Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ

Մայիս 04,2006 00:00

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՂԵՏ ՍՈՉԻՈՒՄ Ինքնաթիռի վթարից զոհվել է 63 տղամարդ, 36 կին եւ 6 երեխա: Պատճառներն առայժմ անհայտ են: Երեկ «Արմավիա» ընկերությունը A320 օդանավի վթարի վերաբերյալ ոչ մի պաշտոնական պարզաբանում չէր տվել: … Ռուսաստանյան աղբյուրների համաձայն, իրադարձությունները զարգանում էին հետեւյալ կերպ: Մինչեւ Մոսկվայի ժամանակով 2:15-ը, երբ ինքնաթիռն անհետացավ ռադարներից, ռուսաստանյան դիսպետչերները հայտնեցին A320-ի օդաչուներին, որ Ադլերի օդանավակայանի թիվ 1 թռիչքուղում, որտեղ պիտի վայրէջք կատարեր ինքնաթիռը, տեսողականությունն անբավարար է, ուստի օդանավը պետք է ծովի վրա եւս մի շրջան կատարի եւ մոտենա թիվ 2 թռիչքուղուն: Այնուհետեւ ինքնաթիռը կտրուկ շրջադարձ կատարեց եւ անհետացավ ռադարներից: 2:35-ին տագնապ հայտարարվեց, եւ ծով դուրս եկան փրկարար մոտորանավակներ: Դրանցից մեկը 4:05-ին հայտնաբերեց ինքնաթիռի բեկորները՝ ափից 5,7 կիլոմետր տարածության վրա: Վարկածներից մեկի համաձայն, օդանավին չհերիքեց արագությունը՝ շրջադարձից դուրս գալու համար: Ի դեպ, մասնագետները նշում են, որ ինքնաթիռը տեսական հնարավորություն ուներ վայրէջք կատարել ջրի վրա: Մեկ այլ վարկածի համաձայն, ուժեղ քամու պատճառով օդաչուները կարող էին մի քանի վայրկյան կորցնել օդանավի ղեկավարումը: Բացի անբարենպաստ եղանակից, կոնկրետ ո՞ւմ սխալի պատճառով տեղի ունեցավ ողբերգությունը՝ ոչ ոք վերջնական կարծիք չի հայտնում: Հիշեցնենք, որ աղետի պատճառները ուսումնասիրող Հայաստանի կառավարական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գտնվում է Սոչիում: Ըստ «Ռեգնումի», թե Թբիլիսիի, թե Բաթումի օդանավակայանները պատրաստ էին ընդունել A320 օդանավը, սակայն մեր օդաչուներ Գրիգոր Գրիգորյանն ու Արման Դավթյանը չեն դիմել նման խնդրանքով: «Վրացաերոնավիգացիա» ՍՊԸ-ի ղեկավար Գեորգի Քարբելաշվիլին նշում է, որ Վրաստանի օդային տարածքը լքելիս ինքնաթիռի անձնակազմը հայտնում էր, որ վառելանյութ ունի 2,5 ժամվա: Քարբելաշվիլին տարակուսանք հայտնեց ինքնաթիռի երթուղու վերաբերյալ: «Նա հասավ Սեւ ծով, հետո շրջվեց հասավ Քութայիսի, այնուհետեւ հետ գնաց: Դա անհասկանալի է: Մենք, իհարկե, նրան հնարավորություն տվեցինք թռիչքի ուղղությունը փոխելու: Բայց սկզբունքորեն նա չպիտի վերջին անգամ շրջվեր»,- նշում է վրացի մասնագետը: Նրա խոսքերով, մեր օդաչուն զգուշացված էր Սոչիի անբարենպաստ եղանակային պայմանների մասին, եւ հենց դրա հիման վրա էլ նա առաջին անգամ հետ շրջվեց: Սակայն դրանից հետո ռուսաստանյան դիսպետչերները հայտնեցին, որ եղանակը փոխվել է, եւ նա շրջվեց եւ նորից գնաց Սոչիի ուղղությամբ: Քարբելաշվիլին, սակայն, հրաժարվեց մեկնաբանել ռուսաստանյան դիսպետչերների գործողությունները: Երեկ «Արմավիան» զոհվածների հարազատների առաջին խմբին վթարի վայր տեղափոխելիս սահմանափակում չի դրել, եւ ով ցանկացել է՝ մեկնել է: Ավելի ուշ մյուս մասին տեղափոխելիս հայտարարել է, որ չեն կարող ինքնաթիռը ծանրաբեռնել եւ բոլորին տեղափոխել։ Կոմերցիոն գծով տնօրեն Արա Մարուքյանի խոսքերով. «Հայկական մենթալիտետի համաձայն՝ զոհվածի բոլոր հարազատները գալիս են ու ուզում են մեկնել, սակայն այս պահին ավելի կարեւոր է, որ հարազատներից գոնե մեկը մեկնի, որպեսզի դիակը ճանաչի»: 120 տեղանոց ինքնաթիռով ժամը 18-անց 15-ի չվերթով «Զվարթնոց» օդանավակայանից Սոչի է մեկնել հարազատների մյուս խումբը: Զոհվածների 20 հարազատ էլ ժամը 19-ին դեռ սպասում էր մեկնելու եւ ավելի ուշ՝ երեկոյան նրանց հաջողվեց մեկնել Սոչի: Մեկնող հարազատների ցուցակները պարբերաբար ճշտվում էին, քանի որ ցուցակում նշվում էր, որ այսինչ զոհվածի հարազատն արդեն մեկնել է, սակայն, ինչպես հետո պարզվում էր, այդ անվան տակ մեկ այլ մարդ էր մեկնել: Ըստ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Սոչիում զոհվածների բոլոր հարազատներին տեղավորել են հյուրանոցներում եւ ապահովել սննդով: Իսկ Հայաստանից մեկնած պատվիրակությունը մասնակցում է դիակների որոնողական աշխատանքներին: «Զվարթնոց» օդանավակայանում ողջ օրվա ընթացքում զոհվածների հարազատների համար աշխատում էին բժիշկներ, բուժքույրեր ու հոգեբաններ, քանի որ հարազատների ինքնազգացողությունը չսնվելու հետեւանքով պարբերաբար վատանում էր, մարդիկ ուշագնաց էին լինում: Զոհվածներից մեկի՝ Էլեն Փանոյանի հարազատները օդանավակայանում «Առավոտի» հետ զրույցում վրդովված պատմում էին, որ իրականում Էլենի չվերթը մայիսի 1-ին էր, սակայն «Արմավիան» ինչ-ինչ պատճառներով թռիչքը հետաձգել էր մայիսի 3-ին: Է. Փանոյանը 20 տարի է՝ ինչ ապրում էր Սոչիում եւ հարազատներին տեսնելու նպատակով էր Հայաստան եկել: «Արմավիայից» երեկ հայտնեցին, որ չվերթերը շարունակվելու են՝ ինչպես որ չվացուցակով նախատեսված է, եւ դեպքի պատճառով ոչ մի չվերթ չի հետաձգվելու, «եթե ուղեւորները չփոշմանեն եւ տոմսերը հետ չտան»: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը երեկոյան էլ շարունակում էր պնդել, որ թռիչքից առաջ «Արմավիայի» ինքնաթիռը տեխզննում անցել է, տեխնիկապես բարվոք վիճակում է եղել եւ միայն անբարենպաստ եղանակն է եղել վթարի պատճառը. «Ինքնաթիռն օդային փոսի մեջ է ընկել»: Երեկ մեկ այլ չվերթով Սոչիից Երեւան ժամանած ուղեւորների խոսքերով, Սոչիում ավելի շատ շրջանառվում է ինքնաթիռում վառելիքի պակասի վարկածը: Ընդ որում, Սոչիից եկածների կարծիքները խիստ իրարամերժ են: Իրարամերժ են նաեւ եղանակի առումով: Մեկը վստահեցնում է, թե պայծառ եղանակ էր եւ ոչ մի մառախուղ էլ չի եղել, մեկ այլ ուղեւոր էլ պնդում էր, որ մառախլապատ եղանակ է եղել: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ Վթարին վերաբերող այլ նյութեր կարդացեք Զոհվածների ցուցակը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել