Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ

Ապրիլ 06,2006 00:00

ՆԱԵՎ ՄԻ «ՄԵՐՍԵԴԵՍ»՝ ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻՉԻՆ ԳԱԱ նախագահության երեկվա նիստում քննարկվեցին ակադեմիկոս Անրի Ներսիսյանի կողմից ԳԱԱ նախագահությանն ու նախագահին ուղղված մեղադրանքների ուսումնասիրման արդյունքները: Ինքը՝ Անրի Ներսիսյանը նիստին չէր ներկայացել, եւ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանին խնդրել էր բազմացնել եւ նախագահության անդամներին բաժանել իր հատուկ կարծիքը հանձնաժողովի աշխատանքների մասին: Նախագահության անդամների մեծ մասը եւ մասնավորապես ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն ըմբոստացան այս առիթով. «Երկու տարուց ավելի նա վարկաբեկում է ակադեմիան եւ ինչ ասում է, նրա ասածով շարժվում եք, թող բարի լիներ՝ ներկայանար…Ֆադեյ Սարգսյանը չհիմնավորված ներողամիտ է»: Իսկ Էդ. Ղազարյանը հայտարարեց, թե Ա. Ներսիսյանը խախտել է պայմանավորվածությունը, ըստ որի՝ պետք է իր հատուկ կարծիքը ներկայացներ հանձնաժողովի եզրակացությունից հետո, սակայն մինչ այդ մամուլի ասուլիս է հրավիրել ու իր հատուկ կարծիքը հայտնել: Ասենք, որ պրն Ներսիսյանն իր հերթին ասուլիսի ժամանակ հայտնեց պայմանավորվածության մասին եւ լրագրողներին ծանոթացրեց իր մեղադրանքների բովանդակությանը միայն՝ առանց ներկայացնելու իր հատուկ կարծիքը: Երեկ Ա. Ներսիսյանի հատուկ կարծիքը չընթերցվեց, ավելի ուշ մեզ հաջողվեց մանրամասնություններ իմանալ այդ փաստաթղթից, որոնցից ներկայացնենք մեկը: Չարաշահումների մասին, ի թիվս այլ մեղադրանքների, Ա. Ներսիսյանը ներկայացրել էր եւս մեկը, ըստ որի՝ ԳԱԱ-ին ՀՀ կառավարությունը «Մերսեդես» մակնիշի մեքենա է հատկացրել, որը Ֆադեյ Տաճատիչը վերցրել է իրեն՝ վճարելով շուկայականից անհամեմատ ցածր գին: «Արդյոք այդպես չէ՞»՝ հարցնում է Ա. Ներսիսյանն այդ փաստաթղթում: Հարցի պատասխանը թերեւս այդպես էլ չհնչի, քանի որ Ֆադեյ Սարգսյանը երեկ հրամայեց՝ այլեւս այս թեմաներով քննարկումներ չկազմակերպել եւ չանդրադառնալ ոչ մի հարցի. «Ուզում եք վարկաբեկեք՝ նոր գնա՞մ, տարբեր երկրներից զանգում, ինձ ասում են, որ պետական հեռուստատեսությամբ ինձ վարկաբեկել են: Ես սովոր եմ օրենքով, կանոնադրությամբ աշխատել: Ճիշտ է, թույլ եմ տվել, որ ակադեմիայի շենքեր վաճառվեն, բայց ես վաճառելու իրավունք չունեմ, կա հիմնադիր…»,- բղավում էր ԳԱԱ նախագահը՝ նախ շեշտելով, որ շենքեր չեն վաճառվել, ապա՝ որ դա անում է կառավարությունը, եւ ինքն այդտեղ ոչ մի կապ չունի: Ֆադեյ Սարգսյանի՝ հրաժարական տալու տրամադրությունները երեկ ակտիվորեն կանխում էր նրա համակիրների մեծ բանակը: Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը նույնիսկ նրան հանդիմանեց՝ «Չհամարձակվեք հրաժարական տալ», եւ խոստացավ հրապարակում միտինգ անել, եթե հանկարծ շեֆը հրաժարական տա. «Ֆադեյ Սարգսյանի անունը ոսկե տառերով պետք է գրել պատմության էջերում եւ այլն…»: Անրի Ներսիսյանին անձնական վիրավորանք հասցնելու հարցում ջանք ու եռանդ չէին խնայում նախագահության իրավաբան Յուրի Ղազարյանը, հանձնաժողովի նախագահ Յուրի Չիլինգարյանը: Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը՝ իր հերթին հարցեր հղեց հանձնաժողովի անդամներին: Մասնավորապես այն մասին, թե արդյոք ճիշտ չէ՞ Ա. Ներսիսյանի մեղադրանքը, թե այսօր ԳԱԱ-ն ստանում է նույնիսկ վախճանված անդամների պատվավճարները: Հանձնաժողովի անդամ, ԳԱԱ հաշվապահ Հռիփսիմե Հարությունյանը, երկար ժամանակ փորձելով խուսանավել, վերջապես ասաց, որ դա այդպես է եւ կառավարությունն է թույլ տվել ստանալ այդ գումարները, որոնք, ըստ հաշվապահի, ծախսվում են ինստիտուտների որոշակի պարտքեր մարելու համար, իսկ ըստ Ներսիսյանի, այդ գումարներով նախագահությունը 13-րդ աշխատավարձ է ստանում: Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը հայտարարեց, որ իր գործունեության 12 տարիներին Ֆադեյ Սարգսյանը մթության մեջ է գործել ու նրա մութ գործարքներից նախագահությունը ոչ մի անգամ տեղյակ չի եղել: Նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կանոնադրությամբ բյուրո կոչվածը միայն խորհրդատվական կառույց կարող է համարվել եւ իրավունք չունի ֆինանսական գործունեություն ծավալելու, որոշումներ կայացնելու: Ֆադեյ Սարգսյանն ու համակիրները պնդում էին, որ բյուրոն եղել է դեռ Վիկտոր Համբարձումյանի օրոք, սակայն այդ վերջին փաստը ամենեւին թույլ չէր տալիս ապացուցել, որ իսկապես այդ բյուրոն իրավունք ունի կամայական ֆինանսական գործարքներ իրականացնել: Հանձնաժողովի նախագահ Յու. Չիլինգարյանն ընդունում է, որ բյուրոյի գործունեությունն օրինական չէ. «Ճիշտ կլիներ, որ օրինականացվեր բյուրոյի ստեղծումը»: Եվ սա միակ սխալը չէ, որ նա խոստովանում է: Հանձնաժողովի եզրակացության համաձայն, արձանագրված է, որ իսկապես կանոնադրական խախտումներ ակադեմիայում կան: Նախ՝ որ արդեն 6 տարի իսկական եւ թղթակից անդամների ընտրություն չի եղել (այն պետք է լինի ոչ ուշ, քան 3 տարին մեկ) եւ որ ընդհանուր ժողովները տարին 2 անգամ չեն գումարվում: Հանձնաժողովն այստեղ եզրակացրել է, որ նման թերություններ գրանցվել են անցյալ դարի 50-ական թվականներից: Երեկվա նիստում համոզվեցինք, որ 50-ականներից հետո ակադեմիայում շատ բան չի փոխվել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել