Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԻՃՆԵՐԸ

Նոյեմբեր 02,2005 00:00

ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎԽՏՈՒՄ ԵՆ ՍԱՐԴԵՐԻ ՊԵՍ Իսկ նրանց դեմ պայքարող կազմակերպություն կամ ծրագիր չկա Այս աշուն Երեւանում «հայրենական» կարիճներն իրենց շատ տարօրինակ են պահում՝ քնելու փոխարեն լցվել են մարդկանց բնակարանները: Ում հետ փորձում ես խոսել այդ թեմայի շուրջ, պարզվում է, որ զարմանալու բան չկա՝ «մենք էլ էն օրը մեր տանը սպանեցինք»: Նշենք մի քանի՝ բոլորովին թարմ դեպք: Երկու օր առաջ Գր. Լուսավորչի 17 շենքի 3-րդ հարկում տիկին Ալվինան նկատել է պատից իջնող կարիճին, զանգել հարեւանին եւ համատեղ ուժերով սպանել: Հինգ օր առաջ Քաջազնունի 8/1 շենքի բնակչուհի տիկին Անահիտը տան հատակին է նկատել եւ՝ պատմությունը նույնն է: Տարբերությունն այն է, որ այդ օրվանից Անահիտը սթրեսի մեջ է՝ ամեն անկյունում նրա աչքին կարիճներ են երեւում: Վերջին օրերին միայն մեր ծանոթ-բարեկամների շրջանում 10-12 բնակարան ենթարկվել է «կարիճային գրոհի»: Իսկ Նոր Արեշի, Նոր Նորքի, Նուբարաշենի խճուղու եւ մի շարք այլ տարածքներում կարիճները տան անդամի պես պարտադիր են ու մշտական: «Կարիճաշատ» են հատկապես բազմահարկ շենքերը՝ «Տաշիր» առեւտրի կենտրոնի հետնամասն ամբողջությամբ, ժամացույցի գործարանի հարեւան շենքերը եւ այլն: Մասնագետների հետ խորհրդակցելով պարզեցինք, որ կարիճների աշխուժացումը նրանց կենսակերպի մուտացիայի՝ ձեւափոխության հետ այնքան էլ կապ չունի. մի քանի օր առաջ՝ մինչեւ անձրեւները, եղանակը տաքացել է ու քնից արթնացրել նրանց: Միայն թե բազմանալու շրջան չէ, այդ պատճառով էլ բոլոր հանդիպածները «չափահասներ» են, մեծ են: Ինչ վերաբերում է վերջին տարիներին մայրաքաղաքում ակնառու դարձած կարիճների առատությանը, ապա նույն «կարիճագետների» վստահ կարծիքով՝ «քանի տարի է՝ Երեւանը տակնուվրա են անում, բուռն շինարարություն է գնում, քանդում են հողն ու արեւերես հանում նրանց՝ հերիք չէ, նաեւ դրսից ավազ են բերում, իսկ ընդերքի փափուկ շերտը կարիճների բնակավայրն է, էդ խեղճերը մի տեղ պիտի՞ ապրեն»: Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Մարգարիտա Մարջանյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց մի շարք հարցեր, որոնք կհետաքրքրեն կարիճների հետ «համատեղ» բնակվող մեր համաքաղաքացիներին: Օրինակ, որ մեր երկրում բնակվող կարիճի բոլոր 3 տեսակների խայթոցները՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ, մահացու չեն, եթե խայթվողը ալերգիկ չէ: Անհրաժեշտ է խայթած տեղին յոդ քսել եւ վրան պահել տաք օդի շիթ, օրինակ՝ ֆենով, որպեսզի թույնը արագ տարածվի եւ մարմնամասը չայտուցվի, շատ հեղուկ օգտագործել: Նաեւ հերքեց տարածված կարծիքն այն մասին, որ պետք է անպայման վառել կարիճին՝ նրա ընտանիքի մյուս անդամների «գալուստը» կանխելու նպատակով: Բանն այն է, որ կարիճները միայնակ, ոչ թե՝ խմբակային ապրող տեսակ են: Պարզվում է նաեւ, որ այս մանր ողնաշարավորները իրենք հակված չեն խայթելու: Ընդհակառակը՝ խուսափում են դրանից, որովհետեւ թույնի քանակից է կախված իրենց կյանքի տեւողությունը, իսկ կարիճի թույնը, ի տարբերություն օձերի՝ չի վերականգնվում: Իսկ որ խայթում են՝ ինքնապաշտպանական բնազդից է: Բայց դե մարդն էլ հակված չէ դիտմամբ նստել կամ պառկել անկողնում տեղավորված կարիճի վրա: Մ. Մարջանյանը խորհուրդ տվեց տներից վերացնել զանազան միջատներին՝ այս զեռունը մեզ այցելում է հենց միջատներ գտնելու եւ ուտելու նպատակով: Դրա միջոցները շատ են: Հատկապես անհրաժեշտ է դեղերով լավ մշակել տան անցքերը, պատուհանագոգերն ու դռան շեմը: Շտապօգնության ծառայությունից մեզ տեղեկացրին, որ 2004 թվականին կարիճի խայթոցի 49 դեպք է գրանցվել, այս տարի՝ դեռեւս 32: Բժիշկների օգնությունը հիմնականում ավարտվում է հակաալերգիկ դեղամիջոց ներարկելով: Իսկ կարիճի հակաթույնի մասին պատկերացում անգամ չունեն, որովհետեւ նման միջոց Հայաստանում չկա: Ընդհանրապես, կարիճի դեմ պայքարող կազմակերպություն գոյություն չունի եւ ուսումնասիրություն էլ չի տարվում, թե ի՞նչը կազդի նրա վրա: Տեսե՞լ ես՝ ինքդ էլ սպանիր, խայթե՞լ է՝ զանգիր 1-03: Մեզ պատմեցին դեպքեր, երբ բնակարան են վաճառել կարիճի պատճառով՝ խնամքով թաքցնելով գաղտնիքը, որ «տան գինը չընկնի»: Անտարբերության մատնված խայթոցից նաեւ մարդիկ են մահացել, հատկապես՝ երեխաներ: Ինչպես արդեն ասվեց, տան մեջ կամ շենքում կարիճի գոյությունը նաեւ լուրջ սթրեսների աղբյուր է: Ինչպե՞ս չանհանգստանաս, երբ պահարանից հանած շորն անգամ պետք է ուշի-ուշով տնտղես՝ նոր հագնես: Իսկ վախից առաջացած սթրեսների հետեւանքները անբուժելի են: Դրանից է առաջանում, օրինակ՝ շաքարային դիաբետը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել