Լրահոս
Օրվա լրահոսը

Անտերության

Փետրվար 15,2006 00:00

Անտերության են մատնել Շենգավիթի նախկին հանրակացարանի շենքում հակահիգիենիկ վիճակ է Նոր Նորքի հանրակացարանի 5-րդ մասնաշենքը աճուրդի հանելու կառավարության որոշումը վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց, եւ կառավարությունն այժմ ժամկետ է դրել հանրակացարանի բնակիչների վրա, որ փակեն «Հայէլցանցերին» ունեցած 42 մլն դրամ պարտքը եւ շենքը սեփականաշնորհեն: Տարիներ առաջ նման իրավիճակում էին հայտնվել նաեւ Շենգավիթի հանրակացարանի բնակիչները, որոնք կարողացան սեփականաշնորհել շենքը: Բայց միայն սեփականության վկայականով հանրակացարանը չվերածվեց սովորական բնակելի շենքի. համատիրության ու թաղապետարանի գոյության մասին բնակիչները բացարձակապես տեղյակ չեն: Եթե մյուս բնակելիներում մուտքի դռներ ու փականներ են տեղադրվում, վերանորոգվում եւ այլն, ապա նախկին հանրակացարանում անգամ աղբահանությունն են մոռանում: Այնտեղ ապրելու համար բնակիչները չունեն նույնիսկ տարրական կենցաղային պայմաններ: 3-4 անձից կազմված ընտանիքներն ապրում են 16 քմ տարածք ունեցող 1 սենյականոցներում: Յուրաքանչյուր հարկի համար զուգարաններն ընդհանուր են, ինչը շենքում խիստ հակասանիտարական վիճակ է ստեղծում: Խորհրդային տարիներից մաշված ու հնացած կոյուղու խողովակներն այժմ շարքից դուրս են եկել եւ ամեն տարի ձմռանը, անկախ եղանակի «մեղմությունից», դրանք պայթում են, կեղտաջրերն էլ լցվում հենց մուտքում՝ գարշահոտությամբ ողողելով ամբողջ շենքը: Բնակիչների հավաստիացմամբ՝ «չնայած մենք բարեխղճորեն կատարում ենք բոլոր վճարումները, բայց աղբատարները շենք գալիս են լավագույն դեպքում 2-3 շաբաթը մեկ անգամ, երբ աղբն արդեն բարձրացած է լինում 2-րդ հարկ»: Տեսնելով, որ թաղապետարանն իրենց շենքը հաշվի չի առնում, համատիրությունն իրենց հարցերով չի հետաքրքրվում, բնակիչները ստեղծված խնդիրներին յուրովի «լուծում» են տալիս, ասենք՝ աղբը թափում են չգործող վերելակի մեջ: Արդյունքում՝ վերելակի դռները աղբի ճնշմանը չդիմանալով՝ կոտրվել են, իսկ բնակիչների տեղադրած «ժեշտե» դռներն էլ ցանկացած պահի կարող են տեղի տալ եւ կուտակված աղբը թափել անցորդների վրա: Ձմռանը նախկին հանրակացարանի այս շենք մտնել-ելնելը մեծ վտանգ է ներկայացնում. աստիճանները պատված են ձյան ու սառույցի հաստ շերտով: Պատճառն այն է, որ շենքի դրսի ամբողջ պատը եղել է ապակե, իսկ ապակիների մի մասը կոտրվել է, մյուսներն էլ թալանվել: Գողությունն այս շենքի համար սովորական բան է, քանի որ մուտքը դուռ չունենալու պատճառով միշտ բաց է նույնիսկ թափառական շների համար, որոնք բարձրանում են մինչեւ 5-րդ հարկ: Բնակիչների խոսքերով՝ «մի բան շշկռվես-թողնես դրսում՝ էլ տերը չես»: Հանրակացարանում ապրողները բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին, բայց ոչ մի արձագանք չեն ստացել: Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել