Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԶԴԱՆԻ

Ապրիլ 13,2006 00:00

ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-ԻՆ ՊԱՐՍԻԿՆԵՐԸ ՄՈՏԵՑԵԼ ԷԻՆ Բայց ստանալ չէր հաջողվել Հայաստանյան փորձագետների համոզմամբ, «Գազպրոմը» ՀՀ-ին վաճառվող գազի սակագինը 56-ից մինչեւ 110 դոլարի հասցնելու մտադրության մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ տեւական բանակցություններից հետո Իրան-Հայաստան գազատարի շինարարության եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի արդիականացման ծրագրի մրցույթներից երկուսում էլ Հայաստանի կառավարությունը գերապատվությունը տվել էր պարսկական «ՄԱՌ» եւ «Սանիր» ընկերություններին։ Ընդ որում, միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կիսակառույցը ավարտին հասցնելու նպատակով պարսկական ընկերությունը պատրաստվում էր ծախսել 150 միլիոն դոլար։ Եթե Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կառուցվեր եւ պարսկական ընկերության սեփականությունը դառնար, այն կաշխատեր իրանական համեմատաբար էժան գազով, եւ արտադրած հոսանքը նույնպես ավելի էժան կլիներ, քան ՌԱՕ ԵԷՍ-ի սեփականությունը համարվող նույն ՋԷԿ-ի մյուս էներգաբլոկների արտադրած հոսանքը։ Սակայն իրադարձությունները միանգամայն այլ զարգացումներ էին ստացել, որի արդյունքում այսօր արդեն հստակ է, որ Ռուսաստանն է ոչ միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի, այլեւ Իրան-Հայաստան գազամուղի սեփականատերը: Իսկ այս ամենի հիմքը, ըստ մեր աղբյուրների, դրվել էր դեռեւս անցյալ տարվա մարտին, երբ մեկօրյա աշխատանքային այցով Երեւան էր ժամանել ՌԴ նախագահ Պուտինը: Դեռ այն ժամանակ հայտարարություններ եղան, որ Պուտինը Հայաստանում է հայ-իրանական գազատարի կառուցման ծրագրերն արգելելու համար, որովհետեւ նույն ժամանակահատվածում եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներն իրենց իրանցի գործընկերոջ հետ Իրանի միջուկային ծրագրերի քննարկման համատեքստում քննարկում էին նաեւ իրանական գազը Հայաստանով Եվրոպա հասցնելու հնարավորության հարցը: Գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստան էր այցելել նաեւ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին, ով եւս հետաքրքրված էր այս ծրագրի հնարավոր կենսագործմամբ, որի դեպքում Հայաստանով անցնող տարանցիկ գազամուղի առաջին հանգրվանը լինելու էր Վրաստանը, ապա՝ Ուկրաինան ու, ի վերջո, Եվրոպան: Հենց այդ պատճառով գազամուղի թեման դարձել էր ոչ թե Հայաստան-Իրան, այլ՝ Հայաստան-Իրան-Ռուսաստան քննարկման առարկա: ՌԴ-ն, իհարկե, չէր կարող թույլ տալ իրեն կորցնել ոչ միայն Վրաստանին, այլեւ Հայաստանին գազ մատակարարելու իր մենաշնորհը: Սա նրա աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից կենսական խնդիր է: ՌԴ-ին այն ժամանակ հաջողվել էր կանխել իրանական գազի տարանցիկության ծրագրերը: Ամենահետաքրքիրը, սակայն, դեռեւս 2005թ. նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանի պաշտոնական այցն էր Իրան: Այց, որը տարօրինակորեն երկար էր տեւել՝ շուրջ մեկ շաբաթ: Պարզվում է, որ այդ այցն այնքան էլ հարթ չէր անցել: Բանն այն է, որ, ըստ իրանական որոշ աղբյուրների, հիշյալ այցի ժամանակ իրանական կողմը Ա. Թումանյանին ՀՀ էներգետիկայի ոլորտում համագործակցության առաջարկությունների մի ողջ փաթեթ էր առաջարկել, որը վերաբերել էր ոչ միայն Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը, այլեւ Հրազդանի ՊՇԷԿ-ի ձեռքբերմանն ու շահագործմանը: Բացի այդ, իրանական կողմը պատրաստակամություն էր հայտնել նաեւ ՀՀ-ում կառուցել նոր ԲԷՑ, հիդրոկայան՝ Մեղրիում՝ Արաքսի վրա, որտեղ առաջարկվել էր հավասար համամասնությամբ ներդրումներ անել: Իրանական կողմը մտադրություն էր հայտնել նաեւ այդ համագործակցության շրջանակներում կառուցել նաեւ գազատարի՝ Քաջարան-Արարատյան դաշտավայր երկրորդ՝ 197 կմ հատվածը: Ի դեպ, իրանական աղբյուրների մատուցմամբ, այդ ամենի դիմաց Իրանն ակնկալում էր միայն էլեկտրաէներգիա ստանալ՝ փոխարենը ներդնելով շուրջ 250 մլն դոլար: Թեհրանում Ա. Թումանյանին ասել էին, թե իրենք պատրաստ են ստորագրել այդ համաձայնագիրը, եթե հայկական կողմն իր համաձայնությունը տա, եւ հորդորել էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին կապվել ՀՀ իշխանությունների հետ: Մեր աղբյուրների ասելով, երբ Ա. Թումանյանը այս ամենը փոխանցել էր Ռոբերտ Քոչարյանին ու ներկայացրել իրավիճակը, ՀՀ նախագահը, կոպիտ ասած, հանձնարարել էր՝ «ցրել»: Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկին մոտ եկող չի եղել: Ի դեպ, մեր տեղեկություններով, Ա. Թումանյանի եւ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպման նախօրեին, տեղեկանալով, որ Ա. Թումանյանը իրանական առաջարկի վերաբերյալ դեռեւս պատասխան չունի, ԻԻՀ նախագահը նրան չէր ընդունել եւ հանդիպումը հետաձգել էր եւս 2 օրով՝ ՀՀ իշխանություններին մտածելու ժամանակ տալու համար: ՀՀ իշխանություններն էլ երկար մտածեցին ու օրերս որոշեցին Իրանը փոխարինել Ռուսաստանով, որովհետեւ իրենք ոչ թե Իրանի, այլ Ռուսաստանի ֆորպոստն են: Իրանական գազն էլ այլեւս ոչ թե այլընտրանք կլինի ռուսական գազին, այլ՝ եւս մեկ լծակ նույն «Գազպրոմի» ձեռքում: Իսկ վերջինս ցանկացած պահին կարող է փակել իրանական գազի «ծորակը» ու ստիպել իրանական գազը գնել ավելի թանկ գնով, քան ռուսականն է, կամ ստիպել նախընտրել հյուսիսից եկող երկնագույն վառելիքը: Իսկ 2006թ. հունվարի 23-ին ՀՀ նախագահի մամլո քարտուղարը ի պատասխան ռուսական «Կոմերսանտ» թերթի այն տեղեկատվության, թե՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ընդունել է վերջնագիրն ու պատրաստ է Ռուսաստանին տալ Իրան-Հայաստան կառուցվող գազամուղի բաժնետոմսերի 45 տոկոսը», հայտարարել էր. «Դա չի համապատասխանում իրականությանն ու իրականության հետ որեւէ առնչություն չունի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել