Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք բժիշկ-ներզատաբան Մարիամ Հայրապետյանի հետ, որն օրեր առաջ Չեխիայի Պրահա քաղաքում մասնակցել է Եվրոպական էնդոկրինոլոգիական ամենամյա կոնգրեսին, որտեղ նաև քննարկվել է ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի անվանափոխության հարցը։
Ինչպես նշում է Մարիամ Հայրապետյանը, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը (PCOS) վերանվանվել է պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշ (PMOS), և այս անվանումն ավելի լավ է արտացոլում հիվանդության իրական պատկերը։
«Միջազգային տվյալների համաձայն՝ պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշը, որը նախկինում հայտնի էր որպես ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, ազդում է յուրաքանչյուր ութ կանանցից մեկի վրա, և աշխարհում ավելի քան 170 միլիոն կին տառապում է այս հիվանդությամբ։ Այս համախտանիշը ռեպրոդուկտիվ շրջանում գտնվող կանանց ամենահաճախ հանդիպող էնդոկրին հիվանդությունն է ու չբերության հիմնական պատճառներից մեկը։
Ինչո՞ւ է փոխվել հիվանդության նախկին անվանումը․ այն, կարծես, ստվերում էր հիվանդության՝ ողջ օրգանիզմի վրա ազդող էնդոկրին և նյութափոխանակային բազմազան դրսևորումները՝ ենթադրելով միայն ախտաբանական ձվարանային կիստաների առկայություն կամ պտղաբերության խնդիր։ Պարզ ասած՝ այս համախտանիշի դեպքում հաճախ լինում է, որ ձվարանների պոլիկիստոզ փոփոխություններ չեն լինում, և հիվանդությունը ավելի շատ կապված է լինում ինսուլինառեզիստենտականության հետ, մետաբոլիկ խանգարումներով է ուղեկցվում, ունենում է սրտանոթային պատահարների բարձր ռիսկ, բերում է տագնապային խանգարումների, դեպրեսիայի, անքնության, ճարպակալման և մի շարք այլ խնդիրների։ Այսինքն՝ պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշը խնդիր է, որը դուրս է գալիս ձվարանի սահմաններից։ Եվ նոր անվանումը ավելի ճիշտ է բացահայտում հիվանդության պաթոֆիզիոլոգիան»,-ասում է Մարիամ Հայրապետյանը՝ ավելացնելով․ «Գիտական առաջընթացին համապատասխան անվանափոխությունն ու տերմինաբանության փոփոխությունը միտված է իրազեկվածության բարձրացմանը, ավելի վաղ և ճշգրիտ ախտորոշմանը, բուժօգնության որակի բարելավմանը, հետազոտությունների համակարգվածությանը, պացիենտների փորձառության բարելավմանը»։
Կարդացեք նաև
-Իսկ փոխվե՞լ են արդյոք հիվանդության ախտորոշման ու բուժման մեթոդները։
-Այդ հարցերում մոտեցումները հիմնականում նույնն են։ Թեև դեռևս շատ հարցեր կան պարզելու PMOS-ի առաջացման պատճառների և այն մասին, թե ինչու է այս վիճակը կանանց մոտ այդքան տարբեր դրսևորումներ ունենում։
-Այս համախտանիշի խնդիրներից մեկն էլ, որը նաև բարձրաձայնվել է անվան փոփոխության հետ կապված քննարկումների շրջանակներում, հիվանդության ուշ ախտորոշման խնդիրն է, քանի որ, հայտնի է, որ շատ կանայք բավականին երկար ժամանակ չեն էլ ենթադրում, որ ունեն պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշ։ Ուստի անդրադառնանք հիմնական ախտանշաններին, որոնց արժե հատուկ ուշադրություն դարձնել և որոնք հիմք են ախտորոշման համար։
-Ռոտերդամում ընդունված սահմանմամբ առաջնորդվելով՝ պետք է դիտարկվեն հետևյալ ախտանշանները՝
1-ին՝ ձվազատման (օվուլյացիա) անկանոնություն կամ բացակայություն, դաշտանային ցիկլի անկանոնություն կամ ամենորեա,
2-րդ՝ հիպերանդրոգենիզմի դրսևորումներ՝ ակնե, մազակալում, մազաթափություն, անալիզներում արական հորմոնների բարձր մակարդակ,
3-րդը՝ պոլիկիստոզ ձվարանների մորֆոլոգիա՝ ֆոլիկուլներ՝«կիստաներ», որոնք տեսանելի են ուլտրաձայնային հետազոտության ընթացքում, ձվարանի չափի մեծացում։
Սրանք ռոտերդամյան այն երեք չափանիշներն են, որոնցից առնվազն երկուսի առկայության դեպքում դրվում է պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշ ախտորոշում։ Ընդհանուր ախտանշաններ են համարվում նաև քաշի ավելացումը, մետաբոլիկ այլ խանգարումները։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ



















































