Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ

Ապրիլ 27,2006 00:00

ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Արամ Կարապետյանը շարունակում է բողոքել Երեքշաբթի «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պաշտոնական նամակներ է ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Իրանի, Մեծ Բրիտանիայի դեսպանություններին, ԵԱՀԿ ներկայացուցչությանը, ուր ներկայացրել է ապրիլի 21-ին իր հետ պատահած միջադեպը: Արամ Կարապետյանից նամակներ են ստացել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը եւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ԱԱԾ զինված եւ դիմակավոր 12 ծառայող փողոցում հարձակվել էին Արամ Կարապետյանի եւ նրան ուղեկցող մեքենաների վրա եւ բոլորին, բացի Արամ Կարապետյանից, տարել ԱԱԾ: Գործողությունը ուղեկցվել է ուժով, տուժել են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահին ուղեկցող անձանցից չորսը, մեկ մեքենա վնասվել է: Արամ Կարապետյանը կատարվածը որակում է քաղաքական պատվերի արդյունք, քաղաքական բանդիտիզմ: Դիվանագետներին հասցեագրված նամակում Արամ Կարապետյանը ներկայացնելով տեղի ունեցածը, ուշադրություն է հրավիրում «քաղաքական բանդիտիզմի զուտ հայկական դրսեւորման վրա եւ վրդովված քաղաքական գործընթացներում ուժային կառույցների ավելի ու ավելի բիրտ միջամտությունից, ակնկալում համարժեք գնահատական ժողովրդավարության հետ որեւէ առնչություն չունեցող նմանատիպ գործողություններին»: Նամակին կցված է նաեւ ԱԱԾ օպերացիայից հետո մարդկանց եւ մեքենայի վիճակները պատկերող լազերային սկավառակը: Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին եւ ՀՀՌ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին Արամ Կարապետյանը առաջարկում է իրեն տրամադրել օպերացիայի տեսագրությունը (ինչպես տեղեկացրել ենք՝ օպերացիան նկարահանվել է չորս տեսախցիկով-խմբ.), այն հրապարակելու համար: Հանրային հեռուստաընկերությունը դեպքի երեկոյան խոստացել էր կատարվածի մասին տեսանյութ ցուցադրել, սակայն չի ցուցադրել: ՀՀ գլխավոր դատախազը ստիպված կլինի կտրվել ծառատունկից: Աղվան Հովսեփյանը Արամ Կարապետյանից առաջարկ է ստացել. «Քրեական գործ հարուցել այս քաղաքական բանդիտիզմի կազմակերպիչների դեմ»: ՆԺ ղեկավարը վստահ է, որ ամեն ինչ արվել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, նրա տեղակալ Հրաչիկ Հարությունյանի հրամանով եւ ԱԱԾ ահաբեկչության դեմ պայքարի եւ սահմանադրական կարգի պահպանման գլխավոր վարչության պետ Նանյանի ու սահմանադրական կարգի պահպանման վարչության պետ Եպիսկոպոսյանի մասնակցությամբ: Արամ Կարապետյանը տեղեկություններ ունի, որ գործողության երկրորդ փուլը կուսակցության գրասենյակի վրա նմանատիպ «քաղաքական բանդիտիզմը» պիտի լիներ: Սակայն Գորիկ Հակոբյանը փոշմանել է: Ի դեպ, բացի սկավառակից, Արամ Կարապետյանը մտադիր է եղել իր նամակներին կցել նաեւ տուժածների վիճակի մասին դատաբժշկի եզրակացությունը: Սակայն ոչ Էրեբունու դատախազությունը (դեպքը տեղի է ունեցել Էրեբունի համայնքում), ոչ քաղաքային, ոչ էլ գլխավոր դատախազությունները դատաբժշկի ուղեգիր չեն տվել: «Առանց որեւէ պատճառաբանության: Սա բեսպրեդել է»,- կարծում է Արամ Կարապետյանը: ԱԱԾ այն հայտարարությունը, թե ոմանք դիմադրություն են ցույց տվել՝ սուտ է: «Ոչ ոք դիմադրություն ցույց չի տվել՝ իմ կարգադրությամբ: Որովհետեւ կարող էր շատ մեծ դեպքեր լինեին: 300-ից ավելի մարդ էր հավաքված դեպքի վայրում, իսկ նրանք՝ ԱԱԾ-ականները, հաստատ կկրակեին»: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել