Չափազանց ոչ պոպուլիստական վերլուծություն
Նելսոն Մանդելային վերագրվում է հետեւյալ միտքը. «Երբ դուրս եկա բանտի դռներից եւ ազատություն ստացա, ես հասկացա, որ ատելությունը պետք է թողնեմ բանտի դռների հետեւում: Հակառակ դեպքում ես կմնամ բանտում»: Այդպիսի տրամաբանությամբ է նա ղեկավարվել ապարտեիդի հանցագործությունների երկար տարիներից հետո, եւ այդպես է ձեւավորել նոր քաղաքական ազգ՝ հարավ-աֆրիկացիներին:
Հիմա Հայաստանում ներելու մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է թվում եւ հաստատ կոշտ դիմադրություն կգտնի հասարակության մեծամասնության կողմից: Փաշինյանն իր ողջ քաղաքական կարիերան կառուցել է ատելության վրա: Եվ, մասնավորապես, 2018 թվականի հեղափոխությունից սկսած, այսինքն՝ 8 տարի շարունակ, սպառնում է ոչնչացնել, ազատազրկել, «ասֆալտին փռել», «բոմժ սարքել», «կզցնել» «ներքին թշնամիներին»: Նույն բաները նա խոսում էր 2021 թվականին՝ թափահարելով մուրճը, գոռալով՝ «Վե՛րջ թավիշին»: Ճիշտ նույն ոգով նա ելույթներ է ունենում նաեւ այս ընտրարշավի ժամանակ: Քաղաքացիների որոշակի խմբին դա շարունակում է դուր գալ: Վստահ եմ, 5 տարվա ընթացքում այդ խումբը էապես փոքրացել է՝ որքա՜ն կարելի է նույն սպառնալիքներով լյումպենի սրտին յուղ լցնել:
Բայց, անկախ ընտրությունների արդյունքներից, այդպես չի կարող անվերջ շարունակվել: Երբ Փաշինյանի անփառունակ իշխանությունն ավարտվի, առաջնային խնդիրը պետք է լինի ատելության այդ մթնոլորտը փոխելը: Եթե այն մարդիկ, ում այսօրվա վարչապետը վիրավորել է, ում ձերբակալել է, ում վրա «քսի է տվել» «ֆեյքերի» եւ «թրոլների» բանակները, իշխանության գալուց հետո մտածեն վրեժի մասին, մեր կյանքում ոչինչ չի փոխվի:
Կարդացեք նաև
Դրանից խուսափելու համար ես աջակցում եմ համաներման գաղափարին՝ այդ բառը ես լսել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկրորդ համար Արամ Վարդեւանյանից: Այդ գաղափարը նա չի զարգացրել, բայց ես մեխանիզմը պատկերացնում եմ հետեւյալ կերպ: Ոչ միայն Փաշինյանը եւ ՔՊ-ականները, այլեւ բազմաթիվ դատախազներ, դատավորներ, քննիչներ, ԱԱԾ-ականներ, ոստիկաններ կատարել են տարբեր տեսակի հանցագործություններ: Օրինակ, մի շարք դատավորներ ակնհայտորեն պետք է դատվեն Քրեական օրենսգրքի 552 – րդ հոդվածով՝ «Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը»։ Հիմա ընտրարշավի ընթացքում պետական պաշտոնյաները խախտում են Քրօրի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ ներկայիս իշխանությունների «սիրած» ընտրակաշառքի հոդվածը՝ 218-ը: (Սա այն «դասական» դեպքն է, երբ սելը ճռալու տեղը սելվորն է ճռում):
Այդ հանցագործությունները քննող դատավարությունները պետք է տեղի ունենան, դատավճիռները պետք է կայացվեն: Բայց հետո բոլոր այդ տեսակի իրավախախտումների համար առաջարկում եմ հայտարարել համաներում եւ սահմանափակվել այդ մարդկանց՝ պետական պաշտոն զբաղեցնելու արգելքով: Վստահ եմ, որ, օրինակ, մեր սրբազան հայրերը, ինչպես նաեւ Վեհափառն արդեն իսկ ներել են իրենց հետապնդող եւ հայհոյող բոլոր պաշտոնյաներին՝ Փաշինյանից սկսած: Մնում է դա անի պետությունը:
Հաջորդ գործադիր իշխանությունը պետք է նաեւ հրաժարվի «մենք ձեզ բռնելու ենք», «կա-գե-բե-ի պադվալն ենք քցելու» տիպի հռետորաբանությունից: Դա ոչ միայն պառակտում է հասարակությունը, ոչ միայն ատելության եւ թշնամանքի մթնոլորտ է ստեղծում, այլեւ, ըստ էության, անօրինական է՝ գործադիր իշխանության պաշտոնական պարտականությունների մեջ որեւէ մեկին «բռնելու» գործառույթը չկա:
Ի դեպ, հոգեւորականների մասին: 1989-90-ականներին, Գերմանիայի վերամիավորումից հետո բողոքական քահանա Յոահիմ Գաուկը ղեկավարում էր մի հանձնաժողով, որը զբաղվում էր կոմունիստական Գերմանիայի «կա-գե-բե»-ի՝ «Շտազիի» գործունեության քննությամբ: Հուսով եմ, որ հետագայում Հայաստանում նույնպես որեւէ հեղինակավոր անձնավորության կհանձնարարվի քննել, մասնավորապես, համատարած գաղտնալսումները, որոնք այժմ իրականացնում է Փաշինյանի իշխանությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2026


















































