Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները

Նոյեմբեր 04,2005 00:00

Կուսակցությունները խոչընդոտելու են հայրենադարձությանը «Չմտածված երկքաղաքացիության» գործընթացի դեմ Հայրենադարձության հիմնավորման «Երկիր միության» խորհրդի նախագահ Սեւակ Արծրունին երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ հայրենադարձության մասին օրենքի նախագծի կապակցությամբ իրենց ծրագրային դրույթներն են ուղարկել Ազգային ժողով: «Հայրենադարձության մասին» օրենք ունեն Հունաստանը, Իսրայելը, Լեհաստանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ է օրենքը կոչվելու այդպես եւ ոչ «Երկքաղաքացիության մասին»՝ ինչպես մինչ օրս լսել ենք, նա ասաց, որ դրանով մի անգամ եւս շեշտվում է, որ կա հայրենիք եւ հայրենիքի կյանքին մասնակցելու խնդիր: Հայրենադարձությունը, ըստ զրուցակցիս, երկու ուղղությամբ է ընթանալու. սփյուռքահայը գալով հայրենիք՝ փրկվելու է հայությունը կորցնելու վտանգից, եւ երկրորդ՝ հայրենիքն ընդունելու է հայրենադարձին: «Մենք շեշտը դնելու ենք որակյալ հայրենադարձության վրա, որն այսօր ինքնաբերաբար ընթանում է: Այսօր Սփյուռքի մասնագիտացված մի խավ Հայաստանի հետ շփվում է ինքնաբուխ եւ նրան ինքնահոսի թողնելը սխալ է. պետք է օրենք, որը կտա արտոնություններ»,- հավելեց Ս. Արծրունին: Կազմակերպության նախագահի կարծիքով, դրա առաջին նախապայմանը Հայաստանում ապրելն է, մասնակցելը տնտեսական կյանքին, ծառայելը ազգային բանակում: Ըստ պարոն Արծրունու, հայրենադարձին տրվելու են տարբեր կարգավիճակներ: Նրանք, ովքեր գալու են ապրելու, իրենց սեփական ունեցվածքը այստեղ բերելով չեն մաքսվելու, կլինեն հայրենադարձներ, ովքեր մասնագետներ են եւ ապրելու են հայրենիքում մի քանի ամիս: «Երկիր միության» նախագահի կարծիքով, եթե հայը Սփյուռքում վատ է ապրում, Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպություններն են ֆինանսավորելու եւ կազմակերպելու նրա վերաբնակեցումը: Այսինքն՝ ակնարկել, թե սփյուռքահային բերելու համար Հայաստանը իր բյուջեից գումար կկորցնի, ըստ նրա՝ աբսուրդ է: Ս. Արծրունին նկատեց նաեւ, որ «երկքաղաքացիության սխալ գործնականացումը կսպանի Սփյուռք-Հայաստան համագործակցության վերջին հնարավորությունը»: Սփյուռքի նկատմամբ Հայաստանի հայացքը, ըստ մեր զրուցակցի, եղել է աղավաղված, քանզի մենք տեսել ենք կուսակցական սփյուռք՝ իր կազմակերպություններով: Ս. Արծրունու դիտարկմամբ՝ հենց այս կազմակերպությունները կհակառակվեն հայրենադարձության գործընթացներին, քանի որ իրենցից խլվելու է Սփյուռքի մոնոպոլացումը: Պարոն Արծրունու կարծիքով, հայրենադարձության նպատակը ամենեւին էլ Սփյուռքը դատարկելը չէ, այլ «հայրենիքի պրոֆեսիոնալացումը»: Նա տեղեկացրեց, որ բազմաթիվ մասնագետներ կան՝ շինարարներ, ուսուցիչներ, բժիշկներ, որոնք ապակուսակցական են եւ կարիք ունեն գալ հայրենիքում աշխատելու: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել