակ են ունեցել եւ խաբեությամբ հասել են իրենց ուզածին՝ լավ իմանալով Հ. Արսենյանի ով լինելը»,- կարծիք հայտնեց պարոն Տեր-Եսայանը: Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե հանցագործներն, ըստ էության, չեն էլ փորձել թաքցնել իրենց ով լինելն ու չեն վախեցել, որ իրենց կարող են հայտնաբերել, նույնիսկ առանձնապես ապահովագրվելու փորձ էլ չեն արել եւ հեռախոսահամար են թողել, պարոն Տեր-Եսայանն ասաց. «Մեզ շատ դեպքեր են հայտնի, երբ օրը ցերեկով «ռազբորկաներ» են եղել, ավազակային հարձակումներ, բայց դրա համար ոչ ոք պատասխանատվություն կամ համարժեք պատիժ չի կրել, երբ հանցագործները մնացել են անպատիժ: Կարծում եմ, տվյալ դեպքում մարդիկ գիտեն, որ անպատիժ են մնալու»: Այդուհանդերձ, Տ. Տեր-Եսայանն ասաց, թե իրավապահները պետք է ջանքեր գործադրեն կատարվածը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել