Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզե, որ ձեր ցուցակով մարդիկ գան, լինեն Գեղամ Նազարյան, 5 տարի հետո դառնան Նազար Գեղամյան ու թռնին, նստին Նիկոլի գիրկը»․ գյումրեցի հայտնի ֆերմերը՝ Ռոբերտ Քոչարյանին

Մայիս 19,2026 16:51 Share

Այսօր Ախուրյանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի ֆերմեր Տիգրան Ավագյանը, որն ընտրվեց Գյումրու ավագանու անդամ, սակայն ստիպված եղավ մանդատը վայր դնել, քանի որ Արթիկ քրեակատարողականում էր գտնվում․ կալանավորվել էր Վարդան Ղուկասյանին սատարելու համար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մի քանի սուր հարցեր ուղղեց։

Նա նախ հետաքրքրվեց, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ժողովուրդն Ախուրյան համայնքում ընդդիմադիր իշխանություն ձևավորեց, ընդդիմությունն իր ապտակը հասցրեց ՔՊ-ին (համայնքապետ ընտրվեց դաշնակցական Արծրուն Իգիթյանը), բայց այդ իշխանությունը հանձնվեց ՔՊ-ին, ավելին «վաճառվեց»։

Ըստ Գևորգ Ավագյանի, ընդդիմության նշանակած վարչական ղեկավարները «բուկլետները ձեռքերին, Նիկոլի արևով են երդվում»։

«Հիմի էդ հարցի պատասխանը ո՞րն է պարոն Քոչարյան, որ մենք ՔՊ-ին ուժեղացրել ենք Ախուրյանում, իշխանությունը տալով ենք ուժեղացրել։

Մյուս հարցը՝ տեսեք «Միասին» է ձեր լոզունգը, կարմիր տառերով էլ գրած է, էդ «միասինը» որտե՞ղ է սկսվում ու որտե՞ղ է ավարտվում, որովհետև շատ տեղերում, որ նայում ենք էդ «Միասինն» ամբողջական հարթության մեջ, գալիս, հասնում է կոնկրետ պահ, էդ «Միասինը» չկա։ Օրինակի համար ասեմ, ես չեմ ուզի այն, ինչ էս 5 տարվա ընթացքում ինչ կատարվեց․ ձեր ցուցակով մարդիկ գան, լինեն Գեղամ Նազարյան, 5 տարի հետո դառնան Նազար Գեղամյան, որ թռնին, նստին Նիկոլի գիրկը։

Ես չէի ուզի․․․ Դուք նստեցրել եք մարդկանց բեմին, որոնցից շատ շատերը, օրինակ՝ Սյունիքի համայնքապետերը, որոնցից 1-2 հոգին են կայուն մնացել, որ ծաղկեփնջով Նիկոլի կնկան դիմավորեն, Նիկոլին «չեստ» տան։ Հիմա ինձ համար, ժողովրդի համար հարց է՝ դա ո՞նց է հնարավոր։ Մարդիկ ընկան գաղութները, գործեր հարուցվեցին, դուք իրենց թիկունք չկանգնեցի՞ք, որ իրենք ստիպված, ճարահատյալ անցան Նիկոլի կողմը, թե՞ ի սկզբանե իրենք նման սովորույթ ունեն, թև ունեն, թռնելու հետ էլ լավ են։

Մեկ էլ վերջին հարցը ապագայի հետ կապված, հունիսի 8-ին ի՞նչ պիտի անենք», -ասաց ֆերմերը։

Ռոբերտ Քոչարյանը, որն ուշադրությամբ լսում էր, հարցրեց, թե Տիգրան Ավագյանը կարո՞ղ է բերել մեկ օրինակ, որը կփաստի, որ ինքը հետ է քաշվել վախի կամ տատանվելու պատճառով։

Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Ժողովրդական լեզվով ասած՝ ես «զադնի խոդ» չունեմ, էդ տեսակի մեջ եմ։ Ինչ ասում եք, ճշմարտություն, իհարկե, կա, բոլորը չեն, որ ունեն նույն ամրությունը, բոլորը չէ որ կարող են պայքարել մինչև վերջ։ Մարդիկ կան, որ կոտրվում են, մարդիկ կան, որ չեն դիմանում ճնշումների և դուք օրինակները բերեցիք, բայց այսպիսի ճնշումների տակ 29 հոգանոց ֆրակցիայում մենք ունեցանք միայն մեկ կորուստ։ Ցավալի կորուստ էր, բայց մեկ կորուստ, դուք անունը տվեցիք՝ Գեղամ Նազարյան»։

Ֆերմերը ուղղեց Ռոբերտ Քոչարյանին, թե «Նազար Գեղամյան» է, որը կրկնեց Ռոբերտ Քոչարյանը՝ «Նազար Գեղամյանը»։

Նա նշեց, որ մյուս ընդդիմադիրների խմբակցությունից, ինչպես նաև իշխանական խմբակցությունից ևս եղել են կորուստներ, բայց դրանից չպիտի հիասթափվեն, մեկին գուցե խրախուսել են «պրյանիկի տարբերակով», մյուսների վրա քրեական գործեր են կախել ու հասցրել են Վճռաբեկ դատարան, ճնշումներ են գործադրում։ Նա նաև նշեց՝ ինչ ասում է ֆերմերը, ընդունում է, բայց դա պիտի իրենց ավելի ամրացնի, ոչ թե թուլացնի, նման երևույթներ ամեն տեղ էլ կան։

Իսկ հունիսի 8–ին, ըստ Ռոբերտ Քոչարյանի, տոնելու են հաղթանակը։

«Նայեք, առաջ գնալուց, պայքարի մեջ մտնելուց շատ են խոսում, թե պլան Բ, Գ-ն ո՞րն է, իմ մոտեցումը հետևյալն է ՝ առաջ գնալուց հետ մի նայիր։ Էդ խրամատը վերցնելուց արագություն պետք է հավաքես, թափ պիտի հավաքես, հետ չպիտի նայես, ուղղակի առաջ, հենց «կամանդիրը» սկսեց հետ նայել, այդ ամբողջ վաշտը, գումարտակը սկսելու է հետ նայել։ Հենց հետ նայեցին վճռական փուլի ժամանակ, պարտվելու ես, գազ տուր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031