Անկարայից հստակ նշել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «հարաբերությունները չեն կարգավորում», այլ առայժմ՝ «վստահության ստեղծման, վստահության ամրապնդման գործընթաց է» ծավալվում
Մայիսի 4-ին Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար ՀՀ ժամանեցին Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետները, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Կանադայի վարչապետը։ Չնայած հրավերին՝ Հայաստան չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Անկարան, ըստ էության, խախտելով գագաթնաժողովի ձեւաչափը՝ առանց պատճառաբանության, հավաքին էր գործուղել փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազին։
2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Յըլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որը ժամանեց Հայաստան։
Երեւանում անցկացված միջոցառումների շրջանակներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով եւս հնչեցին շեշտադրումներ, հայտարարություններ ու կոչեր։
Կարդացեք նաև
Գագաթնաժողովի բացման ելույթում Փաշինյանը կարեւորեց Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը՝ ընդգծելով, որ Ջեւդեթ Յըլմազը երկրի առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան։
Պատմական որակելով Երեւանում անցկացվող եվրոպացի առաջնորդների հավաքը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարեց, թե հայ-ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները։
Նույն օրը Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպեց Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի հետ։ Կառավարությունը հաղորդում էր, որ նրանք քննարկել են Հայաստան եւ Թուրքիա կարգավորման գործընթացին եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Հայաստանի անունից այն ստորագրել էր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի անունից՝ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։ Անիի կամուրջը համատեղ վերանորոգելու մասով, սակայն, ժամկետներ չէին նշվել։
«Մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի հետ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Անդրադարձանք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին»,- X-ում գրել էր Փաշինյանը՝ հավելելով. «Ողջունեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը»։
Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին համաձայնություն երկու երկրների միջեւ ձեռք էր բերվել ավելի քան երեք տարի առաջ, մոտ մեկ տարի անց էլ Հայաստանի արտգործնախարարը հայտնել էր, որ Երեւանն ու Անկարան այդ մասով կոնկրետ արձանագրություններ են փոխանակում։ Սա Անկարայի եւ Երեւանի միջեւ ստորագրված առաջին փաստաթուղթն է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններից հետո, որոնք Թուրքիան այդպես էլ չվավերացրեց։
Նկատենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման այս գործընթացն առաջ մղելու նպատակով երկու երկրները բանագնացներ են նշանակել, սակայն նրանց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ, կյանքի չեն կոչվել։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկմանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը բավարար չափով հասունացել է, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն։
«Թուրքիայի հետ հրաշալի երկխոսություն ունենք։ Համագործակցության բազմաթիվ առիթներ են եղել, հենց երեկ մեր ներկայացուցիչները հուշագիր ստորագրեցին՝ համատեղ վերականգնելու պատմական Անիի կամուրջը, որը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին է։ Մեկ շաբաթ առաջ երրորդ հանդիպումը տեղի ունեցավ աշխատանքային խմբի, որը փորձում է վերականգնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային կապը՝ Գյումրի-Կարս ուղով։ Այսինքն՝ ունենք համագործակցության բազմաթիվ դեպքեր, բայց սահմանն, ընդհանուր առմամբ, փակ է։ Երկկողմ պատրաստակամություն ենք արտահայտել դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր երկկողմ հետաքրքրությունն ու պատրաստակամությունն ենք արտահայտել սահմանը լիովին բացելու վերաբերյալ։ Համաձայնություն կար առաջին փուլում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագետների համար, սակայն առ այսօր սահմանները դեռ փակ են։ Որոշ համաձայնություններ իրականացվում են, որոշները դեռ մշակվում են, բայց կարող եմ վստահորեն ասել, որ սա տեղի է ունենալու, քանի որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը բավարար մակարդակի է հասել, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն»,- նշեց Միրզոյանը։
«Երեւանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անկեղծացել էր, թե Երեւանում իրեն զգում է «ինչպես տանը»։ «Հրաշալի է այստեղ լինելը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, իշխանություններին հյուրընկալության համար։ Ես ինձ զգում եմ տանը… Իմ ընկերները եւս այդպես են զգում, շատ ընկերային, հյուրասեր միջավայրում ենք մեզ զգում, այդ բաց ընդունելությունը նկատելի է հայկական կողմից»։
Սերդար Քըլըչը Երեւանում նշեց, որ կառուցողական առաջարկներ են երկուստեք ստեղծում, հսկայական ձեռքբերումներ ունեն. «Երբ ասում են՝ հարաբերությունների կարգավորում, սխալ եզրույթ է, մենք չենք կարգավորում հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, սա վստահության ստեղծման, վստահության ամրապնդման գործընթաց է»։
Իսկ սահմանի բացման մասին հարցին ի պատասխան՝ թուրք պաշտոնյան ասաց, որ բացման ժամկետների մասին տեղեկություն չունի, բայց քննարկումները դեռ շարունակվում են. «Պատրաստվում ենք բացել, ենթակառուցվածքները պատրաստ են, բայց որոշ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն՝ տեխնիկական եւ բյուրոկրատական»։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Թուրքիան քաղաքական կամք ունի սահմանը բացելու հարցում, Քըլըչը պնդեց, թե Թուրքիան այդ կամքն ունի 2022-ից։
Այս իրադարձություններին Ադրբեջանից բավական նյարդային արձագանքեցին։
Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցների թիրախում հայտնվեց Թուրքիայի հատուկ բանագնացը, որը Երեւանում նշել էր, թե՝ «իրեն զգում է՝ ինչպես տանը»։ Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները նշել էին, թե նրա հռետորաբանությունը հակասում է թուրքական իշխանությունների պաշտոնական գծին եւ կարող է ընկալվել որպես ազգային շահերից շեղում։ Իշխանական Oxu.az-ը, մասնավորապես, գրել էր, թե Քըլըչի հայտարարությունները «Հայաստանում այնքան տարօրինակ են, որ թվում է, թե նա հյուր չէ Երեւանում, այլ տանտեր։ Իր ելույթում Սերդարն ինքն է պնդում, որ իրեն զգում է՝ ինչպես տանը»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցը։
«Անհնար է չզարմանալ թուրք դիվանագետի հայտարարություններից, չհաշված այն հարմարավետության զգացումը, որը զգացել է այն երկրում, որտեղ երկու շաբաթ առաջ այրվել է իր երկրի դրոշը։ Սերդար Քըլըչի խոսքերը ցույց են տալիս, որ նա ամեն ինչից վեր է դասում ոչ թե իր երկրի, այլ հայերի շահերը, եւ անում է ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար։ Ընդգծելով, որ Լոս Անջելեսում եւ Բեյրութում իր աշխատանքի ընթացքում ապրել է հայերի մեջ, դիվանագետը նշել է, որ կարգավորման գործընթացի հենց սկզբից ինքը մի շարք առաջարկներ է արել իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, եւ որ այդ առաջարկներն անելիս առաջնորդվել է հայերի շահերով, այլ ոչ թե Թուրքիայի։ Այս հայտարարությամբ նա նկատի ուներ միայն այն, որ երկար տարիներ ապրել է հայերի մեջ եւ լավ է ճանաչում նրանց»,- պարզաբանել էր լրատվամիջոցը։
Ադրբեջանական լրատվամիջոցը անգամ հատուկ նշել էր, թե «Քըլըչի հայտարարություններն արտացոլում են ոչ թե թուրքական պետության, այլ Սերդար Քըլըչի անձնական դիրքորոշումը»։ «Սերդար Քըլըչին, ով իրեն զգում է ինչպես տանը Երեւանում, պետք է հիշեցնել, որ իր «տան» կենտրոնում կանգնեցվել է, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությանը նվիրված հսկայական հուշարձան, եւ նրա մասնակցած գագաթնաժողովի բազմաթիվ մասնակիցներ խոնարհվել են դրա առջեւ»։
Հայ-թուրքական վերջին շփումներից մի քանի օր անց արդեն Ալիեւը հարկ համարեց Հայաստանի ուղղությամբ նախազգուշական հայտարարություններ հնչեցնել։ Նա մատնանշեց «հակաադրբեջանական քաղաքականության վտանգները հայ ժողովրդի ապագայի» համար՝ հավելելով, թե հայկական քաղաքական շրջանակներում դեռեւս կան շրջանակներ, որոնք, ըստ նրա, «առաջնորդվում են ադրբեջանական պետության նկատմամբ ատելությամբ»։
«Մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքական ոլորտում կան բազմաթիվ շրջանակներ, որոնք առաջնորդվում են ադրբեջանական ժողովրդի եւ պետության նկատմամբ ատելությամբ, եւ եթե նրանք գան իշխանության, ապա հայ ժողովուրդը մեծ դժվարությունների մեջ կհայտնվի»,- սպառնաց նախագահը։
Նույն ելույթում էր նաեւ, որ Ալիեւը եվրոպացիներին հիշեցրել էր, թե՝ «անհրաժեշտություն չկա պաշտպանել Հայաստանը մեզանից», ապա մեծահոգաբար նշել էր, թե՝ «Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին»։ «Այսօր մենք ապրում ենք խաղաղության մեջ, եւ Ադրբեջանն է այս խաղաղության հեղինակը։ Եթե Բաքուն չցանկանար դա, խաղաղություն չէր լինի»։
Նկատենք, որ ոգեւորված Փաշինյանը այս ելույթից օրեր առաջ, երեւանյան համաժողովի շրջանակում, անգամ հույս էր հայտնել, որ հնարավորություն կունենա այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, անգամ կարեւորեց, որ առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեկուզ՝ տեսակապով, ու ասաց. «Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջեւ խաղաղությունը»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, քննադատել էր Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձեւերի» ու «սադրիչ քայլերի» համար։ Բաքվից տեսակապով միանալով Երեւանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Ալիեւը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը»։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ 2021-ից մինչեւ 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձեւ, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին»։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2026


















































