Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն

Ապրիլ 08,2006 00:00

ԵՊՀ-ն մեկուսացված է իր ռեկտորի ընտրություններից ԵՊՀ ռեկտորի ընտրակարգը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին Ներկայումս ԵՊՀ-ն կանգնած է երկու խոշոր չլուծված պրոբլեմի առջեւ, առանց որոնց լուծման՝ դժվար է պատկերացնել ԵՊՀ-ի զարգացման հեռանկարը եւ նրա տարածաշրջանային (միջազգային) ճանաչված գիտակրթական կենտրոն դառնալը: Առաջինը նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի խնդիրն է, որի միջին տարիքը վաղուց գերազանցում է 50-ի սահմանը, իսկ երկրորդը՝ գիտության զարգացման խնդիրը, առանց որի ԵՊՀ-ի միջազգային ճանաչման մասին խոսք լինել չի կարող: Այժմ Մայր բուհում միջազգային ճանաչում ունեցող դասախոսներին կարելի է հաշվել մատների վրա, եւ նրանց թիվը արագ նվազում է: Միակ պատճառը ցածր աշխատավարձերն են, որի համար վերջիններս կամ լքում են Մայր բուհը, կամ ստիպված աշխատում են մի քանի բուհում եւ այդ դեպքում գիտությամբ ակտիվ զբաղվելու մասին խոսք լինել չի կարող: ԵՊՀ-ում այժմ պրոֆեսորը ստանում է մոտ $200, իսկ մեր շնորհալի ուսանողները Հայաստանում գտնվող եվրոպական եւ ամերիկյան ֆիրմաներում ստանում են մոտ $500, շրջանավարտները մոտ $1000: Որեւէ հույս չկապելով ԵՊՀ-ի հետ, տաղանդավոր ուսանողների եւ շրջանավարտների մի ստվար զանգվածը արդյունքում թողնում է նաեւ հայրենիքը: Օրինակ, ԵՊՀ-ի հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի տասնյակից ավելի օժտված շրջանավարտներ այժմ հաջողությամբ աշխատում են եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում (Լիլիա Բուդաղյանը՝ Իտալիայում, Մարինե Կյուրեղյանը՝ Գերմանիայում, Վարդգես Մելքոնյանը՝ ԱՄՆ-ում եւ այլն): Նշենք նաեւ, որ համալսարանի պրոֆեսորները արտասահմանյան ասպիրանտների ղեկավարման համար որեւէ հավելավճար չեն ստանում, չնայած՝ արտասահմանյան ասպիրանտները տարեկան համալսարանին են մուծում $1500-ին համարժեք դրամ: Եթե հաշվի առնենք նաեւ հանրապետությունում սկսված գնաճի մրցավազքը, ապա ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին եզրահանգումը դառնում է ակներեւ. ԵՊՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը պետք է սկսվի $1000-ից, իսկ դոցենտի աշխատավարձը՝ գոնե պետք է հավասարվի ԱԺ պատգամավորների աշխատավարձին: Երիտասարդությունը ԵՊՀ-ում ցանկանում է տեսնել նաեւ ակտիվ ժողովրդավարական գործընթացներ: Այն նույնիսկ խախտված է ռեկտորի ընտրության կանոնակարգում, որի համաձայն՝ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը մեկուսացված է իր ռեկտորի ընտրությունից: Օրինակ, շատ ավելի բնական կլիներ, որ գոնե ռեկտորի թեկնածուների ծրագրերը նախ քննարկվեին եւ քվեարկվեին ԵՊՀ-ի գիտական խորհրդում կամ նրա ընդլայնված նիստում: ԵՊՀ-ում ընթացող ակտիվ ժողովրդավարական գործընթացների դեպքում միայն կարելի է պահանջել նմանատիպ գործընթացների զարգացում, ինչի հենքի վրա կարելի է զարգացնել նաեւ ակտիվ միջազգային գործընթացներ, որի կարիքը այսօր խիստ զգացվում է ԵՊՀ-ում: Չմոռանանք, որ ԵՊՀ-ն պատասխանատվություն է կրում նաեւ հանրապետությունում ընթացող գիտական եւ կրթական բոլոր գործընթացների համար: Մինչդեռ, օրինակ, վերջերս գիտության եւ կրթության նախարարության կողմից հաստատված դպրոցական ծրագրերից անտեղյակ են ինչպես ԵՊՀ-ի մաթեմատիկայի, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները, այնպես էլ համապատասխան մասնագիտական ամբիոնները: Երկրորդ եւ երրորդ եզրահանգումներս եւս դառնում են ակնհայտ. Պահանջվում են արմատական քայլեր կրթության եւ գիտության բոլոր ոլորտներում: ՀՀ կառավարությունը, ստանձնելով ԵՊՀ-ի կառավարման խորհրդի ձեւավորման իրավունքը, պատասխանատվություն է կրում նրա զարգացման եւ այն տարածաշրջանային (միջազգային) խոշոր գիտակրթական կենտրոն դարձնելու համար: ՅՈՒՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ պրոֆեսոր, ԵՊՀ հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել