Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երգիչը՝ Էկվադորյան մշակույթում

Մայիս 04,2006 00:00

Կարճ
ժամանակով հայրենիքում էր Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի
մեներգիչ, կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի դասախոս Ալեքսանդր Թամազովը: «Առավոտը»
քանիցս ներկայացրել է արտերկրում ապրող ու ստեղծագործող հայաստանցի արվեստագետներին,
որոնք չկտրելով կապը հայրենիքի հետ, ժամանակ առ ժամանակ այցելում են ու նաեւ հյուրախաղերով
հանդես գալիս երեւանյան բեմերում: Դեռ մեկ տարի առաջ երգչին հանդիպում էինք
Երեւանի օպերային թատրոնում: Նրա անսպասելի «անհետանալը» մասնագետները տարբեր կերպ
էին մեկնաբանում: Հանդիպելով նրան, խնդրեցինք պարզաբանել իր «անհետացման» առիթը եւ
տեղեկացնել գործունեության մասին: «2005թ. գարնանը Էկվադորի Կուենկա քաղաքի
մշակույթի համալսարանի ռեկտոր Խայմե Ռոմերոյի հրավերով մեկնեցի այնտեղ, ուր համալսարանի
պատմության ընթացքում առաջին անգամ հիմնադրվեց վոկալ բաժին եւ ինձ վստահվեց ղեկավարել
միակ դասարանը, որտեղ արդեն սովորում է 15 երիտասարդ»,- ասաց Ա. Թամազովը: Նրանից
տեղեկացանք նաեւ, որ հիշյալ համալսարանի մշակույթի բաժնի դիրեկտորն է երաժշտագետ
Ռուբեն Տերտերյանը, դասավանդում են դիրիժոր Զավեն Վարդանյանը եւ դաշնակահար Սուսաննա
Խաչատրյանը: Իսկ իր «անհետացման» մասին երգիչը նշեց միայն, որ ամեն ինչ շատ արագ
կատարվեց. «Ի վերջո, ես չեմ գնացել այնտեղ մինչեւ խոր ծերություն ապրելու: Ոչ միայն
ես, այլեւ այնտեղ աշխատող իմ հայ կոլեգաները վաղ թե ուշ կվերադառնանք: Համոզված եմ,
ինչպես Էկվադորում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում գտնվող հայաստանցի արվեստագետները
ռացիոնալ են օգտագործում ժամանակը՝ ծանոթացնելով եւ պրոպագանդելով հայ երաժշտությունը:
Ի դեպ, էկվադորցիներին մոտ է մեր երաժշտությունը՝ իր ռիթմով ու տեմպերամենտով: Լսելով
այն, նրանք կատակում են՝ հետաքրքիր է, դո՞ւք՝ մեզնից, թե՞ մենք ենք ձեզնից վերցրել»:
Ա. Թամազովը նշեց, որ Կուենկա քաղաքում թեեւ կան շքեղ համերգասրահներ, սակայն քաղաքի
ղեկավարությունը ձեռնամուխ է եղել տեղի օպերային թատրոնի շենքի կառուցմանը: Հետաքրքրությանը՝
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 19-րդ դարի վերջերից գործում է հայտնի «Սուկրե» ազգային
թատրոնը, որտեղ ներկայացվում են բեմադրություններ, այդ թվում՝ օպերային: Ինչ է, Կիտոյում
է՞լ չկա օպերային երգիչներ պատրաստող հաստատություն, Ա. Թամազովը պատասխանեց. «Կիտոյում
ի սկզբանե բալետային եւ օպերային ներկայացումների համար հրավիրված են եղել աշխարհի
տարբեր թատրոնների բեմադրիչներ ու մենակատարներ: Օպերային արվեստի գծով «Սուկրեում»
այսօր էլ կան հրավիրված մասնագետներ, որոնք պայմանագրով աշխատում են թատրոնում՝ օպերային
երգիչներ պատրաստելու համար: Թատրոնը նաեւ ինձ հետ կնքեց պայմանագիր»: Նա նշեց, որ
ինքը բեմ է բարձրացել հիշյալ թատրոնում՝ Օրֆֆիի «Կարինա Բուրանա» կանտատում: Ընդ
որում, դա համերգային կատարում չէր, այն բեմադրված է միայն Կիտոյում եւ Գերմանիայում:
«Մեկ ամսից հանդես կգամ նաեւ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում՝ Զառաստրոյի դերերգով,
իսկ Կուենկայում՝ Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերայում»,- տեղեկացրեց Ա. Թամազովը:
Մեր ոչ կոռեկտ հարցին, թե ինչքան է վարձատրվում երգիչը մենահամերգների, օպերային
դերերգերի ու մանկավարժական գործունեության համար, Ա. Թամազովը զգուշավոր պատասխան
տվեց. «Եթե մի քանի օր Երեւանում անցկացնելու համար ես կարող եմ ինձ թույլ տալ կտրել-անցնել
օվկիանոսը, ուրեմն…»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել