Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Ապրիլ 08,2006 00:00

Ծանրամարտի
ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո Սամվել Խաչատրյանը սիրով համաձայնեց առաջինը
պատասխանել «Առավոտի» հարցերին: – Ներկայացնելով ձեզ՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ
Ծառուկյանը նշեց, որ դուք ծանրամարտում նոր մարդ չեք, մարզաձեւը գիտեք խորքից: –
Այո: Ես ժամանակին զբաղվել եմ ծանրամարտով: Մարզվել եմ վաստակավոր մարզիչ Ֆելիքս
Ալիեւի մոտ: Հանդես եմ եկել մինչեւ 100 կգ քաշային կարգում: Այնպես որ, իրոք, ծանրամարտը
գիտեմ, ինչպես ասում են՝ ներսից: – Ինչո՞ւ համաձայնեցիք ստանձնել ֆեդերացիայի
նախագահի ծանր պարտականությունը: – Պատճառները մի քանիսն են: Սկսեմ նրանից,
որ ծանրամարտը միշտ էլ եղել է Հայաստանի առաջատար մարզաձեւերից մեկը: Բոլոր ժամանակներում
հայ ծանրորդները բարձր են պահել մեր երկրի պատիվը: Սկսած 1937 թվականից, Հայաստանի
ծանրորդները օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնություններում
ընդհանուր առմամբ նվաճել են 647 մեդալ: Սա Հայաստանի նման փոքր երկրի համար պատկառելի
ցուցանիշ է, այն էլ ծանրամարտի պես դժվար մարզաձեւում: Վերջին տարիներին միջազգային
ասպարեզներում մեր ձեռքբերումները որոշ չափով նվազել էին: Չնայած, պիտի ասեմ, որ
ֆեդերացիայի նախկին նախագահ Շահեն Հովասափյանը, թեեւ պետական աշխատանքում լինելով
շատ ծանրաբեռնված, կարճ ժամանակում մեծ գործ կատարեց մարզաձեւի հիմքերը կրկին ամրապնդելու
ուղղությամբ: Հենց դրա համար էլ նրան ընտրեցին ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Ինչ
վերաբերում է ինձ, ճիշտ է, վաղուց արդեն գործող մարզիկ չեմ, բայց շարունակում եմ
սիրել իմ մարզաձեւը, մտահոգվել ծանրամարտի ներկայիս վիճակով ու ապագայով: Ցանկանում
եմ, որպեսզի վերադառնա ծանրամարտի 80-ականների համբավը: – Համաձայնեք, որ
դա չափազանց դժվար է ու տքնաջան աշխատանք է պահանջելու: – Գիտակցում եմ, թե
ինչ բեռ եմ վերցնում ուսերիս: Բայց այդ գործում մենակ չեմ: Ինձ պատրաստ են աջակցել
թե Հայաստանի, թե դրսի ընկերներս: Բայց մինչեւ դրա ժամանակը գա, տեղում շատ բաներ
պետք է կարգավորել: Առաջինը, որ պետության եւ օլիմպիական կոմիտեի՝ ծանրամարտին հատկացվող
գումարները, որոնք քիչ չեն, բայց նաեւ այսօրվա պահանջների համեմատ շատ էլ չեն, ծախսվեն
խիստ նպատակային: Իմ պահանջն է, որպեսզի բոլոր աշխատանքները, սկսած մարզադպրոցներից,
վերջացրած պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներով, ուսումնամարզական
հավաքներով ու մրցումներին մասնակցությունով, ընթանան պլանավորված ու ծառայեն մեկ
նպատակի՝ վերադարձնել ծանրամարտի Հայաստանի դպրոցի հեղինակությունը: Մենք
բնատուր ուժեղ ու տաղանդավոր պատանիներ ունենք հատկապես մարզերում, հեռավոր շրջաններում:
Նրանց չի կարելի անտեսել: Պետք է մարզաձեւի աշխարհագրությունն ընդլայնել: Դրա համար
պատրաստվում եմ շրջել ամենուր: – Այդ ամենը միայնակ անել հնարավո՞ր է: –
Ինչո՞ւ միայնակ: Ֆեդերացիայի մարզչական խորհուրդ կա: Մոտ օրերս նիստ եմ հրավիրելու:
Կընտրենք տեղակալներ, յուրաքանչյուրը պատասխանատվության կոնկրետ ոլորտ կունենա: Այդ
խորհրդի աշխատանքն է հարկավոր ակտիվացնել, առանց որի ոչինչ չի ստացվի: – Մարզիչների
աշխատանքից գո՞հ եք: – Գրեթե բոլորին լավ ճանաչում եմ: Մեծ մասն իմ հասակակիցն
է: Որակյալ մարզիչների պակաս, կարծում եմ, չունենք: Բայց պիտի ավելի նպատակային աշխատեն:
– Ծանրամարտում դոպինգային սկանդալները, այլ մարզաձեւերի հետ համեմատած, շատ
են լինում: Մերոնք էլ, ցավոք, դրանցից ժամանակին անմասն չեն եղել: Ի՞նչ եք մտածում
այդ խնդրի մասին: – Ես կտրականապես դեմ եմ դոպինգին: Ուզում եմ՝ մարզիչներն
էլ, մարզիկներն էլ իմանան, որ դոպինգ օգտագործողների հանդեպ անզիջում եմ լինելու:
Այդպիսիները խաղում են երկրի հեղինակության հետ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել