Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ

Հուլիս 02,2005 00:00

ԱՌԱՆՑ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱ՞Ն ԷԼ ԿԵՎՐՈԻՆՏԵԳՐՎԵՆՔ «ԵՄ. նոր հարեւաններ» ծրագրով Հայաստանին փող են տալու, ինչը ոգեւորում է մեր պաշտոնյաներին Երեկ ավարտվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն։ Հանդիպումների ընթացքում նկատելի էր, որ Լիտվան փորձում է իր վրա վերցնել Հարավային Կովկասի երկրներին Եվրոպայի հետ ինտեգրվելու գործընթացի պարտականությունը։ Ի դեպ, նույնը Լեհաստանն անում է Ուկրաինայում եւ Բելառուսում։ Լիտվայի ղեկավարները չէին թաքցնում, որ Հարավային Կովկասում գերադասում են Վրաստանին դարձնել տարածաշրջանի երկրների, այսպես ասած՝ կենտրոն-համակարգող։ Իսկ Հայաստանին հասկացնում էին, որ դեպի ժողովրդավարացում եւ եվրոինտեգրում ճանապարհն անցնում է թավշյա հեղափոխության միջով։ Հայաստանի իշխանությունները, հասկանալի պատճառներով, այս գաղափարը սիրով չեն կարող ընդունել, քանի որ մերոնք կարծում են, թե առանց հեղափոխության էլ Հայաստանը գնում է եվրոինտեգրման եւ ժողովրդավարացման ճանապարհով։ Այցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումների առանցքային թեմաներն էին՝ «Եվրամիություն. նոր հարեւաններ» ծրագրին Հայաստանի մասնակցության, Ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Երեկ Անդրանիկ Մարգարյանն այցելեց լիտվական Սեյմաս (խորհրդարան), որտեղ նրան դիմավորեց Սեյմասի նախագահ Արթուրաս Պաուլասկասը։ Նա հունիսի կեսերին էր պաշտոնական այցով ժամանել Երեւան, սակայն Անդրանիկ Մարգարյանը նրա հետ չէր հանդիպել, քանի որ այդ ընթացքում գտնվում էր Ճապոնիայում։ Այցից հետո վարչապետը՝ ամփոփելով արդյունքները, նկատեց. «Այցը բավականին կարեւոր էր։ Մենք չենք ակնկալում, իհարկե, որ մեր այցից հետո Հայաստան-Լիտվա փոքրիկ ապրանքաշրջանառությունը միանգամից անչափ մեծանալու է։ Սակայն այս օրերին Վիլնյուսում տեղի ունեցավ հայ եւ լիտվացի գործարարների համատեղ բիզնես ֆորումը, որի ընթացքում ակնհայտ դարձավ, որ կա միասին աշխատելու տնտեսական դաշտ, եւ այդ դաշտում աշխատելով՝ մենք կարող ենք մի շարք խնդիրներ լուծել։ Եվ հետաքրքիրն այն է, որ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին հատկապես այն ոլորտներում, որոնք ավանդաբար համարվում են ավելի զարգացած Լիտվայում։ Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Սակայն պարզվեց, որ այս ոլորտում հնարավորությունները մեզ մոտ ավելի մեծ են, քան Լիտվայում, եւ իրենք ավելի են շահագրգռված մեր լուծումները տեղափոխել իրենց մոտ։ Փոխարենը՝ մենք շահագրգռված ենք, ասենք՝ Վիլնյուսի կառավարման մոդելը տեղափոխել Երեւան։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվեցինք երկու երկրների Առեւտրաարդյունաբերական պալատների համագործակցության մասին։ Որոշվեց, որ Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկը կլինի մեր պալատի ներկայացուցիչը Լիտվայում։ Մինչեւ տարեվերջ արդեն Երեւանում տեղի կունենա եւս մեկ գործարար համաժողով»։ Վարչապետի փոխանցմամբ, լիտվական կողմը պատրաստակամություն է հայտնել ԵՄ անդամակցության իր փորձը փոխանցել Հայաստանին։ «ԵՄ. նոր հարեւաններ» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանը ստեղծել է աշխատանքային խումբ, որի ղեկավարը տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն է, իսկ ամբողջ ծրագրի պատասխանատուն ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ԵՄ-ից եւ ՀԲ-ից փորձագետներ կայցելեն Հայաստան՝ ծրագրի ֆինանսավորման որոշ հարցեր հստակեցնելու նպատակով։ Այս ծրագրի իրականացման հետ կապված Հայաստանում բավականին ոգեւորված են։ Մնում է ապացուցել եվրոպացիներին, որ Հայաստանի հասարակությունն իսկապես ակտիվորեն «եվրոինտեգրվում է», իսկ երկիրը գնում է ժողովրդավարացման ճանապարհով։ Ինչին գոնե Լիտվայում առանձնապես չէին հավատում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Վիլնյուս-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել