Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԿԻ ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆԻՆ ՏԵՐ ԵՆ, ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ՝ ՈՉ

Ապրիլ 04,2006 00:00

Մարտի
31-ին «Արմավիայի» սեփականատեր Միքայել Բաղդասարովն իր նոր բերած «Ա-319» օդանավի
շնորհանդես էր կազմակերպել, իսկ ապրիլի 1-ին պատասխանել էր լրագրողների հարցերին՝
առանց խաբելու: Նախ՝ «Արմավիայի» մասին. ընկերությունը շարունակում է վնասով
աշխատել, հատկապես «վնասակար» են եվրոպական չվերթները, այդ երկրներում պետությունն
աջակցում է ավիաընկերություններին, իսկ մեր պետությունը չի մտածում, որ երկրի վարկանիշը
մեծապես պայմանավորված է այդտեղից ժամանած ինքնաթիռի մոդելով: Եվ «Արմավիայի» օլիգարխ
սեփականատերը ստիպված է վնասով աշխատելով հանդերձ՝ մտածել նորագույն օդանավերի ձեռքբերման
խնդրով: Երկու ամիս անց մի «Ա-319»-ն էլ կունենանք: Այդպիսի մի օդանավ վերջերս առաջարկում
էր «Միջազգային ավիաուղիների» տնօրեն Վերսանդ Հակոբյանը: «Առավոտի» հարցին, թե ինչո՞վ
ավարտվեցին նրա հետ համագործակցելու բանակցությունները, պարոն Բաղդասարովը պատասխանեց.
«Մենք ուզում էինք վարձակալել նրա ինքնաթիռը, բայց նա այնպիսի թիվ ուզեց, որ հրաժարվեցինք:
Մեկ ժամվա թռիչքի համար մյուսների համեմատ 100 դոլար ավելի էր ուզում, այն էլ՝ տասը
տարվա մաշվածության իր «Էյրբասի» համար»: «Արմավիայի» մյուս խնդիրը բարձրակարգ
օդաչուներին իր մոտ պահելն է՝ ցածր աշխատավարձի պատճառով նրանք հեռանում են ընկերությունից:
«Աստիճանաբար կբարձրացնենք նրանց աշխատավարձը եւ մեկ տարվա ընթացքում կդարձնենք 3,5
հազար դոլար»,- տեղեկացրեց գործարարը: Վաղուց լուրեր են պտտվում, թե Մ. Բաղդասարովը
«Արմավիան» մտադիր է վաճառել, եւ հավանական գնորդն էլ Գագիկ Ծառուկյանն է: «Առավոտը»
խնդրեց սեփականատիրոջը՝ մեկնաբանել այդ լուրերը: «Վաճառել կարող եմ եւ ամեն ինչ՝
ցեմենտի գործարանը, բանկը, այս ընկերությունը նույնպես, եւ դրանց համար գնորդ էլ
կա: Բայց կվաճառեմ այն ժամանակ, երբ դրանք լավ վիճակում լինեն: Այ, երբ «Արմավիան»
դառնա ծաղկուն բիզնես՝ ես այդ մասին կմտածեմ»: «Առավոտի» հաջորդ հարցը կապված
էր նախկին Պետխնայբանկի «քցված» ավանդատուների հետ: Պարոն Բաղդասարովն այժմ «Հայխնայբանկի»
բաժնետոմսերի 30 տոկոսի սեփականատերն է, եւ բանկի «խաղերի» մեջ գլխավոր եղանակ ստեղծողը:
Այս բանկը ուղիղ գծով նախորդի իրավահաջորդը չէ, բայց կրում է նույն անունը, եւ ամենագլխավորը՝
իր մասին գովազդն սկսում է «80 տարի բանկային շուկայում» արտահայտությամբ ու դեռ
խոսում «վստահության» մասին: Հենց այս հանգամանքները հաշվի առնելով, ինչո՞ւ «Հայխնայբանկը»
գոնե սիմվոլիկ մասնակցություն չի դրսեւորում ավանդների փոխհատուցման հարցում, թեկուզ
եւ՝ բանկի վարկանիշի համար: «Առավոտի» այս հարցին պարոն Բաղդասարովը պատասխանեց.
«Պարտքը պետությանն է, ոչ թե բանկինը, պետությունն էլ պետք է վճարի: Մեզ մոտ մնացել
են ավանդների հիմքերը, եւ մեր մասնակցությունը վճարման գործընթացին՝ կլինի օպերատորի
կարգավիճակը»: Իսկ ինչպե՞ս է Մ. Բաղդասարովը նայում վճարման համար սահմանած կառավարության
թալանչիական կարգին՝ մարդիկ իրենց երեխաների համար գումար խնայեցին, իսկ այսօր մահացածների
զավակներն իրավունք չունեն ստանալու կուտակածը: «Հայխնայբանկի» բաժնետերն այս հարցին
անտարբեր էր. «Թող պետությունը ժառանգներին էլ հատկացներ, միգուցե երբ հարստանա՝
կվերանայի՞ որոշումը»: Հարցին, թե ո՞ւմ կաջակցի առաջիկա ընտրություններին,
հատկապես, որ դա էլ սեփականությունը պաշտպանելու մի ձեւ է, Մ. Բաղդասարովը թափանցիկ
պատասխան տվեց. «Նրան, որ կնպաստի երկրի տնտեսության եւ սպորտի զարգացմանը»: Այսինքն,
կարելի է հասկանալ՝ գործարար եւ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գ. Ծառուկյանի՞ն: Պարզվեց՝
ոչ. «Ես նրան չեմ բացառում, բայց նա միակը չէ, ով զարգացնում է սպորտը»: Ակներեւաբար
խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանին, որն, ի դեպ, ներկա էր ուրբաթ երեկոյան կազմակերպված
շնորհանդեսին: Հարեւան երկրներում գազի գինը կդառնա $110, իսկ մեզ մոտ թանկացումն
աննկատ կլինի՝ այս հանգամանքը Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատեր Միքայել Բաղդասարովին
ուրախացնում է, որովհետեւ «Վրաստանում ցեմենտը կթանկանա, մենք էլ ինչքան արտադրենք՝
այնքան կծախվի»: Բայց դա չի նշանակում, որ մեր ցեմենտն էժան կլինի Վրաստանում արտադրվածից:
Վրաստանում ցեմենտի պահանջարկը մեծ է՝ մինչ օրս մեր արտադրանքն այնտեղ իրացվել է
այնքան, որքան Հայաստանում՝ տարեկան 350 հազար տոննա: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել