Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրկության դեմ

Ապրիլ 08,2006 00:00

ԵԽ երրորդ գագաթաժողովի շրջանակներում (2005թ. մայիս, Վարշավա)
Հայաստանը միացավ «Մարդկային էակների առեւտրի դեմ պայքարի» կոնվենցիային։ Այս
համատեքստում է նաեւ սեքսուալ շահագործման նպատակով կանանց առեւտրի կանխարգելումը։
Կա՞ արդյոք մարդու իրավունքների ավելի լուրջ խախտում, քան մարդու վաճառքն
է: Թրաֆիքինգը (սպիտակ ստրկություն) տեսականորեն մի մեծ բիզնես է, որի ապրանքը մարդն
է, իսկ հասույթը՝ գումար եւ զոհեր։ Ըստ վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր տարի
միլիոնից ավելի մարդիկ դառնում են թրաֆիքինգի զոհ եւ նրանց 80%-ը կանայք են։ Հայաստանում
կանանց վաճառքը սեքսուալ շահագործման նպատակով համեմատաբար նոր երեւույթ է։ 90-ականների
տնտեսական ճգնաժամի, գործազրկության արդյունքում սկսած միգրացիոն հոսքը հող էր անօրինական
ճամփորդական ծառայությունների ձեւավորման համար (կեղծ ճամփորդական փաստաթղթերի տրամադրում,
սահմանանցում, արտասահմանում աշխատանքի տեղավորման ծառայություն եւ այլն), որոնց
միջոցով էլ իրականացվում էր կանանց վաճառքը։ Այս երեւույթի դրդապատճառներից
մեկն էլ այսօր գործազրկությունն է: Վիճակագրական տեղեկությունների համաձայն՝ թրաֆիքինգի
կազմակերպիչների տարեկան հասույթը կազմում է 9.5 միլիարդ դոլար։ Վերջիններս, որպես
ժամանման կետ, ընտրում են հիմնականում այն երկրները, որոնք չունեն էքստրադիցիայի
պայմանագիր ելքի երկրի հետ եւ որտեղ բացահայտվելու եւ ձերբակալվելու վտանգն ավելի
քիչ է։ Հայ կանանց հիմնականում վաճառում են Արաբական Միացյալ էմիրություններում,
Թուրքիայում, Ռուսաստանում եւ Հունաստանում։ Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝
անցած տասն ամսվա ընթացքում թրաֆիքինգի ճանապարհով ԱՄԷ-ում հայտնվել է 200 հայ կին։
2005թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան վերադառնալու հայցով Էմիրությունների հայկական
դեսպանատուն է դիմել 10 կին, 2004-ին՝ 60։ ԱԳՆ համոզմամբ, հակաթրաֆիքինգյան
պայքարում շատ կարեւոր է ստեղծել գործակցության ցանց։ Եվ ոչ միայն տեղական կառույցների,
այլ նաեւ «արտաքին աշխարհի» հետ։ Նախարարությունը խնդրո առարկայի առումով գործակցում
է նախկին ԽՍՀՄ երկրների հետ։ Իսկ կառավարությանը քաղաքական մակարդակով աջակցում է
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը։ Համագործակցությունը՝ համագործակցություն, բայց
եթե առաջիկայում խնդրո առարկայի առումով առաջընթաց չլինի, Հայաստանը կարող է հայտնվել
թրաֆիքինգի դեմ չպայքարող երկրների շարքում, ինչը նախատեսում է տնտեսական սանկցիա՝
տնտեսական ծրագրերի, մարդասիրական օգնությունների կրճատում։ ՄԱՆԵ
ՄԱՆԱՍՅԱՆ ԵՊՀ ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել