Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Ապրիլ 28,2006 00:00

Իսկ
երկրի անվտանգության հարցերը քննարկվում են սաունաներո՞ւմ Գործող սահմանադրության
55-րդ հոդվածի վեցերորդ կետում նշված է, որ նախագահը կազմավորում է Ազգային անվտանգության
խորհուրդ եւ նախագահում այն, կարող է կազմավորել նաեւ խորհրդակցական այլ մարմիններ:
Իրականում Ազգային անվտանգության խորհուրդը 1999 թ. վերջերից չի հրավիրել ոչ մի նիստ
եւ, ըստ էության, արդեն յոթ տարի անգործության մեջ է: Ստացվում է, որ ՀՀ-ում չի գործում
սահմանադրական ինստիտուտներից մեկը, ընդ որում՝ բավականին կարեւոր ինստիտուտ, որում
պետք է քննարկվեին երկրի համար կարեւորագույն հարցերը, այնպես, ինչպես դա արվում
է, ասենք, Միացյալ Նահանգներում կամ եվրոպական երկրներում, թեկուզ հենց Ռուսաստանում:
Հարց է առաջանում. իսկ որտե՞ղ են քննարկվում երկրի համար կարեւորագույն խնդիրները,
եթե, իհարկե, դրանք քննարկվում են: Իսկ եթե չեն քննարկվում եւ միանձնյա որոշումներ
են կայացվում, ուրեմն, չի՞ ստացվում, որ մենք այսօր ապրում ենք ավտորիտար երկրում,
քանի որ հենց այդ կարգի երկրներում են որոշումները կայացվում մեկ անձի կողմից: ԱԺ
պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը, ի դեպ, «Անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի
հեղինակն է՝ Վահան Հովհաննիսյանի եւ Վարդան Բոստանջյանի հետ (օրենքն առաջին ընթերցմամբ
ընդունվել է 2001-ի նոյեմբերին, բայց այդպես էլ շարունակություն չի ունեցել), մեզ
հետ զրույցում հայտնեց իր մտադրությունը օրենքի ամբողջությամբ ընդունումն արագացնելու
մասին: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, անվտանգության խորհրդում պետք է ներկայացված լինեն
նաեւ խորհրդարանի խումբ-խմբակցությունների ղեկավարները, այն պետք է ապահովի պետական
միասնական քաղաքականություն եւ մի շարք այլ առաքելություններ. «Ժամանակին մեր կողմից
ներկայացված օրինագծին դրական գնահատական է տվել կառավարությունը, արվել են առաջարկություններ,
որոնք մենք ընդունել ենք, եւ գտնում ենք, որ օրենքի ամբողջությամբ ընդունումը պարզապես
կարեւոր խնդիր է»: Օրինագիծը արդեն տարիներ շարունակ ԱԺ մեծ օրակարգում է, բայց գտնվում
է մշտական հետաձգումների մեջ: Տարիներ շարունակ պատճառաբանվում էր, որ օրենքին
կարելի է անդրադառնալ սահմանադրական փոփոխություններից հետո, հիմա, որպես հեղինակներից
մեկը՝ Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է հարցը թարմացնել: Իր այս մտադրությունը Վիկտոր
Դալլաքյանը մեկնաբանեց այսպես. «Ես ուզում եմ հարց տալ՝ երկրի համար կարեւորագույն
նշանակություն ունեցող հարցերը որտե՞ղ են քննարկվում, սաունաներո՞ւմ, կազինոներո՞ւմ,
թե՞ ազգային անվտանգության խորհրդում պետք է քննարկվեն»: Պարոն Դալլաքյանի այս հարցապնդմանը
ի պատասխան, մենք նկատեցինք՝ գուցե հարցերը քննարկվում են կոալիցիայի խորհրդի նիստո՞ւմ:
Պատասխանը սա էր. «Կոալիցիայի խորհուրդը ոչ սահմանադրական կառույց է, եւ նորմալ օրենքի
ընդունումից հետո այս կարգի բոլոր հարցերը կկարգավորվեն օրենքով, եւ կոալիցիան ներկայացնող
կուսակցությունների ղեկավարները, ըստ մեր նախագծի, անպայման ընդգրկված կլինեն անվտանգության
խորհրդում»: Վիկտոր Դալլաքյանը նաեւ օրինակներ ներկայացրեց. «Ասենք՝ գազի
գների, Հրազդանի ՋԷԿ-ի եւ Իրան-Հայաստան գազային հարաբերությունների հարցերը որտե՞ղ
են քննարկվել: Իմ համոզմամբ, դրանք պարտադիր պետք է քննարկված լինեին անվտանգության
խորհրդում, նորից եմ կրկնում, որին պետք է անդամակցեն նաեւ խորհրդարանի խումբ-խմբակցությունների
ղեկավարները»: Պարոն Դալլաքյանը այլ առաջարկ եւս ունի, որը, իր համոզմամբ,
բավականին կփոխի երկրի քաղաքական մթնոլորտը. «Կարծում եմ, անվտանգության խորհրդի
անդամ պետք է լինեն նաեւ տվյալ երկրի նախկին նախագահները, ովքեր իրենց նախագահական
ժամկետի ընթացքում որոշակի գիտելիքներ եւ փորձ են կուտակել եւ այդ գիտելիքներն ու
փորձը կծառայեցնեն ի նպաստ իրենց հայրենիքի: Ես հույս ունեմ՝ ամեն ինչ դեռ կորած
չէ եւ շատ շուտով Հայաստանն այնքան քաղաքակիրթ երկիր կդառնա, որ գործող նախագահները
նախկին նախագահներին այս կամ այն կարեւորագույն առաքելությամբ որպես իրենց ներկայացուցիչ
ուղարկեն այլ երկրներ: Բայց դրան հասնելու համար առաջին հերթին պետք է, որ երկրում
օրինական ընտրություններ անցկացվեն եւ ձեւավորվի ավանդույթ, երբ ընտրված նախագահին
կշնորհավորեն նրա մրցակիցները»,- անհուն լավատեսությամբ եզրափակեց Վիկտոր Դալլաքյանը:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել